Նորություններ

Հաղթանակի օրը՝ «Հաղթանակի» զբոսայգում

Մայիսի 9-ին հայ ժողովուրդը տոնում է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի եւ Շուշիի ազատագրման օրերը: 1992 թվականի մայիսի 8-9-ը բեկումնային օրեր եղան Արցախյան ազատագրական պայքարի համար: Մայիսի 8-ին կանխորոշվեց հայոց բերդաքաղաքի՝ Շուշիի ազատագրմանն ուղղված ռազմական գործողությունների ելքը: Հաղթանակի օրը, «Հաղթանակ»-ի զբոսայգում մեկտեղ էին հավաքվել Արցախյան հերոսամարտի եւ Հայրենական Մեծ պատերազմին մասնակից վետերաններին: Գիտակցումը, որ հայրենիքի ազատագրման համար իրենց ակտիվ մասնակցությունն են ունեցել, ստիպել էր շատերին անտեսել տարիքը եւ որոշ դժվարություններ ու հասնել զբոսայգի:

«Հաղթանակ»-ի զբոսայգում էին նաեւ ՀՀ բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ, ովքեր նախ ծաղիկներ դրեցին անհայտ զինվորի հուշարձանին: Այնուհետեւ հնչեցին Խորհրդային միության եւ Հայաստանի Հանրապետության օրհներգերը:

Տոնական օրվա միջոցառումների մեկնարկը տրվեց շքերթով. զբոսայգու հրապարակով անցան Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերը: Շուշիի ազատագրումը հայոց պատմության ամենափառապանծ հաղթանակներից մեկն է համարվում: Հայ մարտիկների մեծ ու նվիրական սխրանքը դարձավ եւս մեկ հերոսական պատմություն, շեշտում էին հաղթանակի զբոսայգի այցելուները:

Ըստ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի՝ միայն միասնության պարագայում կարելի է արձանագրել ցանկացած հաղթանակ: Իսկ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն էլ նշեց, թե Եռատոնը վկայությունն է այն բանի, որ Ցեղասպանությունից հետո հայ ժողովուրդը կարողացել է ոտքի կանգնել և պաշտպանել հայրենիքը: Բարձրաստիճան պաշտոնյաններն ապա տեղ զբաղեցրեցին վրանում: Նրանց եւս մատուցվեց զինվորական ճաշ:

Միջոցառմանը ներկա վետերաններից շատերը ցավով էին փաստում, որ յուրաքանչյուր տարի այստեղ այցելելիս նկատում են, որ իրենց մարտական ընկերների թիվը նվազել է, որ իրենց շարքերը նոսրացել է: Հանուն հաղթանակի կռվողներն այսօր այլ խնդիրներ եւս ունեն: Դժգոհությունները հիմնականում սոցիալական պայմաններից էին: Բայց նախընտրում են այսօր դրանց մասին քիչ խոսել:

Մայիսյան հաղթանակները եւ այդ հաղթանակի նվիրյալ վետերանները տոնական օրվա ավարտից հետո հեռացան՝ ակնկալիքով, որ հաջորդ տարի նույն տեղում, նույն կազմով դարձյալ կհանդիպեն:

Back to top button