Նորություններ

Օգնե՞լ հալեպահայերին տեղափոխվել Հայաստան, թե՞ դա կնշանակի կազմակերպել նրանց զանգվածային տարհանումը

ՀՀ կառավարությունը վերջին նիստի ժամանակ անդրադարձավ Սիրիայում տիրող իրավիճակին եւ սիրիահայերի խնդիրներին: Հ. Աբրահամյանը ներկայացրեց, որ այս ընթացքում Հայաստանը փորձել է օժանդակել այն սիրիահայերին, ովքեր պատերազմի հետեւանքով լքել են իրենց տներն ու անվտանգության նկատառումներով եկել են Հայաստան: Միեւնույն ժամանակ վստահեցրեց, որ իշխանությունները պատրաստ են անհրաժեշտ պայմաններ ստեղծել Հալեպից Հայաստան տեղափոխվող երեխաների և դպրոցականների համար:

Մինչդեռ այսօր հալեպահայերը նախ եւ առաջ կարիք ունեն Հայաստան տեղափոխվելու:

cropped-logo-1Այս մասին ԳԱԼԱ-ին վստահեցրին «Հալեպ» բարեսիրական կազմակերպությունից: Ըստ կազմակերպության աշխատակիցների՝ մեծ թիվ են կազմում այն սիրիահայերը, ովքեր ցանկություն ունեն Հայաստան տեղափոխվել, սակայն գումար չունեն: Այդ նպատակով «Հալեպ» բարեսիրական կազմակերպությունը նաեւ հայտարարություն էր տարածել, որը, մեղմ ասած, կոչ էր աշխարհասփյուռ հայությանը, հորդոր, որ ոչ թե հագուստ ու սնունդ է պետք սիրիահայերին, այլ գումար, որպեսզի հեռանան Հալեպից: Ինչպես վստահեցրին կազմակերպությունից, հայտարարությունը մեծ արձագանք չի գտել եւ շատ չեն այն կազմակերպություններն ու անհատները, ովքեր ցանկություն են հայտնել օժանդակել հալեպահայերին գումարով:

Հիշեցնենք, ըստ կազմակերպության հաշվարկների՝ Հալեպից Հայաստան տեղափոխվելու գումարը յուրաքանչյուր անձի համար կազմում է մոտավորապես 488 դոլար: Այսպես նշված էր նաեւ հայտարարությունում:

Բեյրութում լույս տեսնող Ազդակ օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանդահարյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում ներկայացրեց, թե ինչ վիճակ է հիմա Հալեպում.

shahan-antaharyan-320x228
Շահան Գանդահարյան

«Հալեպում ծանր է իրավիճակը։ Թեժ մարտեր են նաեւ հայկական թաղամասերի շրջակայքում։ Մենք փորձում ենք առօրյա ռեժիմով կապ հաստատել տեղում մեր աշխատակիցների հետ։ Վերջին տվյալներով՝      իրավիճակը համեմատաբար հանգիստ է.թեեւ հեռվից լսվում են հրթիռակոծման ձայները։ Էլեկտրականությունը անջատվել է. ջրամատակարումը շատ անկանոն է աշխատում։ Համացանցը համարյա ընդհատված է։ Հեռախոսային կապը որոշակի անջատումներով աշխատում է։ Սննդեղենի տագնապ չկա, բայց սղաճը զգալի է մանավանդ այս պայմաններում, որ մարդիկ փող աշխատելու հնարավորությունից զուրկ են»։

Շահան Գանդահարյանն ասաց նաեւ, որ հալեպահայերի մի մասը ցանկություն ունի հասնել Երեւան, կան նաեւ սիրիահայեր, որ նախընտրում են հասնել Սիրիայի համեմատաբար հանգիստ քաղաքներ:

Որն է արդյոք ճիշտ օժանդակե՞լ մարդկանց, որ համընդհանուր լքեն իրենց բանակատեղին, թե՞ ոչ: Այս առումով կարծիքները տարբեր են. Կան նաեւ մեկնաբանություններ, թե օժանդակել սիրիահայերին տեղափոխման հարցում, կնշանակի կազմակերպել նրանց զանգվածային տարհանումը: Շահան Գանդահարյանն ասում է.

«Ես էլ եմ հետեւում այդ մեկնաբանություններին. կան տարատեսակ եւ բոլորովին հակառակ կանխատեսումներ կատարող կարծիքներ այս ուղղությամբ։ Կարծում եմ, որ հակաճգնաժամային լուրջ ծրագիր կարող է իրականցվել քաղաքական փորձագետների, ռազմագետների, տարհանման գործողությունների մանրամասների իրազեկների համատեղ քննարկումներով.այստեղ բնականաբար ներառված կլինեն թե՛ ՀՀ համապատասխան գերատեսչությունների, եւ թե՛ համայնքի կառույցների ներկայացուցիչները։ Իմ կարծիքով, երբ համայնքի ֆիզիկական անվտանգությունը խնդրո առարկա է, նման քննարկումներն ու խորհրդակցությունները պետք է լինեն փակ»:

Ազդակ օրաթերթի գլխավոր խմբագիրը կարեւորեց նաեւ այս առումով հայկական ԶԼՄ-ների դերը, ըստ նրա ակնկալվում է նախ զգոնություն, զսպվածություն, հակախուճապային մոտեցում։

«Այս իմաստով էլ զանազան կազմակերպություններ կամ անձիք, ովքեր չեն հանդիսանում այս համայնքի պաշտոնական ներկայացուցիչները, պետք է խուսափեն այլեւայլ հայտարարություններ կատարելուց, հրապարակ նետելուց առաջարկներ, որ կվերաբերեն սիրիահայությանը կամ նրա առանձին հատվածներին: Խոսքը մասնավորաբար վերաբերում է զանգվածային արտագաղթի հարցին: Հասկանանք, որ իր ճակատագրի հետ կապված վճռորոշ որոշումները պետք է կայացնի ինքը՝ համայնքը, իր համապատասխան գործադիր եւ ներկայացուցչական մամինների միջոցով, իսկ մենք՝ բոլորս՝ սկսած համայնքային ու Հայաստանի պետական իշխանություններից, մինչեւ զանազան ազգային միություններն ու քաղաքական-հասարակական կազմակերպությունները եւ ողջ հայությունն՝ իր համահավաք ներուժով, աջակից լինենք անհրաժեշտ քայլերի իրականացման հարցում: Մինչ նման անհրաժեշտություններ առաջանալը, մշտական ուշադրությունը չթուլացնելով ցավոտ խնդրից՝ փորձենք պահպանել սառնասրտություն եւ զսպվածություն»:

Back to top button
Close