Միջազգային

A 320-ի աղետի ենթադրյալ մեղավորը 1 ու կես տարի բուժվել է հոգեբույժի մոտ

Օդաչու Անդրեաս Լյուբիցը, ով համարվում է Germanwings ավիաընկերության ինքնաթիռի վթարի ենթադրյալ մեղավոր, ընդհանուր առմամբ 1 ու կես տարի բուժվել է հոգեբույժի մոտ, ինչպես նաեւ խնդիրներ է ունեցել անձնական կյանքում: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով գերմանական Bild հանդեսին:

Ինչպես հաղորդել էր Մարսելի դատախազ Բրիս Ռոբենը, ինքնագրիչների հաղորդագրությունները ցույց են տալիս, որ Ֆրանսիայի հարավում A 320-ի վթարը տեղի է ունեցել երկրորդ օդաչուի՝ 28-ամյա գերմանացի Անդրեաս Լյուբիցի միտումնավոր գործողությունների հետեւանքով: Ինչպես կարծում են քննիչները, նա փակել է օդաչուների խցիկի դուռը, որպեսզի անձնակազմի հրամանատարը ներս չմտնի, եւ սկսել է վայրէջքը, որից հետո ինքնաթիռը բախվել է լեռանը: Հրամանատարը երկար ժամանակ խնդրել է երկրորդ օդաչուին բացել դուռը: «Մինչ երկրորդ օդաչուն անհայտ պատճառներով իջեցնում էր օդանավը, անձնակազմի հրամանատարը վերցրել է կացինն ու սկսել է կոտրել դուռը, որպեսզի կանխի աղետը»,-գրել է գերմանական պարբերականը:

Lufthansa վարչության ներկայացուցիչ Կարստեն Շպորը նախօրեին հայտարարել էր, որ Լյուբիցը մի քանի ամսով դադարեցրել է ուսուցումը: Նա մանրամասներ չի հաղորդել, սակայն նշել է, որ «դրանում տարօրինակ ոչինչ չի տեսնում»:

Bild-ը համոզված է, որ ուսուցման ընդմիջումների պատճառը օդաչուի հոգեկան խնդիրներն են եղել: Դեպրեսիայի պատճառով նրա մոտ Lufthansa դպրոցում խնդիրներ են առաջացել, նրան նույնիսկ ժամանակավորապես արգելել են թռչել: Լյուբիցի հոգեկան խնդիրների ուղղակի հաստատում է համարվում այն, որ քաղավիացիայի դաշնային գրասենյակում եղած գործերում նշված է, որ նա «կարիք ունի հատուկ եւ պարբերաբար բժշկական հետազոտության»:

Բացի դրանից, հետաքննությանը հայտնի է նաեւ, որ նա խնդիրներ է ունեցել անձնական կյանքում՝ կոնկրետ կնոջ հետ, ում սիրել է: Մոնտաբաուրի բնակիչներից մեկը, որտեղ ապրել է կասկածյալը, պատմել է, որ նա մանկուց է երազել օդաչու դառնալու մասին: Ծանոթներն ասում են, որ նա շատ «ուրախ եւ հանգիստ երիտասարդ է եղել»:

Աղբյուր՝ ՏԱՍՍ

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Back to top button