Ռուսաստանն իր միջուկային զինանոցին կավելացնի նորագույն հրթիռներ. Պուտին

Ելույթ ունենալով «Բանակ-2015» ռազմատեխնիկական ֆորումում՝ Պուտինը նշել է, որ միջուկային զինանոցն ավելացնելու են միջմայրցամաքային նոր հրթիռներով, որոնք ունակ են «հաղթահարել ցանկացած հակահրթիռային պաշտպանության նույնիսկ տեխնիկապես ամենազարգացած համակարգերը»,- հաղորդում է BBC-ն:
Նրա հայտարարությունը հնչեց այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն առաջարկեց մեծացնել իր ռազմական ներկայությունը ՆԱՏՕ-ի երկրներում Արեւելյան Եվրոպայում: Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի հարաբերություններում լարվածությունն աճում է ուկրաինական հակամարտությունում Մոսկվայի դերի պատճառով:
Դաշինքի երկրներն ու արեւմտյան առաջնորդները մեղադրում են Ռուսաստանին Դոնբասում ինքնահռչակ հանրապետություններին աջակցելու, զինվորականներ եւ ծանր սպառազինություն, այդ թվում տանկեր ու հրթիռներ ուղարկելու համար:
Ռուսաստանցի փորձագետները համաձայն են, որ Պուտինի հայտարարությունը մեծ անակնկալ չէր: Նրանց խոսքերով՝ խոսքը գնում է Ռուսաստանի միջուկային զինանոցում նախատեսվող հրթիռների պլանային փոխարինման մասին: Լայնորեն տարածված կարծիքն այն մասին, որ ռուսաստանյան միջուկային պոտենցիալը հնացած է, փորձագետներն անվանել են իրականությանը չհամապատասխանող:
ՌԴ իշխանություններն ավելի վաղ զգուշացրել էին, որ Մոսկվան կարձագանքի Արեւելյան Եվրոպայում ծանր սպառազինություն տեղակայելու նախագծին, այդ թվում մերձբալթյան երկրներում: «Այնպիսի տպավորություն է, որ ՆԱՏՕ-ի երկրների մեր գործընկերները մղում են մեզ սպառազինության մրցավազքի»,- ՌԻԱ Նովոստի գործակալությանն ասել է ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Անատոլի Անտոնովը:
Ռազմական փորձագետ Ալեքսանդր Գոլցը կարծում է, որ Պուտինի հայտարարությունը նախատեսված էր առաջին հերթին արտաքին, արեւմտյան լսարանի համար:
«Ակնհայտ է, որ Ռուսաստանը եւ Արեւմուտքն արագորեն շարժվում են դեպի նոր սառը պատերազմի իրավիճակի: Բայց պետք է հաշիվ տաք ինքներդ ձեզ, որ Ռուսաստանը Խորհրդային Միության ռեսուրսներին չի տիրապետում»,- հավելել է փորձագետը: «Ծերացող բնակչություն, դաշնակիցների բացակայություն եւ այլն: Այնպես որ, նրան մի բան է մնում. միջուկային զենք»:
Մեծ մասամբ Արեւմուտքին անհանգստացնում է այն, որ իր հռետորաբանության մեջ Մոսկվան կրկին անդրադառնում է միջուկային ուժերին, այլ ոչ թե սովորական սպառազինությանը:
Աղբյուր՝ BBC
Թարգմ.՝ Տիգրան Գասաբյան