Նորություններ

Բուդաղյանների փաստաբանը մտավախություն ունի, որ Կոստանյանը դատական գործերը կքննի այնպես, ինչպես Բուդաղյաններինը

«Իմանալով այս առաջադրման մասին`կարծում եմ, որ մեղմ ասած սա լավագույն տարբերակը չէր»,-ԳԱԼԱ-ի հետ զրույցում խոսելով Սերժ Սարգսյանի կողմից գլխավոր դատախազի պաշտոնում առաջադրված զինդատախազ Գևորգ Կոստանյանի մասին, կարծիք հայտնեց Բուդաղյանների գործով փաստաբան Հայկ Ալումյանը:

Հարցին, թե արդյոք Բուդաղյանների գործը որևէ ազդեցություն ունեցել է այս առաջադրման վրա, փաստաբանը դա շատ հավանական համարեց.

«Չի բացառված, որ գործն ազդեցություն է ունեցել նշանակման գործում, կարծում եմ` հավանական է»:

Փաստաբանը գնահատական տվեց զինդատախազին միայն Բուդաղյանների գործի առնչությամբ, քանի որ միայն այդ գործի շրջանակներում է առնչվել Կոստանյանի հետ որպես զինդատախազի և պատկերացում կազմել զինդատախազության իրականացրած նախաքննության մասին, որը դրական չի համարում.

«Բուդաղյանների գործի կապակցությամբ և ամենավատ, բացասական տպավորություններն եմ ստացել»,-ասում է Ալումյանը:

Թե ինչ փոփոխությունների սպասենք Կոստանյանի՝ գլխավոր դատախազ նշանակվելով, փաստաբանի պատասխանը մխիթարող չէ.

«Փոփոխություններ վախենում եմ, որ կլինեն, բայց այդ փոփոխությունները ես բարեփոխում չէի համարի, այն, որ նախաքննության որակը կարող է լրջորեն տուժել, դա հաստատ է. ես այդ կարծիքին եմ՝ հաշվի առնելով Բուդաղյանների հետ կապված գործը: Դրական փոփոխություններ սպասել չարժի»:

ԳԱԼԱ-ի այն դիտարկմանը, թե որոշ փաստաբաններ կարծում են, որ Կոստանյանի նշանակումով ոչինչ չի փոխվի, քանի որ մեկ մարդու նշանակումով համակարգում չեն կարող բարեփոխումներ լինել, Ալումյանը չհամաձայնվեց. ըստ նրա՝ ամեն ինչ կախված է անձից և ոչ թե համակարգից.

«Մեկ մարդու պաշտոն ստանձնելով՝ համակարգում կարող են փոփոխություններ լինել. մեկ մարդու նշանակումը դա արդեն իսկ որոշակի ուղերձ է պարունակում, թե ինչ հատկանիշներ են հաշվի առնվելու, և մի մարդը, ով կանգնած է այդպիսի կառույցի գլխավերևում, այդ կառույցի վրա շատ մեծ ազդեցություն կարող է ունենալ՝ կամ դրական, կամ բացասական՝ ելնելով կոնկրետ անձից: Անձ կա կարող է բարեփոխումներ անել, անձ կա, որ կարող է սրացնել ճգնաժամը»…

Սեդա Ղուկասյան

Back to top button