Գերմանական խոշորագույն ավիաընկերությունները փոխում են կանոնները
Germanwings-ի Airbus A320 օդանավի աղետից հետո գերմանական խոշորագույն ընկերությունները նոր կանոն են մշակել, ըստ որի օդաչուների խցիկում թռիչքի ընթացքում պետք է գտնվեն առնվազն 2 մարդ: Այս մասին Frankfurter Allgemeine հանդեսին հայտնել է Գերմանիայի օդային տրանսպորտի դաշնային միավորման մամլո-քարտուղար Քրիստինե Կոլմարը:
«Որոշումն ընդունվել է: Հիմա այն համաձայնեցվում է, քանի որ նորամուծությունը թռիչքային ծրագրային փոփոխություններ է ենթադրում: Նոր կանոնները կներդրվեն հնարավորինս կարճ ժամանակահատվածում: Այն դեպքում, եթե օդաչուներից մեկը գնում է զուգարան, խցիկում պետք է գտնվի բորտուղեկցորդը: Նոր կանոններով աշխատանքի մասին են հայտնել նաեւ Norwegian Air Shuttle, Air Berlin, Easy Jet եւ Air Canada ավիաընկերությունները»,- հայտնել է Կոլմարը:
Այնուհանդերձ, Germanwings ընկերության ղեկավար Թոմաս Վիկելմանը նոր կանոնների արդյունավետությունը կասկածելի է համարել: «Հարց է առաջանում՝ իսկ կարո՞ղ են բորտուղեկցորդը կամ բորտուղեկցորդուհին խանգարել մարդուն, ով շատ է ցանկանում հանցագործություն կատարել»,-նշել է Վիկելմանը:
Norwegian Air Shuttle ավիաընկերության ներկայացուցիչները տեղեկացրել են, որ պահանջների խստացում նախատեսված էր վաղուց եւ վերջին ավիավթարն արագացրեց իրադարձությունների ընթացքը:
Ինչպես ավելի վաղ գրել էր գերմանական Bild հանդեսը, Ֆրանսիայի հարավում A 320-ի վթարը տեղի է ունեցել երկրորդ օդաչուի՝ 28-ամյա գերմանացի Անդրեաս Լյուբիցի միտումնավոր գործողությունների հետեւանքով: Ինչպես կարծում են քննիչները, նա փակել է օդաչուների խցիկի դուռը, որպեսզի անձնակազմի հրամանատարը ներս չմտնի, եւ սկսել է վայրէջքը, որից հետո ինքնաթիռը բախվել է լեռանը: Հրամանատարը երկար ժամանակ խնդրել է երկրորդ օդաչուին բացել դուռը: Տեսնելով, որ վերջինս չի արձագանքում, հրամանատարը վերցրել է կացինն ու փորձել է կոտրել դուռը, որպեսզի կանխի աղետը:
Աղբյուր՝ Frankfurter Allgemeine
Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան