Նորություններ

«Պետք էր Սերժ Սարգսյանին ուղղակի ավլել եւ շպրտել, մաքրել Բաղրամյան 26-ը». Զ. Փոստանջյանը դատապարտում է իր կուսակիցների քայլը

Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի շուրջ տեղի ունեցան քննարկումներ: Սերժ Սարգսյանը երեկ Բաղրամյան 26-ում հանդիպեց մի շարք քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ: ԳԱԼԱ-ի եթերում՝ «Կարեւորի մասին» հաղորդման շրջանակներում, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, հայտնելով իր կարծիքը տեղի ունեցած քննարկումների մասին, ասաց.

«Ես իմ երեխաների առջեւ երդվել եմ, որ որեւիցէ կերպ այսպիսի ապօրինի իշխանության հետ՝ ի դեմս Սերժ Սարգսյանի, չեմ ունենալու որեւէ կապ եւ չեմ ենթարկվելու այդ ապօրինի իշխանության կողմից բանեցված գործընթացներին, կամ նրա կողմից նախաձեռնած գործընթացները չեմ ճանաչում. դրանք ապօրինի են:

Եւ հետո այդ հանդիպումը պետք է տեղի ունենար ոչ թե Բաղրամյան 26-ում, այլ Ս. Սարգսյանն ինքը պետք է գնար այդ կուսակցությունների գրասենյակներ, փորձեր քննարկել: Այդ ձեւաչափը նույնպես խախտված է, եւ անհասկանալի մոտեցում է, երբ քաղաքական ուժերը գնում են Բաղդրամյան 26»,-կարծիք հայտնեց Զ. Փոստանջյանը:

Ապա նա մանրամասնեց, որ մինչ այդ հանդիպումը «Ժառանգություն»-ը խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցել է վարչության 8 անդամ, նաեւ այլ անձինք են հրավիրված եղել: Հնչել են կարծիքներ, ու գրեթե բոլորը մերժել են Սերժ Սարգսյանի հրավերը, ուստի եղել է համընդհանուր որոշում, որ կուսակցությունը չի մասնակցելու այդ քննարկումներին. «Քանի որ դա ենթադրում է Սերժ Սարգսյանին հանրային աջացություն, մենք այդ հանրային աջակցությանն ու կեղծ գործընթացներին չենք մասնակցում եւ անելիք չունենք. որոշում չի եղել, որ պետք է մասնակցենք այդ հրավերին: Ես միանշանակ դատապարտում եմ այդ այցը, որովհետեւ բարոյական տեսանկյունից՝ դա ընդունելի չէ, եւ հետո մենք նրան ճանաչում ենք որպես հանցագործի: Ս. Սարգսյանը ՀՀ նախագահը չէ եւ իրավունք չունի նախաձեռնել սահմանադրական բարեփոխումների գործընթաց, նա ինքնակոչ է, եւ նրա տեղը Վարդաշեն քրեակատարողական հիմնարկն է: Քաղաքական տեսանկյունից պետք է ասեմ, որ նման ձեւաչափով հանդիպումը քաղաքական անգրագիտություն է»,-նշեց Զ.Փոստանջյանը:

Քաղաքական այս իրավիճակում ընդդիմադիր պատգամավորը միակ ելքը համարում է ժողովրդի ինքնակազմակերպումը: Ըստ պատգամավորի՝մասշտաբային պրոցեսներ պետք է սկսվեն ՀՀ տարբեր մարզերում, ժողովրդական ընդվզման այնպիսի ալիք պետք է բարձրանա, որ ինքնաբուխ կերպով հեռացնի գործող իշխանություններին.

«Ժողովուրդը, որն ամբողջությամբ ընդդիմություն է, ինքը պետք է կազմակերպվի, մենք խնդիր ունենք դառնալ պահանջատեր քաղաքացի: Սերժ Սարգսյանի փետրվարի 12-ի հայտարարությունը ակնհայտ հակասահմանադրական էր, միայն այդ հայտարարության համար պետք էր Սերժ Սարգսյանին ուղղակի ավլել եւ շպրտել, մաքրել, 313 եթե մենք ուզում ենք ունենալ պետական կառավարման ինստիտուտներ »,-գտնում է պատգամավորը:

Ավելին
Back to top button