Նորություններ

Սիրիահայ երեք ընտանիք արդեն բնակվում է Արցախում՝ Քաշաթաղի շրջանում

Կինոռեժիսոր Արշակ Զաքարյանը յուրօրինակ նախաձեռնությամբ է հանդես եկել: Նա բանակցում եւ օգնում է, որպեսզի սիրիահայ ընտանիքները տեղափոխվեն եւ բնակություն հաստատեն Արցախի ազատագրված տարածքներում: Բացի այդ, հանդես է գալիս միջնորդությամբ, որ ամերիկահայ ընտանիքներն օժանդակեն Արցախ տեղափոխված սիրիահայերին՝ ժամանակավոր թոշակ տրամադրելով նրանց, մինչեւ ընտանիքները կարողանան հաստատվել Արցախում:

Կինոռեժիսորը ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց, որ առայժմ սիրիահայ երեք ընտանիք է տեղափոխվել Արցախ, նրանք հիմա արդեն բնակվում են Քաշաթաղում:

«Երեք ընտանիքներից երկուսին որդեգրել է մի ուրիշ հայ ընտանիք, որ ԱՄՆ-ում է: Ամեն ամիս ամսական մեկ տարի անընդմեջ նրանց գումար է փոխանցվելու՝ ուղիղ առանց միջնորդի: Սա կօգնի, որ սիրիահայ ընտանիքները կարողանան շտկել իրենց մեջքը, արմատներ գցեն ու կարողանան ինքնուրույն ապրել:

Քաշաթաղում երեք ընտանիքին էլ առանց ձգձգելու տուն են տվել: Ճիշտ է, ավարտուն տեսքի չեն տները, շարունակվում է շինարարությունը, բայց կավարտվի: Հող են տվել, ամեն ինչով ապահովել են Արցախի իշխանությունները: Իսկ հացի հարցը հոգում է ամերիկահայ ընտանիքը»:

Արշակ Զաքարյան
Արշակ Զաքարյան

Արշակ Զաքարյանը բոլորովին պատահական է սկսել նախաձեռնությունը, բայց ասում է, որ շարունակելու է, որ նոր ընտանիքներ Սիրիայից գան եւ հաստատվեն Արցախում:

«Սիրիահայ մի երիտասարդի հետ շատ պատահականորեն ծանոթացա ֆեյսբուքով: Դիպուկահար էր, պարզվեց՝ հայ է: Շփվում էինք իրար հետ անգլերենով: Մի տեսանյութ ունեի՝ տեղադրած Յութուբում, Քաշաթաղի շրջանի բերրի հողերի մասին: Առաջինն այն տղան էր՝ դիպուկահարը, որ ես խոսեցի հետը, ասացի՝ ինչու ես քո երկիրը, տունը-տեղը թողել ու գնում դիպուկահար ես աշխատում: Բացատրեցի, որ մենք խոսում ենք Արեւմտյան Հայաստանը ազատագրելու մասին, իսկ  այս ոսկու կտոր հողն ազատագրած է, բայց շենացնող չկա: Մեր մարդիկ զոհվում են մուսուլմանական երկրում, բայց հողը մնում է, թող գան լցվեն եւ շենացնեն: Նա ինձ հասկացավ ու ուղիղ 13 օր անց տոմս գնեց դեպի Հայաստան:

984288_854501674613466_5821052045791749744_n
Արթին Ալմաժյան

Իրա հետ միասին գնացի Արցախ: Քաշաթաղում իշխանություններն առանց ձգձգելու, շատ արագ նույն օրը տուն տվեցին՝ հողամասով, հսկա տարածքով, պարագաներ, սեղան, աթոռ, մահճակալ: Իսկ այսօր Արթինն արդեն ամուսնանում է: Վաղը չէ մյուս օրը գնում եմ հարսանիքի, Արցախի վերաբնակեցված հայի հետ է ամուսնանում, շատ ուրախալի լուր է, ոնց որ իմ երեխան ամուսնանա, նոր ընտանիք է ստեղծվում, արմատները կխորանա, կշատանա եւ կշենացնեն: այսինքն Արթին Ալմաժյանը հաստատվեց Արցախում»:

Երկրորդ ընտանիքը, ըստ Արշակ Զաքարյանի, լիբանանահայ ընտանիք է, նորաստեղծ ընտանիք է, որը դարձյալ հաստատվել է Քաշաթաղում.

«Ընտանիքի տղամարդն իմ հետ եկավ Արթինին օգնելու եւ ոգեւորվեց այդ ծրագրից, թե  հողն ափսոս է եւ պետք է շենացնել: Նա  որոշեց, որ իր նորածին երեխայով պիտի տեղափոխվի, նորից  գրանցեցինք Քաշաթաղում»:

Կինոռեժիսորը հիմա երրորդ ընտանիքի բնակեցման հարցերով է զբաղվում, ասում է, որ սիրիահայ էլի ընտանիքներ կան, որ այսօր էլ պատրաստ են բնակվել Արցախում, պարզապես պետք է բնակարանի եւ սկզբնական շրջանում ապրուստի խնդիրը լուծել:

«Ես հո «Արի տուն» ծրագիրը չեմ անում, պետք է կոնկրետ հարցեր լուծել, որ մարդիկ չգան ու չիմանան ինչ անել, բան չունեմ ասելու, հող, տուն տալիս են, բայց հողը չեն կարող ուտել, պետք է հացի խնդիր լուծել»,- ասում է  կինոռեժիսորը:

Արշակ Զաքարյանն ասաց նաեւ, որ ինքը կոնկրետ գործ է  անում ու շարունակելու է նույն ոգով.

«Անընդհատ բողոքելով ու դժգոհելով ոչինչ չի փոխվի: Թող քաղաքական գործիչներն ու ակտիվիստներն իրենց գործն անեն, իսկ ես իմ գործը կանեմ… Արցախի ազատագրված ոսկի հողերը պետք է շնչեն, հայ ընտանիքները պետք է գան ու շենացնեն»,- ասաց Արշակ Զաքարյանը:

Քրիստինա Մկրտչյան

Back to top button
Close