«Շատ արտառոց մի բան պետք է պատահած լինի, որպեսզի պարոն Սերժ Սարգսյանը մայիսի 8-9-ին Մոսկվա չգնա». Ա. Մելիքյան

ՀՀ արտաքին վերջին քաղաքական զարգացումների վերաբերյալ ԳԱԼԱ-ն զրուցել է ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանի հետ:
—Պարոն Մելիքյան, նախօրեին ՀՀ ԱԳՆ տեղակալ Շավարշ Քոչարյանը, ԳԱԼԱ—ի հետ զրույցում պատասխանելով մեր հարցին, թե մայիսի 8-ին Ս. Սարգսյանին հրավիրե՞լ են, ինքը պատրաստվո՞ւմ է արդյոք մեկնել Մոսկվա, պատասխանեց, որ կմեկնի, թե ոչ, կախված է Ս. Սարգսյանի աշխատանքային գրաֆիկից: Սա, մեղմ ասած, համոզիչ պատասխան չէր: Ի՞նչ եք կարծում, այս անգամ Ս. Սարգսյանին կհրավիրե՞ն Մոսկվա:
-Շատ արտառոց մի բան պետք է պատահած լինի, որպեսզի պարոն Սերժ Սարգսյանը մայիսի 8-9-ին Մոսկվա չգնա և չմասնակցի այդ օրերին նախատեսված պաշտոնական միջոցառումներին: Հաշվի առնելով Բաղրամյան 26-ի ու Կրեմլի փոխհարաբերությունների առանձնահատուկ դրվածքը՝ ՀՀ արտգործնախարարությունը կարող է և տեղյակ չլինել, թե ինչ խողովակներով և ինչպիսի ձևակերպմամբ է մասնակցության առաջարկ արվել հայկական կողմին:
—Պարոն Մելիքյան, հայ—ռուսական հարաբերություններում ինչ—որ խութեր կա՞ն, ըստ ձեզ: Ս. Սարգսյանին ԵՏՄ քննարկումներին չհրավիրելը, վերջին շրջանում ՀՀ իշխանությունների պահվածքը՝ քաղաքական վեկտորն ուղղելու դեպի ԵՄ, ինչպես նաև Ս. Սարգսյանի վերջին հայտարարությունները զենքի վաճառքի և ՌԴ—ԵՄ կամուրջ դառնալու մասին և վերջապես ՀՀ ԱԳն փոխնախարարի հայտարարությունները՝ Ս. Սարգսյանի գրաֆիկի մասին, ինչի՞ մասին են վկայում:
-Պարոն Սարգսյանի իշխանության գալուց հետո Հայաստանը գործնական քաղաքականության մակարդակում որևէ հարցում երբևէ չի հակառակվել Ռուսաստանին: Պաշտոնական Երևանի այս պահվածքն առավել ուշագրավ և մտահոգիչ է հատկապես այն պատճառով, որ Ռուսաստանը ձգտում է ռազմավարական բնույթ հաղորդել ռուս-թուրքական և ռուս-ադրբեջանական հարաբերություններին: Առկա իրողությունները հիմնազուրկ են դարձնում ՀՀ տարբեր պաշտոնյաների կողմից արված արտահայտություններում խորհրդավոր խորքային իմաստների փնտրտուքները:
—ՀՀ—ԵՄ ի՞նչ հարաբերություններ են սկսվել հիմա: Ինչպե՞ս վերսկսվեցին այդ հարաբերությունները և այս անգամ մինչև ո՞ւր կհասնեն, կամ ինչո՞վ կավարտվի:
— Ստեղծված իրավիճակում ԵՄ-ն միակողմանիորեն է որոշումներ կայացնելու Հայաստանի հետ համագործակցության ապագայի վերաբերյալ: Չեմ բացառում, որ այդ որոշումները Հայաստանի համար կարող են անսպասելիորեն հաճելի անակնկալներ պարունակել, բայց այդ մասին տեղին կլինի խոսել երկու-երեք ամիս անց:
—ԱԳՆ տեղակալ Շավարշ Քոչարյանը Ռիգայի մասին էլ որոշակի բան չասաց: Մայիսին Ռիգայում նախատեսված Արևելյան գործընկերության հերթական գագաթնաժողովին ի՞նչ հնարավոր փաստաթուղթ կստորագրվի Հայաստանի և ԵՄ—ի միջև, հարցին փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն ասաց, որ այս պահին հստակ ասել չի կարող: Ըստ ձեզ՝ ինչ—որ փաստաթղթային լուծում ստանալո՞ւ է վերջապես ՀՀ—ԵՄ հարաբերությունները, թե՞ նոր «սեպտեմբերի 3» ենք ունենալու: Եվ ինչո՞վ եք պայմանավորում ՀՀ կողմի զգուշավոր կեցվածքը:
-Հայաստանյան պաշտոնատարներն այս հարցում ասելիք ունենալ դեռևս չեն կարող. ԵՄ-ն դեռ վերջնականապես կողմնորոշված չէ այս հարցում: Ուկրաինայի փորձը նաև ցույց տվեց, որ խնդիրները միշտ չէ, որ լուծում են ստանում փաստաթուղթ ստորագրելու միջոցով: