Նորություններ

Հրադադարի հաստատումից 21 տարի անց. «Մենք թույլ տվեցինք, որ նավթի ասեղի վրա նստած պետությունն այդքան հզորանա»

Այսօր լրացավ ղարաբաղա-ադրբեջանական ճակատում զինադադարի հաստատման 21 տարին:

Ի՞նչ առաջընթացներ ու թերություններ են արձանագրվել խաղաղության 21 տարիների ընթացքում: ԳԱԼԱ-ի հետ զրույցում Արցախի նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը կարծիք հայտնեց, թե 1994 թվականից հետո շատ բան է փոխվել թե Արցախում եւ թե Հայաստանում: Հայկական երկրորդ հանրապետությունը, Դ. Բաբայանի բնորոշմամբ, շտկել է իր մեջն ու զարգացման թեկուզ մասնակի տեմպերով առաջ է ընթանում, սակայն մյուս կողմից էլ պետք է արձանագրել, որ կան թերություններ, որոնք, ըստ նրա, ժամանակի ընթացքում կլուծվեն.

Դավիթ Բաբայան
Դավիթ Բաբայան

«Ով է ասել, որ թերություններ չկան, իհարկե կան լուրջ խնդիրներ, կան անելիքներ, բայց բոլոր երկրներում է այդպես, եւ մենք չպետք է միայն վատը տեսնենք, մենք միասին պետք է այդ խնդիրները լուծենք: Որպեսզի մենք կարողանանք մեր պետությունը հզորացնենք, պետք է կարողանանք քաղաքակիրթ ձեւով բոլոր տարաձայնությունները լուծել»,- ասաց Արցախի նախագահի մամլո խոսնակը:

Արցախի ԱԺ պատգամավոր Արմեն Սարգսյանը գերադասեց խոսել հայկական կողմի թերությունների եւ բացթողումների մասին: Նա այն համոզմանն է, որ հայկական կողմի գլխավոր բացթողումն այս տարիների ընթացքում եղել է այն, որ զինադադարի կնքման ժամանակ քաղաքական պահանջներ հակառակորդ կողմին չեն ներկայացվել.

 Արմեն Սարգսյան
Արմեն Սարգսյան

«Մենք պետք է քաղաքական խնդիրներ առաջ քաշեինք, ու եթե քաղաքական խնդիրներ առաջ քաշեինք, այսօր այսքան զոհ չէինք ունենա սահմանին, ու դա ինքնըստինքյան ամենասխալ քաղաքականությունն էր հրադադարի հաստատման ժամանակ: Եվ քաղաքական պահանջները մինիմումի էին հասցվել, եւ հաղթող երկիրը փաստորեն կնքել է հավասար հավասարի զինադադար առանց քաղաքական պայմանների, մենք թույլ ենք տվել, որ այդպիսով այդ երկիրը հզորանա: Հարցն այն է, որ գերտերություններն ամեն մեկն իր շահերի հետեւից է ընկած, եւ մենք իրավունք չունենք այդ պետությունների խոսքերին հավատալ, մենք պետք է ունենանք մեր շահերը: 94 թվականին, երբ Ալիեւը ուղիղ կապի մեջ էր Ղարաբաղի ղեկավարության հետ ու փաստորեն ճանաչում էր Ղարաբաղը, կարող էինք լուրջ խնդիրներ դնել, երբ այդ ժամանակ պատրաստ էր ցանկացած զիջում անել, մենք չգնացինք դրան՝ ապավինելով օտար ուժերին»,- գտնում է արցախցի պատգամավորը:

Արցախի նախագահի մամլո խոսակ Դավիթ Բաբայանը սակայն նշում է, թե Ադրբեջանը ֆաշիստական պետություն է, ու այդ երկրին ուղղակի բնորոշ է այն պահվածքը, որը որդեգրել է, իսկ ընդհանուր առմամբ, ըստ Բաբայանի, 94 թվականի զինադադարի արդյունքում է, որ Ադրբեջան պետությունն այժմ գոյություն ունի.

«Ադրբեջանում կա մի յուրահատկություն. նրանք նստած են նավթի ասեղի վրա, եւ այն, որ զարգացում կա, նրա հաշվին, որ դարձել են նավթ արտահանող երկիր, իսկ մյուս ճյուղերը տնտեսության որեւէ ձեւով զարգացում չեն ապրում: Իսկ լինել միայն ռեսուրս արտահանող երկիր, սա մի կողմից դինամիկ զարգացման հնարավորություն է տալիս, մյուս կողմից ունի նաեւ բազմաթիվ այլ խնդիրներ ու պրոբլեմներ, դրա համար չի կարելի միանշանակ ասել, որ իրենք ավելի շատ են շահել, քան մենք, բայց իրենք էլ պետք է հասկանան, որ շահել են, կարողացել են զարգանալ տնտեսապես, քանի որ պատերազմ չկա, եթե պատերազմ լիներ, միգուցե արդեն Բաքվում լինեինք, եւ Ադրբեջան պետություն, որպես այդպիսին, արդեն չլիներ:

Հակառակորդը փորձում է ամեն օր ինչ-որ խախտում թույլ տալ, իսկ ֆաշիստական պետություններին բնորոշ է հենց այդպիսի պահվածք, այսինքն սա ախտորոշում է, դիագնոզ է, որը հնարավոր է բուժել, կամ իրենք պետք է իրենց մեջ ուժ գտնեն ու բուժեն, կամ պետք է բուժենք մենք, եթե իրենք հարձակում գործեն, այդ ժամանակ պետք է վիրահատություն լինի»,- կարծիք հայտնեց Դ. Բաբայանը:

Պատգամավոր Արմեն Սարգսյանը մեկ կարեւոր փաստ էլ է նշում, այն, որ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում մինչ օրս Արցախը բանակցային կողմ հանդես չի գալիս. «Մենք միշտ էլ եղել ենք հետեւյալ սկզբունքների կողմնակիցը, որ Արցախը պետք է լինի բանակցային կողմ, իսկ Հայաստանը բանակցությունների ընթացքում պետք է լինի Արցախի անվտանգության երաշխավորը: Առանց այս սիստեմի կիրառման հնարավոր չէ լուծել Արցախի հարցը: Արցախն անմիջապես պետք է լինի բանակցային կողմ, ինքը որպես երկիր պետք է անկախ բանակցային կողմ լինի»,- եզրափակեց Ա. Սարգսյանը:

Ավելին
Back to top button