Նորություններ

Ավետիսյանների հարազատներին ասելիք կունենան մարտի վերջին. ՌԴ պատգամավորներն ինֆորմացիա են հավաքում

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշեց, որ ռուսաստանցի պատգամավորները, ովքեր Ավետիսյանների սպանությունից հետո ժամանեցին Գյումրի եւ խոսեցին հայ-ռուսական պատգամավորական խումբ ձեւավորելու եւ կատարված դաժան սպանության նախաքննության ընթացքին հետեւելու համար, մի քանի օր անց՝ մարտի վերջին կժամանեն  Հայաստան:

Vahram-Baxdasaryan1-1Նրանք ուղարկել են այդ խմբում աշխատող ռուսաստանցի պատգամավորների կազմը, ՀՀ կողմն էլ պատրաստել է հայ պատգամավորների ցանկը: Պատգամավորական խմբի անդրանիկ նիստը եւս տեղի կունենա մարտի վերջին՝ Հայաստանում:

«Ամենայն հավանականությամբ այցը կլինի մարտի 28-29-ին: Իրենց 4 հոգանոց խումբը կայցելի Հայաստան, համատեղ նիստ կանեն, որի ընթացքում կընտրեն համանախագահներ, որից հետո իրենց ծրագիրը կկազմեն եւ կլինեն համապատասխան մարմինների հետ հանդիպումներ եւ կսկսեն աշխատել»,-ԳԱԼԱ-ին փոխանցեց Վահրամ Բաղդասարյանը:

ՌԴ կողմից այդ խմբում աշխատելու են Իրինա Ռոդնինան, Օլեգ Լեբեդեւը,  Վլադիմիր Ռեզնիկը եւ Միխայիլ Կրոտովը:նկառ 2

Պատգամավորական խմբում ՀՀ խորհրդարանից ընդգրկվել են գյումրեցի պատգամավորներ՝ Մարտուն Գրիգորյանը, Սուքիաս Ավետիսյանը, Արման Սահակյանը, Հովհաննես Մարգարյանը եւ ՀՀԿ-ական Արտակ Դավթյանը:

«Նախնական, միասին կապված ենք հեռախոսազանգերով: Կապը պահում ենք: Նամակագրությամբ եւ հեռախոսով ճշտում ենք մեր անելիքները»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:

նկառ 3ԳԱԼԱ-ի հետ զրույցում ԱԺ պատգամավոր Արտակ Դավթյանը նշեց, որ ռուսաստանցի պատգամավորները կապ են պաշտպանում ՌԴ քննչական կոմիտեի հետ, փորձում տեղեկություններ հավաքել: ՀՀԿ-ական պատգամավորի խոսքերով, իրենք էլ իրենց հերթին են փորձում հետեւել նախաքննության ընթացքին, սակայն հիմա որեւէ նոր բան ասել չեն կարող:

«Մենք պայմանավորվել ենք, որ փոխադարձ ինֆորմացիա պետք է փոխանակենք ու պիտի հետեւենք ընթացքին: Մենք հիմա մշտական կապի մեջ ենք ՌԴ պատգամավորների հետ: Իրենք այնտեղ են իրենց քննչական մարմիններից որոշակի տեղեկություններ ստանում, մենք՝ այստեղ: Մոտ ժամանակներս նրանք նորից կայցելեն Հայաստան, եւ մենք կամփոփենք, թե ինչ  է արված: Կարծում եմ, որ որոշակի ամփոփ տվյալներ ունենալու պարագայում ձեզ կներկայացնենք»:

Հարցին, թե միջադեպից 2 ամիս անց որեւէ ասելիք կա՞ Ավետիսյանների հարազատներին, Դավթյանն ասաց. «Եթե մենք այս պահի դրությամբ ասելիք ունենայինք, անկախ ամեն ինչից կասեինք: Այն, ինչին որ դուք եք տիրապետում, ամբողջ այդ ինֆորմացիային տիրապետում ենք նաեւ մենք, այնքանով, որքանով որ դա նախաքննության գաղտնիք չի հանդիսանում: Որեւէ ասելու բան չկա»:

Հավելենք, որ ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր Ավետիսյանների հարազատները հրավիրվել էին ՀՀ քննչական կոմիտե: Տուժողների իրավահաջորդները ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասել էին, որ ինչ-ինչ փորձաքննությունների մասին են տեղեկատվություն ստանալու: Ասել էին, որ ցույց են տալու այն հագուստը, որն ըստ տեղեկությունների, հագել է մեղադրյալը՝ Ավետիսյանների տանից դուրս գալիս: Հարազատները ուզում են հասկանալ, թե արդյո՞ք այդ հագուստը պատկանել է Ավետիսյաններին:

Տուժողների իրավահաջորդ Ռիտա Պետրոսյանը ԳԱԼԱ-ին փոխանցեց, որ այսօր էլ քննչականից որեւէ տեղեկություն չեն ստացել, իրենց հուզող որեւէ հարցի պատասխան չի տրվել:

«Չէ, դեռ ոչինչ էլ պարզ չէ: Ոչ մի շոր էլ ցույց չեն տվել եւ ոչ մի բան չեն ասել»:

Ռիտա Պետրոսյանը նշեց, որ իրենք չգիտեն նաեւ հարցի պատասխանը, թե ուրբաթ օրը կհանդիպե՞ն գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի հետ, թե ոչ:

Ավելին
Back to top button
Close