Նորություններ

Կոստանյանը համարձակություն չունի Չայկայի հետ խոսել, փոխարենը՝ փրկում է «մունդիր»-ի պատիվը՝ մեղադրանք առաջադրելով անմեղ ցուցարարներին

«Եթե դու չես կայացել մի տեղում, փորձում ես քեզ կայացած ցույց տալ մյուս հատվածում: Եթե չես կայացել ադեկվատ լինելու, կատարված հանցագործությունը հնարավորինս արագ բացահայտելու եւ հանցագործին բռնելու հարցում, պարզ է, որ հետո պետք է արդարանաս` իբրեւ թե հետեւողական լինելու եւ յուրաքանչյուր «իրավախախտի» համապատասխան, պատիժ, մեղադրանք առաջադրելու հարցում. սա մեր իրավապահ մարմինների ձեռագիրն է»,-ասաց իրավապաշտպան Սեյրան Մարտիրոսյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում՝ «Կարեւորի մասին» հաղորդման շրջանակներում՝ խոսելով հունվարի 15-ին Գյումրիում տեղի ունեցած բախումների հետեւանքով հարուցված քրեական գործից: Նրա կարծիքով մեկ տասնյակից ավելի քաղաքացիների մեղադրանք առաջադրելով իրավապահ մարմինները նպատակ ունեն ահաբեկել ու վախեցնել մարդկանց, որպեսզի խուսափեն հետագա բողոքի գործողություններից.

«Երկրորդը իբրեւ  թե սպայական պատիվը՝ մունդիրը, պահպանելն է, որ այն մարդիկ ովքեր ակտիվ են եղել, ովքեր ձեռք են բարձրացրել ոստիկանի վրա, ինչ- որ բան են ասել, նրանց հարկավոր է պատժել, սա ոչ թե օրենքի ձեռագիր է, այլ մի ուրիշ աշխարհում ընդունված ձեռագիր»,-գտնում է Սեյրան Մարտիրոսյանը: Նրա գնահատմամբ՝ ցանկացած նորմալ երկրում աղմկոտ սպանության չբացահայտման պարագայում տեղի կունենային մի շարք հրաժարականներ.

«Պարզվեց, որ մենք գլխավոր դատախազություն չունենք, չունենք գլխավոր դատախազ, պարզվեց, որ միայն Սերժ Սարգսյանը չէ, որ վախենում է խոսել Պուտինի հետ, Գ. Կոստանյանն էլ վախենում է ՌԴ գլխավոր դատախազ Չայկայի հետ խոսել: Պարզվեց, որ մեկ առանձին վերցված պատգամավոր կարող է ավելի շուտ պատասխան ստանալ, քան գլխավոր դատախազը , պարզվեց, որ պահանջելու փոխարեն ընդամենը խնդրում ենք: Նույնը վերաբերվում է նաեւ ոստիկանությանն ու ազգային անվտանգության ծառայությանը, որոնք պարզապես պետք է իրար հետ մրցակցեին, թե ով ավելի արագ պետք է բռնի հանցագործին, այնինչ ստացվեց այնպես, որ լրիվ երրորդ՝ ռուսական կողմը, բռնեց, բայց այդ ամեն ինչը ծավալվում էր Հայաստանում»,-նշեց իրավապաշտպանը:

Ավելին
Back to top button