Նորություններ

«Դա ուրիշ թեմա է». Խաչատրյանը՝ կոռուպցիոներներով կոռուպցիայի դեմ պայքարելու մասին

Սերժ Սարգսյանի` փետրվարի տասներկուսին ԲՀԿ արդեն նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններում հարկային ստուգումներ իրականացնելու եւ ըստ Սարգսյանի տարիներ շարունակ օդում առկախված լուրերի, այն է՝ հարկային պարտավորությունները թաքցնելու մասին հրահանգից անցել է չորս ամսից ավելի, սակայն հարկային մարմիններին այդպես էլ չի հաջողվում ստուգել այդ լուրերի իսկությունը: Ի՞նչ փուլում են գտնվում այդ ստուգումները, այսօր ԳԱԼԱ-ն հետաքրքրվեց ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանից:

Վերջինս հայտարարեց, որ ստուգումներն ընթացքի մեջ են, եւ երբ որ ավարտվի, իրենք կտեղեկացնեն: Մեր հաջորդ հարցին, թե ինչ փուլում է գտնվում հակակոռուպցիոն խորհրդի գործունեությունը, Գագիկ Խաչատրյանը խորհուրդ տվեց դիմել խորհրդի նախագահին: Նշենք, որ խորհրդի նախագահը վարչապետ Հովիկ Աբրահամյանն է: Խաչատրյանին փոխանցեցինք մի շարք հասարակական կազմակերպությունների եւ քաղաքացիների այն մտահոգությունները, որ հակակոռուպցիոն խորհրդին չեն վստահում եւ որ վստահ են, որ այն կազմով, որով ձեւավորվել է խորհուրդը, չի պայքարի կոռուպցիայի դեմ:

Ավելին, պարզ դարձավ, որ ՀՀ կառավարության հայտարարությունն անպատասխան է մնացել, եւ որեւէ ՀԿ չի արձագանքել, ոչ մի կազմակերպություն հայտ չի ներկայացրել՝ ընդգրկվելու հակակոռուպցիոն խորհուրդ:

Գ.Խաչատրյանն արձագանքեց. «Հասարակությունը միշտ էլ պետք է մտավախություն ունենա, եւ դա լավ է, որպեսզի հակակոռուպցիոն հանձնաժողովն ավելի լավ աշխատի»: Մեր դիտարկմանը, թե այդ կազմում ընդգրկվածներն, ըստ օդում առկախված լուրերի, համարվում են այս երկրի թիվ մեկ կոռուպցիոներները, ֆինանսների նախարարն ասաց. «Դա արդեն ուրիշ թեմա է»:

Անդրադառնալով այն փաստին, որ որոշ մեծահարուստներ սկսել են իրար հետեւից եկեղեցիներ կառուցել, Խաչատրյանը նշեց, թե «լավ են անում», եւ որ եկեղեցի կառուցելու մեջ վատ բան չկա: Մեր հաջորդ հարցին, թե գործարարներից շատերը դժգոհում են, որովհետեւ հարկայինը ճնշումներ է գործադրում, Խաչատրյանը պատասխանեց. «Փոքր ձեռնարկությունները մեկ տոկոսից ներքեւ շրջանառության հարկ են վճարում, այսինքն ինչ ճնշումների մասին է խոսքը: Այն մարդիկ, ովքեր որ գնում եւ զբաղեցնում են եւ շրջանառության հարկով աշխատողների տեղն են զբաղեցնում, իհարկե դրանց վրա պետք է ճնշումներ գործադրել եւ շատ կոշտ»:

Դիտարկմանը, թե այդ դեպքում ինչու են փակվում ՓՄՁ-ները, Խաչատրյանը նշեց, թե պետք է խորանալ ու հասկանալ, թե ինչու: Գագիկ Խաչատրյանը թողեց անպատասխան մեր այն հարցը, թե երբ է հարկայինը ստուգելու Սերժ Սարգսյանի եղբոր` Սաշիկ Սարգսյանի բիզնեսները: Հարցը լսելուց հետո Խաչատրյանը հայտարարեց՝ «առանց այն էլ շատ հարցեր տվեցիք», եւ հեռացավ:

 Փայլակ Ֆահրադյան

Ավելին
Back to top button