Նորություններ

Գ. Խաչատրյանն ինչո՞ւ լրացուցիչ 50 մլն դ. պահանջեց ՀՀ կառավարությունից. Ֆինանսների նախարարության պարզաբանումը ԳԱԼԱ-ին

ԳԱԼԱ-ն մարտի 10-ին գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ ֆինանսների նախարարություն: Մի շարք հարցերի միջոցով հետաքրքրվել էինք, թե կառավարության մարտի 10-ի որոշմամբ հատկացված 50 միլիոն դրամն ի՞նչ արտասահմանյան այցելությունների վրա է ծախսվելու, ովքե՞ր ո՞ր երկրներ են այցելելու եւ ի՞նչ նպատակով:

Հիշեցնենք, ՀՀ կառավարության մարտի 10-ի նիստում գործադիրը որոշում կայացրեց ՀՀ ֆինանսների նախարարությանն արտասահմանյան այցերի համար հատկացնել լրացուցիչ 50 միլիոն դրամ գումար: Գ. Խաչատրյանը ներկայացրեց, որ  արտասահմանյան այցերի ֆինանսական ծախսերն առաջին եռամսյակում չեն բավականացրել, եւ հետեւաբար հիսուն միլիոն դրամ է անհրաժեշտ ֆինանսների նախարարությանը:

Снимок

Ներկայացնում ենք ֆինանսների նախարարության լրատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանը մեր գրավոր հարցադրումներին:

Ի պատասխան Ձեր 10.03.2015թ. հարցման տեղեկացնում ենք, որ ՀՀ կառավարության նշված որոշման ըն­դու­նումը պայմա­նավորված է ՀՀ 2015 թվականի պետական բյու­ջե­ում արտասահման­յան պաշ­տոնական գործուղումների գծով ծախսերի ֆինանսա­վոր­ման համար նախատես­ված առաջին եռամսյակի հատկացումների ան­բա­վա­րա­րության հետևան­քով այդ ուղ­ղու­թ­յամբ լրացուցիչ մի­ջոց­ներ նա­խատեսելու անհրա­ժեշտությամբ, քանի որ ՀՀ 2015 թվա­կա­­նի պետական բյու­ջեում «Արտասահմանյան պաշ­տոնական գործուղումներ» ծախսային ծրագրի գծով առաջին եռամսյակի գումարը նախատեսված է 75.0 մլն դրամ, որի դիմաց ս/թ փետրվարի 27-ի դրութ­յամբ արդեն իսկ ֆինանսա­վորումը կազմել է 73.9 մլն դրամ: Միաժամանակ, առկա են արտասահ­մանյան պաշտոնական գործուղումների գծով ՀՀ վարչապետի կողմից ընդունված մի շարք որոշումներ, որոնք դեռ չեն ֆինանսավորվել կամ ֆինանսավորվել են մասնակիորեն:

Որոշման նպատակն է ՀՀ 2015 թվակա­նի պետա­կան բյուջեում բյուջետային հատկացումների եռամսյակային վերաբաշխման եղա­նա­կով ավելաց­նել «Ար­տասահմանյան պաշ­տոնական գործուղումներ» ծախսային ծրագրի գծով նախա­տեսված առաջին եռամսյակի գումարը 50.0 մլն դրամով` անփոփոխ թողնելով նշված ծրագրի գծով նախատեսված հատկացումների տարեկան գումարը:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ՀՀ 2015թ. պետական բյուջեով նախատեսված «արտասահմանյան պաշտոնական գործուղումներ» ծրագրի գծով ծախսերը կատարվում են ՀՀ վարչապետի որոշումների համաձայն:

                                                           ՀՀ ՖՆ տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի բաժին

 Ակնհայտ է, որ ֆինանսների նախարարության համապատասխան բաժինը, մեղմ ասած, խուսափել է պատասխանել ներկայացված կոնկրետ հարցերին: Փոխարենն ընդհանրական բացատրություն է ներկայացրել լրատվության ու հասարակայնության հետ կապերի բաժինը: Չի ներկայացվում, թե ի վերջո արտասահմանյան ինչպիսի՞ գործուղումների վրա են ծախսվում պետական հատկացումները, ինչպե՞ս եղավ, որ առաջին եռամսյակի համար հատկացված միջոցները չբավականացրին, ի՞նչ գործուղումներ են եղել մինչեւ հիմա, ինչ նոր գործուղումներ են նախատեսված, եւ բնականաբար չկա նաեւ այն հարցի պատասխանը, թե ինչ են տալու այդ գործուղումները մեզ՝ՀՀ քաղաքացիներիս:

Ֆինանսների նախարարության պաշտոնական պատասխանում նաեւ առանձնակի շեշտադրում կա, որ «արտասահմանյան պաշտոնական գործուղումներ» ծրագրի գծով ծախսերը կատարվում են ՀՀ վարչապետի որոշումների համաձայն:

Ավելին
Back to top button