Այցելություն բռնապետ Ալիեւին. Tagesspiegel

Անցյալ շաբաթ գերմանացի խորհրդարանականների խումբը ժամանել էր Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու նախագահ Իլհամ Ալիեւին հանդիպելու: «Չնայած այն հանգամանքին, որ ամբողջ աշխարհում Ադրբեջանին քննադատում են այլախոհներին հետապնդելու համար (Ադրբեջանի բանտերում են ավելի քան հարյուր ընդդիմադիրներ, իրավապաշտպաններ եւ լրագրողներ), այցի ամբողջ ընթացքում պատգամավորները ոչ մի անգամ չեն շոշափել մարդու իրավունքների թեման»,- գրում է Tagesspiegel-ի լրագրող Կլաուդիա ֆոն Զալցենը:
«Ավելին, Ադրբեջանի ղեկավարությունը նույնիսկ իր դիրքորոշման աջակցություն է դիտարկել պատգամավորների այցը: Ադրբեջանի իշխանություններն, արձագանքելով քննադատությանն Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակին, միշտ պնդում են, որ Արեւմուտքը կիրառում է երկակի չափանիշներ եւ Ադրբեջանի մասին ավելի կոշտ է դատում, քան այլ երկրների: Այս անգամ էլ պատգամավորների հետ զրույցում պետության ղեկավարը նշել է, որ Ադրբեջանի հանդեպ Եվրոպական խաղերի նախօրեին կրկին «ցուցադրվում է անարդարություն»: Գերմանիայի Բունդեսթագի Հարավային Կովկասի բարեկամության խմբի նախագահ Կարին Շտրենցը պատասխանել է, որ իրեն նույնպես մտահոգում են երկակի չափանիշները»:
Հրատարակության հարցմանն ի պատասխան՝ Շտրենցը հաստատեց, որ ասել է նման արտահայտություն կատարած այցի ժամանակ: «Այսպիսով, Գերմանիայի ՔԴՄ կուսակցության պատգամավորն աջակցել է Ադրբեջանի ղեկավարության դիրքորոշմանը եւ անուղղակիորեն քննադատել է Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի լուսաբանումը»,- ասվում է հոդվածում:
Մինչդեռ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ընդհակառակը, Բեռլինում Ալիեւի հետ հանդիպման ժամանակ շատ հստակ հնչեցրել է քննադատություններ մարդու իրավունքների ոտնահարման դեպքերի կապակցությամբ: Մերկելը հիշեցրել է ադրբեջանցի հյուրին այն մասին, որ Ադրբեջանը, լինելով Եվրոպայի խորհրդի անդամ, պարտավոր է պահպանել մարդու իրավունքները եւ օրինապահ պետության սկզբունքները:
Ադրբեջանցի իրավապաշտպանների հետ հանդիպում, ինչպես հավելում է թերթը, նախատեսված չի եղել այցի ծրագրով, թեեւ պատվիրակության մասնակիցներից մեկն արտահայտել է նման խնդրանք: Սակայն «կանաչների» կուսակցության պատգամավոր Տաբեա Ռեսներն, այնուամենայնիվ, մասնավոր հանդիպում է ունեցել ադրբեջանական ՀԿ-ների ներկայացուցիչների հետ. նրանք բողոքել են մեծ թվով դժվարություններից, որոնց հետ իրենք բախվում են իրենց աշխատանքում:
Աղբյուր` Tagesspiegel
Թարգմ.` Տիգրան Գասաբյան