Նորություններ

Կառավարության նիստում անդրադարձ եղավ Սիրիայում տիրող իրավիճակին եւ սիրիահայերի խնդիրներին

Այսօր ՀՀ կառավարության նիստի սկզբում՝ մինչ օրակարգի հաստատումը, Հովիկ Աբրահամյանը տեղեկացրեց, որ մի քանի օր առաջ կառավարությունում տեղի է ունեցել ԾԻԳ-երի այս տարվա առաջին եռամսյակի գործունեության հաշվետվությունների վերաբերյալ քննարկում:

«Տարիներ շարունակ ԾԻԳ-երի միջոցով մեր երկրում միլիարդների հասնող ներդրումներ են իրականացվել, սակայն, որպես կանոն, ավելի շատ խոսվում է կոռուպցիոն սկանդալների, չարաշահումների, քան իրականացրած աշխատանքների մասին: Վերջին հանդիպման ժամանակ ես խստագույնս զգուշացրել եմ ԾԻԳ-երի ղեկավարներին՝ զերծ մնալ կոռուպցիոն ցանկացած դրսևորումներից: Հակառակ դեպքում՝ ոչ միայն կազատվենք նմանատիպ պաշտոնայներից, այլ անձամբ հետամուտ կլինեմ՝ օրենքի ամբողջ խստությամբ վերջիններիս պատասխանատվության ենթարկելու հարցում»,- հայտարարեց Աբրահամյանը:

Անդրադարձ եղավ նաեւ Սիրիայում տիրող իրավիճակին եւ սիրիահայերի խնդիրներին: Հ. Աբրահամյանը ներկայացրեց, որ այս ընթացքում Հայաստանը փորձել է օժանդակել այն սիրիահայերին, ովքեր պատերազմի հետեւանքով լքել են իրենց տներն ու անվտանգության նկատառումներով եկել են Հայաստան: «Միաժամանակ ահազանգ էին հնչեցրել երեխաներին, դպրոցականներին պատերազմական գոտուց դուրս բերելու մասին, ինչին ի պատասխան ես նշել էի, որ կառավարությունը, իշխանությունները պատրաստ են պատշաճ ձևով ընդունել և անհրաժեշտ պայմաններ ստեղծել Հալեպից Հայաստան տեղափոխվող երեխաների և դպրոցականների համար»,- ասաց նա:

Աբրահամյանը նաեւ նշեց, որ ցանկանում է՝ կառավարության բոլոր անդամներն այդ մասին տեղյակ լինեն, և երբ Սփյուռքի նախարարը վերադառնա Հայաստան, պետք է հանրությանը ներկայացնի, թե ինչ քայլեր է անում նախարարությունը, իսկ կառավարությունն ինչ խնդիրներ պետք է լուծի և ինչպես պետք է աջակցի:

Back to top button
Close