Նորություններ

113 կողմ. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հայտարարությունը միաձայն ընդունվեց

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ, այսօր` 2015 թվականի ապրիլի 21-ին, գումարվեց ՀՀ ԱԺ արտահերթ նիստ: Նիստի ընթացքում ՀՀ Ազգային ժողովն ընդունեց հայտարարություն «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ»:

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը, հիմք ընդունելով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի՝ 1948 թվականի դեկտեմբերի 9-ին ընդունած «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին» կոնվենցիան, ՀԽՍՀ Գերագույն խորհրդի՝ 1988 թվականի նոյեմբերի 22-ին ընդունած «Օսմանյան Թուրքիայում հայերի 1915 թ. ցեղասպանության դատապարտման մասին» օրենքը, արժեւորելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրով ամրագրված դրույթները, կարեւորելով միջազգային հանրության հետ համատեղ ուժերով մարդկության դեմ հանցագործությունների, ցեղասպանությունների դատապարտմանը եւ կանխարգելմանն ուղղված ջանքերում հայ ժողովրդի ներդրումը, երախտագիտություն հայտնելով բոլոր պետությունների խորհրդարաններին, պետական եւ տեղական կառույցներին ու միջազգային կազմակերպություններին, որոնք պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, ընդունել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքներ, կոչ է անում բոլոր երկրների խորհրդարաններին, միջխորհրդարանական եւ միջազգային կազմակերպություններին պաշտոնապես ճանաչել եւ դատապարտել Օսմանյան կայսրության իրականացրած Հայոց ցեղասպանությունը` որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն»:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարությունը դրեց քվեարկության: 113 կողմ, 0 դեմ և 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ որոշումը միաձայն ընդունվեց:

Back to top button
Close