Ֆրանսիայում կործանված ինքնաթիռում եղել են Ղազախստանի եւ եւս 9 երկրների քաղաքացիներ

Ֆրանսիական Ալպերում կործանված Airbus A-320 ինքնաթիռում եղել են Ղազախստանի 3 քաղաքացիներ: Այս մասին lenta.ru-ին տեղեկացրել են Ղազախստանի ԱԳՆ-ից:
Ավիավթարից, ենթադրաբար, զոհվել են 1965թ. ծնված Էրբոլ Իմանգալիեւը, 1966թ. ծնված Այժան Իսենգալիեւան եւ 1989թ. ծնված Ադիլյա Իմանգալիեւան: Նախնական տեղեկություններով, օդանավում Ղազախստանի եւս մեկ քաղաքացի է եղել՝ Ելենա Բլեսը:
Ավելի վաղ, կործանված օդանավում իրենց քաղաքացիների գտնվելու մասին են հայտարարել Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Իսպանիայի, Հոլանդիայի, Ավստրալիայի, Արգենտինայի, Կոլումբիայի, Ճապոնիայի եւ Մեքսիկայի ԱԳ նախարարություններից: Ուղեւորների մեծամասնությունը (67) եղել են Գերմանիայի, իսկ 45-ը Իսպանիայի քաղաքացիներ:
Ուղեւորների մեջ է եղել Դյուսելդորֆի օպերային թատրոնի մենակատար Օլեգ Բրիժակը:
Lufthansa ավիաընկերությունից հայտնել են, որ վթարը դժբախտ պատահար է, մնացած բոլոր վարկածները շահարկումներ են:
Հիշեցնենք, որ երեկ Germanwings ավիաընկերությանը պատկանող Airbus A320 օդանավը կործանվել է Ֆրանսիայի հարավում՝ Վերին Պրովանս դեպարտամենտի տարածքում: Ինքնաթիռն իրականացրել է Բարսելոնա-Դյուսելդորֆ չվերթը:
Օդանավում եղել են 144 ուղեւոր եւ անձնակազմի 6 անդամ:
Աղբյուր՝ lenta.ru
Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան