Նորություններ

ՀԱԿ-ը մտադիր է 44 պատգամավորի ստորագրությամբ ԱԺ-ում ձեւավորել էլեկտրաէներգիայի ժամանակավոր հանձնաժողով

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ուսումնասիրության է ընդունել էլեկտրաէներգիան թանկացնելու մասին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հայտը: Եթե հանձնաժողովը հաստատի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության առաջարկած սակագինը, ապա ցերեկային ժամերին էլեկտրաէներգիան կթանկանա 40.8 տոկոսով, իսկ գիշերը՝ 53.6 տոկոսով:

Հիշեցնենք, որ ավելի վաղ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հայտարարել էր, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը Հայաստանից կախված չէ: Զախարյանը նաեւ թանկացումը համարել էր հիմնավոր՝ հայտարարելով, որ թանկացման պատճառներից մեկն էլ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում վատ կառավարումն է ու գողությունը:

Այսօր ԱԺ ՀԱԿ խմբակցությունում հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ ՀԱԿ պատգամավորները ներկայացրին իրենց կուսակից տնտեսագետների ուսումնասիրությունները եւ հայտարարեցին, որ հիմքեր չկան էլեկտրաէներգիայի սակագինն այդչափ բարձրացնելու, ՀՀ քաղաքացիներին էլ անհնազանդության կոչ արեցին:

Խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հայտարարեց.

«Այս թանկացումն արվում է միայն ՀԷՑ-ում հանցավոր կուտակված պարտքը մարելու համար: Իշխանությունները որոշել են ոչ թե բացահայտեն այն չարաշահումները, որոնք կան, ոչ թե փորձեն հասկանալ, թե թալանն ինչպես է գնում, նրանք այդ թալանը պահպանում են, որովհետեւ միայն այդ թանկացման շնորհիվ հնարավոր կլինի մարել այդ պարտքերը»:

Սա էլ իր հերթին, ըստ Զուրաբյանի, կհանգեցնի նրան, որ ապագայում կլինի նոր պարտքերի կուտակում, որն էլ իր հերթին կհանգեցնի նոր թանկացումների: Զուրաբյանի խոսքով՝ իրենք պետք է ստեղծեն անհանդուրժողականության մթնոլորտ:

«Մենք այսօր վերցրել ենք ձեւաթուղթ, քսանչորս ժամվա ընթացքում, որը կլրանա երկուշաբթի, հավաքենք քառասունչորս պատգամավորի ստորագրություն եւ փորձենք արտահերթ քննարկման միջոցով դնել ՀՀ-ում էլեկտրաէներգիայի համակարգում ստեղծված իրավիճակի ժամանակավոր հանձնաժողով»,- ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավարը:

ՀԱԿ պատգամավորը տեղեկացրեց, որ հանդիպել է ԱԺ չորս ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարների հետ, ովքեր էլ իրենց հերթին խոստացել են ուսումնասիրել եւ ներկայացնել իրենց տեսակետը: Զուրաբյանը չի բացառում, որ այս ձեւաթղթի տակ կստորագրեն նաեւ ՀՀԿ-ական որոշ պատգամավորներ, քանի որ այս խնդիրը բոլորին է վերաբերում:

ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն էլ ասաց, որ կատարվում է բաց թալան:

«Սովետի ժամանակ նման մարդկանց սպեկուլյանտներ էին անվանում: Ինչպես եւ գազի դեպքում, այստեղ էլ կորուստներն իրենց ուտելու լավագույն միջոցն են դարձրել»,- հայտարարեց Մանուկյանը:

Նա նշեց, որ եթե այս թանկացումը լինի, ապա այն երկուսուկես անգամ ավելի թանկ կլինի, քան հարեւան Վրաստանում:

«Գազի ու լույսի դեպքում գողություն են անում, հետո նոր գալիս ասում են՝ դե օրինականացրեք»,- հայտարարեց Արամ Մանուկյանը: «Բարեգործություն է կատարել ՀԷՑ-ը երեք միլիոն դոլարի, սա անիմաստ է, ոչ տրամաբանական»,- ասաց նա:

Հնարավո՞ր է պայքարը խորհրդարանից հանել փողոց, հարցին Զուրաբյանը նշեց, թե չգիտես ինչու մարդիկ անտարբեր են այս հարցի վերաբերյալ:

«Իշխանությունը կնահանջի, եթե տեսնի ժողովրդի ակտիվությունը: Ինչքան ժողովուրդը թույլ տա, որ իրեն թալանեն, այդքան կթալանեն, իշխանությունը փորձարկում է՝ բերեք այսքան թանկացնենք, ու տեսնում են, որ հակազդող ուժ չկա»,- ասաց Զուրաբյանը:

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավորները խոսեցին նաեւ համայնքների խոշորացման ծրագրից՝ հայտարարելով, որ իրենք դեմ են այդ ծրագրին: «Չկա մարդ, մի գյուղում ընդամենը մեկ մարդ էր, որ կողմ էր այս ծրագրին: Սա բերելու է ներքին արտագաղթի»,- ասաց Արամ Մանուկյանը: Նա կոչ արեց բոլորին գնալ եւ դեմ քվեարկել, իսկ եթե այն կառավարությունը բերեց խորհրդարան, ապա, ըստ Մանուկյանի, իրենք ամեն ինչ կանեն, որ չընդունվի:

Back to top button