Նորություններ

Իրավապահ մարմինների անգործությունը ցույց տվեց մեկ բան՝ հունվարի 12-ի դեպքերը կարող են կրկնություն ունենալ

«Գ. Կոստանյանի գործունեությունը բացարձակ չի համընկնում հայ ժողովրդի շահերի հետ, նա ցուցաբերել է անգործություն եւ շարունակում է դա, եւ ՀՀ իրավապահ մարմինները, ի դեմս քննչական ծառայության ղեկավար Աղվան Հովսեփյանի, ի դեմս ոստիկանության պետ Վ. Գասպարյանի, ի դեմս Ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանի, նպաստում են նրան, որ մեղադրյալ Պերմյակովը, ում նկատմամբ ՀՀ քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել, նրանք օգնում են, որպեսզի գտնվի ՌԴ 102-րդ ռազմաբազայում եւ գտնվի ապօրինի նրանց վերահսկողության ներքո, նրանք պարտավոր էին գնալ ու ձերբակալել Պերմյակովին, մինչդեռ չեն կատարել»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում կարծիք հայտնեց Ժառանգություն խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

Հիշեցնենք, նա հունվարի 20-ին դիմել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին եւ ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկային նամակ-պահանջագրով՝ Վ. Պերմյակովին հայ իրավապահներին փոխանցելու հարցով: ՌԴ գլխավոր դատախազությունից պատգամավորին պատասխանել էին, որ հայ ընտանիքի սպանության մեջ մեղադրվողը ՌԴ քաղաքացի է, ուստի հայ իրավապահ մարմիններին փոխանցվելու ենթակա չէ: Հիշեցնենք, ընդդիմադիր պատգամավորը ՀՀ գլխավոր դատախազ Գ. Կոստանյանին դատի է տվել այս հարցում անգործություն ցուցաբերելու համար եւ ավելի վաղ մեզ հետ զրույցում նշել էր՝ եթե ՌԴ գլխավոր դատախազության այս պատասխանից հետո անգործություն դրսեւորեն նաեւ Վ. Գասպարյանն ու Գ. Հակոբյանը, ու Պերմյակովին ձերբակալելու որոշում առաջիկայում չկայացվի, ապա դատի կտա նաեւ ԱԱԾ պետին եւ ոստիկանապետին:

Զարուհի Փոստանջյան
Զարուհի Փոստանջյան

Այսօր մեզ հետ զրույցում Զարուհի Փոստանջյանն ասաց, թե շարունակելու է դատարանում վիճարկել Գ. Կոստանյանի անգործությունը, եւ բացի այդ, նոր քայլեր եւս ձեռնարկում է ՀՀ իրավապահ մարմինների ապօրինի գործողությունների մասով. «Այսինքն այդ ապօրինությունների դեմ պետք է բողոքներ ներկայացվեն, անպատժելիության դեմ պետք է բողոք ներկայացվի: Տարբեր գործողություններ եմ նախատեսում: Այնպիսի ընկալում է, որ իրենք ոչ թե ներկայացնում են ՀՀ որպես սուվերեն պետության իրավունքները, այլ ներկայացնում են ՌԴ ինչ-որ մի գուբերնիայի իրավապահ մարմիններ: Շատ ցավով, բայց այդպես եմ բնութագրում իրենց վարքագիծը, քանի որ իրենք չեն հետապնդում ՀՀ քաղաքացու շահը»,- ասաց Զ. Փոստանջյանը:

Սակայն ըստ պատգամավորի՝ ամենացավալին այն է, որ ՀՀ իրավապահ մարմիններն իրենց անգործությամբ ցույց տվեցին, որ ՀՀ քաղաքացիներն ապահովագրված չեն հունվարի 12-ի նման ողբերգական դեպքերից, եւ որ նման դեպքերի կրկնությունները բացառված չեն. «Անպատժելի մթնոլորտը հնարավորություն է ստեղծում նորից նման եղեռնագործության, մենք հասկանում ենք, որ այդ եղեռնագործությունը հենց այնպես չէր կարող տեղի ունենալ, դա տեղի է ունեցել պատվերի ներքո, երեք սերունդ չէր կարող սպանվել մեկ ժամվա ընթացքում, դա իհարկե ունի իր ե՛ւ պատվերը, ե՛ւ հատուկ նպատակը: Եվ ցավալին այն է, որ բոլորը, գիտակցելով եւ պատվերի, եւ հատուկ նպատակի մասին, միջոցներ չեն ձեռնարկում եւ, հակառակը, լռում են եւ անգործություն են դրսեւորում: Դա նշանակում է, որ անպատժելի մթնոլորտը կարող է հանգեցնել այլ ողբերգության եւս: Ես կարծում եմ, որ հանրության բողոքի հիման վրա է, որ կարող ենք ունենալ հաջողություն, եւ այստեղ բողոքը պետք է ունենա շարունակական բնույթ, եւ մենք չպետք է թույլ տանք, որ իրավապահ մարմինները իրավատեր քաղաքացիների նկատմամբ կիրառեն այդպիսի բիրտ ուժ, ապօրինի մեղադրանքներ եւ դեռ ավելին՝ ահաբեկեն մեր իրավատեր քաղաքացիներին»,- եզրափակեց Փոստանջյանը:

Ավելին
Back to top button