«Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները ցանկանում են ակտիվացնել երկխոսության ընթացքը». Ջ. Ուորլիք

Հայաստանի և Ադրբեջանի նախագահները ցանկանում են ավելացնել հանդիպումների հաճախականությունը, «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում ասել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի Միացյալ Նահանգների համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ մեկնաբանելով Սերժ Սարգսյանի հետ նախորդ շաբաթ Վաշինգտոնում կայացած հանդիպման արդյունքները:
Խոսքը անցած շաբաթ կայացած հանդիպման մասին է: Որի ժամանակ Ջ. Ուորլիքն ու Ս. Սարգսյանը զրուցել են ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման գործընթացի վերաբերյալ:
«Նախագահների հնարավոր հանդիպման ամսաթիվը դեռ չի որոշվել, սակայն երկու նախագահներն էլ հայտնել են, որ ցանկանում են ակտիվացնել երկխոսության ընթացքը, և այժմ մենք նման երկխոսություն կազմակերպելու հնարավորություն ենք փնտրում», — նշել է Ուորլիքը:
Դիվանագետի խոսքով՝ միջնորդների դերը հենց բանակցությունների շրջանակների նախապատրաստումն է․
«Այնպես որ, մենք շուտով տարածաշրջան կայցելենք՝ նախագահների հանդիպումը նախապատրաստելու նպատակով»:
Ուորլիքի խոսքով՝ տարածաշրջան նախատեսված այցի ընթացքում միջնորդները կարող են հանդիպումներ անցկացնել նաև Լեռնային Ղարաբաղի փաստացի իշխանությունների հետ: