Տնտեսական

Գազի գինը ենթակա չէ փոփոխության

Հայաստան ներկրվող գազի սակագինը չի փոխվելու։ Այս մասին այսօր Ազգային Ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը՝ հիշեցնելով, որ ՀՀ կառավարությունը դիմել էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, որպեսզի վերջինս գազի գինը հաշվարկի՝ հաշվի առնելով սահմանի վրա գործող 189 դոլարը, իսկ 189 և 270 դոլարի տարբերության խնդիրը կառավարությունը վերցնում է իր վրա։

«Այսօր այդ լուծումները գտնված են, և գազի գինը փոփոխության ենթակա չէ ոչ հիմա, ոչ էլ առաջիկա տարիներին»,- նշեց Ա.Մովսիսյանը։ Նախարարը հայտարարեց, որ գազի գնի դիմաց պարտքը, որը 2011թ․ապրիլի 1-ից առ այսօր կազմում է 300 մլն դոլար, փակելու է մի մասը հայկական կողմը, մյուս մասը՝ ռուսական կողմը, իսկ այսօրվանից մինչև 2018 թ․այն բեռը, որը պետք է առաջանա ՀՀ սպառողների վրա, որը 1000 խմ համար կազմում է 80 դոլար, ռուսական կողմը վերցնում է իր վրա։

«Բանակցությունների արդյունքում հասանք նրան, որ պարտքի կեսը վճարում ենք մենք, կեսը՝ ռուսական կողմը: Կամ պետք է 155 մլն քյաշ փողով վճարեինք կամ ինչ-որ ձևով մարեինք: Իսկ այսօրվանից մինչև 2018 թվականը այն բեռը, որը պետք է առաջանար Հայաստանի Հանրապետության սպառողների վրա, որը մոտավորապես հազար խմ դիմաց կազմում է 80 դոլար, ռուսական կողմն ազատում է մեզ մաքսատուրքից»,- նշեց նախարարը:

Լրագրողներից մեկի այն հարցին, թե այդ պարտքը ո՞ր թվականներին է կուտակվել, նախարարը տվել է հետեւյալ պատասխանը. «Պայմանավորվածությունները մինչև 2018 թվականն են: Այս ընթացքում այն բեռը, որն առաջանում է ՀայՌուսգազարդի վրա լրացուցիչ, դա կազմում է շուրջ 1.1 մլրդ դոլար, որից 600 մլն դոլարն այսօրվանից մինչև 2018 թվականը պետք է առաջանար, և 300 մլն դոլարն առաջացել է 2011 թվականի ապրիլի մեկից առ այսօր»:

Մեր դիտարկմանը, թե ինչո՞ւ է կառավարությունը թաքցրել պարտքի չափը, նախարարը հայտարարեց, թե որևէ մեկը որևէ բան չի թաքցրել, բանակցություններ են ընթացել, իսկ կառավարությունը միշտ ասել է, որ գալու է պահը ու հայտարարելու են: Միաժամանակ նա նշեց. «Էդ 300 մլն-ը բանակցությունների ադյունքում է, դա կարող էր շատ ավելի մեծ լինել»:

Ըստ Արմեն Մովսիսյանի՝ 150 մլն դոլար պարտքի դիմաց, որը խոստացել է փակել ռուսական կողմը, Հայաստանը որևէ պարտավորություն չունի: «Ուրիշ բան չունենք տալու»,- նշեց նա:

Հարցին՝ ի՞նչ է նշանակում ՌԴ նախագահ Վ. Պուտինի այն հայտարարությունը, որ Հայաստանում գազի սակագինը կլինի այնքան, որքան Ռուսաստանի գազասպառողի համար, Ա․Մովսիսյանը նշեց, թե Հայաստանի համար այսուհետ կկիրառվի Ռուսաստանի ներքին գինը՝ գումարած ճանապարհածախսը մինչև հայկական սահման։

Փայլակ Ֆահրադյան

Ավելին
Back to top button