Միջազգային

«Boeing-ը խփվել է ուկրաինական «Բուկ» համակարգի հրթիռով». «Ալմազ-Անթեյ»

«Ալմազ-Անթեյ» կոնցեռնից, որը զենիթային «Բուկ» համակարգերի մշակողն է, պնդում են, որ մալազիական  Boeing-ը 2014թ.-ի հուլիսին Դոնեցկի մոտակայքում խփվել է «Բուկ-Մ1» համակարգի 9М38М1 հրթիռով,-տեղեկացնում է BBC-ին:

Կոնցեռնի գլխավոր նախագծողի խորհրդական Միխայիլ Մալիշեւսկին Մոսկվայում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ  «Ալմազ-Անթեյ»-ը չէր կարող որեւէ մեկին տրամադրել նման հին հրթիռ: Ըստ փորձագետների, «Բուկ-Մ1» համակարգը գործի է դրվել Ուկրաինայի տարածքից՝ Զարոշչենսկի շրջանից, որը գտնվել է ուկրաինական բանակի վերահսկողության ներքո:

Մալիշեւսկիի խոսքերով, հրթիռը պայթել է օդաչուի խցիկից 3-4 մետր հեռավորության վրա:

Դեռեւս անցյալ տարի ուկրաինացի ուժայինները, Ռուսաստանի կողմից հնչած մեղադրանքներին ի պատասխան, հայտարարեցին, որ աղետի պահին իրենք արդեն չէին վերահսկում Զարոշչենսկի շրջանը եւ այնտեղ ուկրաինական «Բուկ-Մ1» համակարգեր չեն եղել տեղակայված:

Աղբյուր՝ BBC

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Back to top button