Շփման գծում սպանվել է ադրբեջանցի զինծառայող Էթիբար Քազըմովը

Ադրբեջանական աղբյուրներից «Ռազմինֆո»-ին հայտնի է դարձել, որ մարտի 26-ին հայկական ուժերի հետ շփման գծում սպանվել է Գերանբոյի շրջանի Սեֆիքյուրդ գյուղից զորակոչված պայմանագրային զինծառայող Քազըմով Էթիբար Խուդավի օղլուն։
Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունն՝ ի պատասխան Trend գործակալության հարցմանը, հաստատել է զինծառայողի մահվան մասին տեղեկությունը, սակայն պաշտոնական հաղորդագրությամբ դեռևս հանդես չի եկել։ Հարցմանն ի պատասխան նշվել է նաև, որ դեպքը գրանցվել է Թարթառի շրջանի Գափանլը գյուղի ուղղությամբ։
Նկատենք, որ պաշտպանական գերատեսչությունում պայմանագրային զինծառայող Էթիբար Քազըմովի մահվան փաստը հաստատել են միայն այն բանից հետո, երբ լուրը սոցցանցերում արդեն իսկ ստացել էր լայն տարածում։
Հարկ է նշել, որ սույն տեղեկությունը տեղադրվել է նաև ադրբեջանական «Մուսավաթ» թերթի կայքում, սակայն քիչ անց այն հեռացվել է՝ մնալով հասանելի Google որոնողական համակարգի տվյալների բազայում։ Սա թերևս Ադրբեջանում բանակի կորուստների թեմայով հրապարակումների պաշտոնական արգելքի հերթական ապացույցն է։