ՀԱՏՈՒԿ ԱՆԴՐԱԴԱՐՁ

Ժամանակն է հասկանալու՝ դեմագոգիան Գյումրիում այլեւս տեղ չունի

Գյումրին հանրապետության այն բնակավայրն է, որտեղ իշխանությունները շարունակաբար խնդիրներ ունեն: Խնդիրներ այն առումով, որ այստեղ նրանց համար դժվար է ոչ միայն «տոկոսներ խփելը», ընտրակաշառքի օգնությամբ ցանկալի թվեր նկարելն, այլ ընդհանրապես քաղաքացու հետ լեզու գտնելը: Այստեղ այլեւս չեն լսում իշխանություններին` բառի ուղիղ իմաստով: Գուցե գյումրեցուն չեն հասկանա, կմեղադրեն նրան, կտան որակումներ, բայց այստեղ ապրողին դա թերեւս քիչ է հուզում:

Որո՞նք են այն խորքային պատճառները, որ Գյումրին վերածվել է հանրապետությունից կտրված, ըմբոստ բնակավայրի, որտե՞ղ պետք է փնտրել բացատրությունը, թե ի՞նչ տեղի ունեցավ այստեղ, որ իշխանության ներկայացուցիչներն այլեւս խնդիրներ ունեն:
Բազմաթիվ անգամներ են հրապարակներից ու տարբեր ամբիոններից իշխանության ներկայացուցիչները խոստումներ տվել, դեմագոգիկ բնույթի հայտարարություններ արել, հատկապես ամեն համապետական ընտրության ժամանակ: Խոստացել աշխատել գիշեր ու ցերեկ, հանուն այն քվեի, որը կորզել են գյումրեցիներից:

«Եկել եմ այստեղ, որպեսզի ձեզ խոստանամ, որ աշխատելու եմ գիշեր-ցերեկ, որ ծառայելու եմ ազնիվ, որ մեր թիմը ծառայելու է ժողովրդին եւ ծառայելու է լավ»:
Սերժ Սարգսյան, 2007 թվական
«Օգնեք ինձ, միասին մեր երկիրը դարձնենք այնպիսին, ինչպիսի երկրում արժանի ենք ապրելու ե՛ւ դուք, ե՛ւ մենք»:
Սերժ Սարգսյան, 2013 թվական

Հետո, բնականաբար, գալիս է հաշվետու լինելու ժամանակահատվածը, խոստացածը կյանքի կոչելու, որը շարունակաբար չի արվել: Արդյունքում Գյումրին ոչ միայն չի զարգացել, այլև տարեցտարի մի շարք ոլորտներում հետընթաց է արձանագրվել, արտագաղթն ավելացել է, սոցիալական վիճակը՝ սրվել, ծայրահեղ աղքատության ցուցանիշը՝ բարձրացել:

Այս միջավայրում է ապրում գյումրեցին, որտեղ իրական փոփոխություններ չկան, այդ «փոփոխությունները» տեսնում են միայն իշխանավորներն, ընդ որում նրանք էլ կոնկրետ ոչինչ չեն կարող մատնանշել: Սերժ Սարգսյանն, օրինակ, ամիսներ առաջ ԳԱԼԱ-ի հարցին արձագանքեց, որ այդ փոփոխությունը մարդկանց՝ աշխատելու ցանկությունն է, եւ որ այդ փոփոխությունը մենք էլ պետք է որ տեսնենք:

Վերջին մի քանի օրերին նախարարներ են գալիս Գյումրի, հաշվետվություն են ներկայացնում գյումրեցիներին, փորձում են ընդգծել Գյումրիի դերն ու նշանակությունը: Գուցե հասկացել են վտանգը… Բողոքի գործողությունների օջախ դառնալու եւ մասշտաբներն ընդլայնելու մտավախությունը սարսափեցնում է ռեժիմին, որն առջեւում անելիքներ ունի՝ սահմանադրական փոփոխություններ, հանրաքվե, վերարտադրության խնդիր եւ այլն:
Ուստի, վաղօրոք սկսել են իմիտացիոն բնույթի քայլեր ձեռնարկել՝ պաշտոնյաների գործուղելով Շիրակի մարզ, իբրեւ թե Գյումրին ու մարզը ուշադրության կենտրոնում են, որ այստեղ սկսելու են գործ անել, իրավիճակ փոխել:

Հասարակությանը դժվար է ասել, բայց այս այցերն ամենաշատը տեղի իշխանություններին են պետք: Նրանց համար դժվար է պատասխանել այն հարցերին, որոնց պատասխան չունեն, ուստի հորդորում են նախարարներին՝ հաճախ գալ այստեղ, ծանոթանալ իրավիճակին:
Իսկ այս պաշտոնյաների ասելիքն էլ մեծ հաշվով խոստումներից այն կողմ չի անցնում:
Առավելագույնն այս պահին ինչ կարող են ասել ու անել՝ դա իրավիճակը չլարելու, մարդկանց հետ ջերմ վերաբերվելու խորհուրդ-հորդորներն են: Տեղի իշխանությունները, առավելագույնը, ինչ կարող են անել, թերեւս հենց դա է՝ պրոբլեմների մեջ գտնվող մարդկանց հետ ջերմ վերաբերվելը:

Ժամանակն է սակայն հասկանալու՝ դեմագոգիան այստեղ այլեւս տեղ չունի: Գյումրեցու պահանջը հետեւյալն է՝ կոնկրետ աշխատանք կատարել, փոխել ինչ-որ բան, կոնկրետ գործողություններով ցույց տալ, որ նպատակը ռեալ բարեփոխում իրականացնելն է: Գյումրեցին վերաբերմունքը կփոխի միայն իրավիճակային փոփոխության պարագայում, հակառակ դեպքում որպես հանրապետության աղքատ բնակավայր որպես զբոսաշրջիկ գործուղվածները ստիպված կլինեն այլեւս խուսափել հրապարակային կերպով Գյումրի ոտք դնելուց: Օրինակներ կան…

Ավելին
Back to top button