ՄեկնաբանությունՆորություններ

Կոստանյանն՝ իր պաշտոնանկության եւ ուժային կառույցներում «հակառակորդների» մասին

«Յուրաքանչյուր երկու ամիսը մեկ ունեմ ընդունելություն, և այս ուրբաթ օրը քաղաքացիների ընդունելության հերթական օրն է, և ես պատրաստակամություն եմ հայտնել ու հայտնում, որ ցանկացած քաղաքացի, եթե ինքը ընդունելություն է հայցում, ինքը կարող է գալ: Այս ուրբաթ օրը, վստահ եմ, որ այդ հանդիպումը տեղի կունենա, եթե քաղաքացիները գան»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը՝ պատասխանելով այն հարցին, թե պատրաստվո՞ւմ եք ընդունել Ավետիսյանների հարազատներին:

ԳԱԼԱ-ն, դիմելով ՀՀ գլխավոր դատախազ Գ. Կոստանյանին, հարցրեց, թե Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանությունից և դրան հաջորդած զարգացումներից հետո ավելի բնական ու բարոյական չէ՞ր լինի, որ դատախազը հրաժարական ներկայացներ: Կոստանյանին մեր այս հարցը ակնհայտ դուր չեկավ: Ուստիև խուսափեց ուղիղ պատասխանից, փորձեց շրջանցել և մեջբերել իր կենսագրության որոշ դրվագներ:

«Իմ կենսագրության մեջ երբևէ չի եղել մի դեպք, թե պաշտոնական գործունեության, թե զուտ անձնական հարթության մեջ չի եղել երբևէ մի դեպք, որ ես որևէ մի խոստում տամ և չկատարեմ»,- ասաց Կոստանյանը՝ հայտարարելով, որ մշտապես տալիս է այն խոստումները, որոնք կարող է իրագործել: «Ես երբեք չեմ տվել և չեմ կարող տալ այնպիսի խոստումներ, որոնց իրագործումը պայմանավորված չէ իմ գործունեությամբ»,- շարունակեց նա:

Ինչ վերաբերում է ՌԴ գլխավոր դատախազին հասցեագրված նամակին, Կոստանյանը նշեց, թե հիմա դա այդքան էլ էական չէ:

Նա նշեց, որ չի կարող հիմք ընդունել ՌԴ գլխավոր դատախազության պատասխանը ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի նամակին: Հարցին, թե ինչպե՞ս է գնահատում վերջին օրերին քրեական աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները, Կոստանյանը տվեց հետևյալ պատասխանը.

«Քրեածին վիճակի վերլուծության հետ կապված, ես կարծում եմ, դեռևս վաղ է խոսել, այսինքն` վաղ է խոսել, թե ինչով է պայմանավորված այդ քրեածին վիճակը, բայց որպես կանոն` դա իր հիմքում ունենում է թե՛ զենքի ապօրինի շրջանառության ծավալների նկատմամբ հսկողության խստացում, թե՛ հանցավոր վարքագծի հիմքում դրված այլ հանգամանքների նվազեցմանը կամ վերացմանն ուղղված միջոցառումներ: Համենայնդեպս, ավելի համալիր ուսումնասիրությունները, յուրաքանչյուր գործով անցկացվող քննության արդյունքում բացահայտվում են տվյալ հանցանքը ծնող պատճառների և պայմանների մի ամբողջություն: Ես վստահ եմ, որ այդ բոլոր հանցանքների քննարկման հիմքում մենք կունենանք համալիր և ավելի համակարգային մոտեցում` այդ քրեածին վիճակի վերացմանն ուղղված»:

Դիտարկմանը, թե ստեղծված իրավիճակը ոստիկանության բացթողո՞ւմն է, Կոստանյանը նշեց, թե իրենք չեն խոսում բացթողումների կամ ձեռքբերումների մասին, միայն խոսում են հանցավոր վիճակը մշտապես հսկողության տակ պահելու և ավելին` հանցածին հանգամանքները նվազեցնելուն և վերացնելուն ուղղված միջոցառումների մասին: Ինչ վերաբերում է լրագրողներից մեկի հարցին, թե ըստ հրապարակումների Վահրամ Շահինյանը, Աղվան Հովսեփյանը և Վլադիմիր Գասպարյանը միավորվել են Կոստանյանի դեմ` իրեն պաշտոնանկ անելու համար, գլխավոր դատախազը պատասխանեց: «Ես լուրեր, որպես կանոն, չեմ մեկնաբանում, բայց վստահ եմ, որ եթե որևէ պաշտոնատար անձ ուզում է ավելի բարձր պաշտոն զբաղեցնել և նման ձգտումներ ունի, դա շատ ողջունելի է, որովհետև ես վստահ եմ, որ նման ձգտման պարագայում նման պաշտոնատար անձը անպայմանորեն աշխատելու է իր անձնական, մասնագիտական որակների կատարելագործմանն ուղղված… հուսով եմ դրական իմաստով: Բարձրաստիճան պաշտոնատար անձինք կարող են ձգտել ավելի բարձր պաշտոն ունենալուն, դա իրենց խնդիրն է»:

Ավելին
Back to top button
Close