Նորություններ

«Ոչ թե պետք է խնդրեն, որ հանձնեն, այլ Կոստանյանը պետք է գնա շատ հանգիստ վերցնի Պերմյակովին». Ավետիսյանների իրավահաջորդներ

Հունվարի 12-ին Գյումրու Մյասնիկյան 188 տանը սպանված Ավետիսյանների հարազատները փետրվարի 23-ին այցելեցին Շիրակի մարզի դատախազություն եւ Րաֆֆի Ասլանյանի աշխատասենյակում պահանջում էին, որպեսզի գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը գա Գյումրի եւ պատասխանի իրենց հուզող հարցերին: Նրանք անգամ դիմում ուղարկեցին գլխավոր դատախազություն, որի պատասխանը մինչ օրս չեն ստացել:

«3 օրն էլ անցավ, 4 օրն էլ անցավ, ու հեռուստատեսությամբ  տեսնում ենք, որ Զարուհի Փոստանջյանի նամակին ՌԴ դատախազությունից պատասխանել են, որ Պերմյակովին հանձնելու մտադրություն չունեն: Ինքը խաբեց ժողովրդին, ոնց որ խաբեց, էդպես էլ պատասխան է տալու Կոստանյանն իր խաբելու համար»,- մեզ հետ զրույցում ասաց սպանված ընտանիքի տանտիրուհու քույրը՝ տիկին Ռիտան:

Նրա քույրը՝ տիկին Ջուլիետան էլ ասում է, թե հայ իրավապահները թերացել են ի սկզբանե: Պերմյակովը հանցագործությունը կատարել է Հայաստանի տարածքում՝ սպանելով հայ ընտանիքի, ուստի նրա ձերբակալությունը եւ գործի ամբողջական քննությունը հայկական կողմն էր իրականացնելու:

Տիկին Ջուլիետան պնդում է՝ ոչ թե պետք է պահանջել ռուսական կողմից, որ հանցագործին հանձնեն հայկական կողմին, այլ հայ իրավապահները պետք է նրան ձերբակալեն ու տեղափոխեն 102-րդ ռազմաբազայից:

«Ինքը՝ Կոստանյանը, պետք է գնա շատ հանգիստ վերցնի Պերմյակովին, այստեղ ախր հանձնելու մասին խոսք չկա, ինքը ՀՀ-ում է գտնվում, հանցագործությունն էլ ՀՀ-ում է կատարել: Պետք է օրենքով սահմանված քայլեր անեն, պարտադրեն, որ տան Պերմյակովին, օրինակ ինչի են հանցագործին ապօրինի կերպով պահել իրենց մոտ: Սխալը հենց սկզբից է կատարվել, ինչի են թողել փակ վիճակում մնա ռազմաբազայում: 7 հոգու սպանություն է կատարվել, ու բոլորը կարծես թե ոչ մի բան ոչ լսել են, ոչ էլ, մասնավորապես մեր իշխանությունները, մարդիկ ոչ տեղյակ են, ոչ էլ միտք ունեն մի գործողություն անելու»,- նշեց տիկին Ջուլիետան:

Ավետիսյանների հարազատները մեզ հետ զրույցում անդրադարձան նաեւ հունվարի 15-ի բողոքի ցույցերի մասնակիցների նկատմամբ ՀՀ իրավապահ մարմինների կողմից իրականացվող գործողություններին ու նշեցին, թե ուղղակի ապշած են այդ ամենից, եւ որ այդ ամենով պայմանավորված՝ իրենց նախատեսած բողոքի ցույցերը չեն իրականացնում. «Մենք գյումրեցիների մասին ենք մտածում, թե չէ մենք այլեւս վախենալու բան չունենք: Էն խեղճ տղային՝ Անուշավանին, չթողեցին, որ գնա երկրից, սա ինչ երկիր է, չէ որ այդ երեխեն ցույցի մասնակցել էր ՀՀ քաղաքացու համար, իհարկե սա այն հարցն է, որ բոլորս միասին պետք է լինենք: Ինչի՞ պետք է էդ ջահել տղան տուժի, էդ տուժվելու պատասխանն էլ իրանք պետք է տան: Պետք է հատուցեն էդ տղային:  Այդ երեխան ցույցի է ելել նրա համար, որ նույն բանը կարող էր իրենց տան հետ կատարվեր, այ դրա դեմն առնելու համար նաեւ: Ի վերջո ամբողջ հայ ազգը մտավախություն ունի, որովհետեւ այստեղ ամեն ինչ բարձիթողի է: Յուրաքանչյուրն իր ընտանիքի համար է վախենում, որովհետեւ գյումրեցիները միշտ էլ թասիբով են եղել»,- նշեցին սպանված Հասմիկ Ավետիսյանի քույրերը:

Back to top button
Close