Նորություններ

Կոստանյանն Ավետիսյանների հարազատների հետ հանդիպում է, որ ի՞նչ ասի

Հունվարի 12-ին Գյումրիում սպանված Ավետիսյանների հարազատներն ուրբաթ օրը ժամը 17:00-ին հանդիպելու են Հայաստանի գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի հետ: Այս մասին ԳԱԼԱ-ին փոխանցեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի վարչությունից:

«Դիմումը եկել է փաստաբան Երեմ Սարգսյանի անունից, իրեն էլ ուղարկվել է այդ մասին ծանուցում»:

Հարազատները, սակայն, մեզ հետ զրույցում ասացին, որ իրենք տեղյակ չեն, որ լինելու է նման հանդիպում:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Լուսինե Սահակյանը եւս ԳԱԼԱ-ին փոխանցեց, որ իրենք էլ նման տեղեկություններ չունեն:

«Լավ չեմ պատկերացնում, թե ինչպես են նշանակել օր, ժամ, բայց կողմին չեն տեղեկացրել: Միջնորդող կողմը Երեմ Սարգսյանն է հանդիսանում, եւ ասենք թե նա դատական նիստի լինի: Հանդիպումը ո՞նց է լինելու: Կամ հարազատներն ինչ-որ պատճառներից ելնելով չկարողանան: Հասկանալի է նաեւ, որ հիմա որոշակի գլխավոր դատախազի ծանրաբեռնվածությունը նկատի ունենալով առաջնայինն իրեն է հարմարեցվել, բայց չէ՞ որ կողմի հետ էլ պետք է համաձայնեցնել: Այդպես չի լինում: Կողմն անգամ տեղյակ չէ հանդիպման մասին»,- ասաց Լուսինե Սահակյանը: Վերջինս տեղեկացրեց, որ իրենք, նոր ընդգրկվելով գործում, ծանոթանում են իրենց հասանելի փաստաթղթերին, որոշակի նախաձեռնությամբ, միջնորդություններով պատրաստվում են հանդես գալ առաջիկայում:

Անդրադառնալով ուրբաթ օրը նշանակված հանդիպմանը՝ հունվարի 12-ին սպանված Հասմիկ Ավետիսյանի քույրը՝ Ջուլիետա Ջալալյանը, նշեց, որ իրենք առանձնապես սպասելիքներ չունեն այդ հանդիպումից:

«Նախ ասեմ, որ Կոստանյանի հետ հանդիպման մասին տեղյակ չեմ, մեզ ոչ ոք ոչինչ չի ասել: Ինձ թվում է, որ ավելորդ է: Ինչքան ժամանակ է անցել, ու մեզ ոչինչ չեն ասել: Հիմա ի՞նչ կա ասելու: Չգիտեմ ինչ պետք է խոսա: Երեւի բոլորս միասին լինենք, որ հարցեր տանք: Մեզ հետաքրքրող ամենակարեւոր բանը փորձաքննությունների պատասխաններն են, որոնց համար վաղը գնալու ենք Երեւան: Մեզ ասել են, որ անմիջականորեն պետք է մասնակցենք էդ փորձաքննություններին, շորերն են ցույց տալու, որ գիտենանք, թե դրանք մեր երեխայի շորերն են, թե ոչ: Դրա համար ենք գնում: Ինչ մնում է դատախազի հետ հանդիպմանը, մենք չգիտենք»:

Զրուցեցինք նաեւ տուժողի իրավահաջորդ Ռիտա Պետրոսյանի հետ: Նա եւս տեղյակ չէր, որ հանդիպում է նախատեսված դատախազի հետ: Տիկին Ռիտան նշեց, որ չնայած Կոստանյանը չեկավ Գյումրի, այնուամենայնիվ, հանուն այն բանի, որ իրենք ստանան հուզող հարցերի պատասխանները, իրենք կգնան Երեւան: Կոստանյանին տալու շատ հարցեր ունեն եւ ակնկալիքով են գնում Երեւան, որ ստանան պատասխաններ: «Գնալուց չենք զլանա, մենակ թե իմանանք ինչ է ասելու: Չգիտեմ… Գյումրիում էնքան անտեղի բաներ են կատարվում, որ բոլորս տագնապի մեջ ենք: Գյումրին դարձել է հանցագործների որջ»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց Ռիտա Պետրոսյանը:

Ավելին
Back to top button