Նորություններ

«Կոստանյանը եթե թասիբով մարդ է, պետք է հրաժարական տա». Ավետիսյանների իրավահաջորդներ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած ողբերգական սպանության գործում տուժողի իրավահաջորդների շահերը ներկայացնելու են նաեւ փաստաբաններ Երվանդ Վարոսյանը եւ Լուսինե Սահակյանը: Նրանք այսօր Գյումրիում հանդիպեցին Ավետիսյանների հարազատների հետ: Սակայն երկարատեւ քննարկումներից հետո փաստաբանները նշեցին, թե առայժմ գործի ընթացքի վերաբերյալ կարծիքներ հայտնելը վաղաժամ են համարում, եւ որ գործի նյութերին մանրամասն ծանոթանալուց հետո հանդես կգան հայտարարությամբ:

avetisyannerՍպանված Հասմիկ Ավետիսյանի քույրերը ԳԱԼԱ-ի հետ զրույցում հերթական անգամ նշեցին, թե վրդովված են, որ տեղի ունեցած դաժան սպանությունից գրեթե երկու ամիս անց որեւէ բան իրենց հայտնի չէ, եւ հույս ունեն, որ նոր փաստաբանների ներգրավմամբ գործում առաջիկայում տեղաշարժեր կլինեն.

«Մենք Երեմ Սարգսյանի դեմ ոչ մի բան չունենք, տարաձայնություններ չկան մեր մեջ, ուղղակի որոշեցինք, որ նոր փաստաբաններ էլ ենք ունենալու: Մեզ գործի շտապ բացահայտում պետք չէ, գիտենք, որ շտապ եղավ, սաղ ծածկադմփոց կանեն, մեզ ստույգ, կոնկրետ պատասխան է պետք: Կոնկրետ իմանանք՝ Պերմյակովն է մեղավորը, թե ով է, չնայած հնարավոր չէ, որ ինքը մենակ լիներ, էդ հրազենից է կրակվել, թե ոչ, ինչի համար է Արմենս գետնին հայտնվել, արդյոք կռիվ է այնտեղ տեղի ունեցել»,- մեզ հետ զրույցում ասաց Հասմիկ Ավետիսյանի քույրը՝ տիկին Ռիտան:

avetisyanner2Ավետիսյանների հարազատների հիմնական պահանջը մնում է Վ. Պերմյակովին հայկական կողմին հանձնելը, երեկ նրանք տեղեկացել են, որ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի՝ ՌԴ նախագահին ու ՌԴ գլխավոր դատախազին ուղարկված դիմում-պահանջագրի պատասխանը բացասական է եղել, եւ պատասխան նամակով տեղեկացրել են, որ Պերմյակովը հայկական կողմին չի հանձնվի, ուստի նշում են, թե այս ամենից հետո ՀՀ գլխավոր դատախազը պետք է հրաժարական տա եւ հեռանա. «Մենք գիտենք, որ մինչեւ Պերմյակովը չհանձնվի հայկական կողմին, ով կիմանա բոլոր  հարցերի պատասխանները, իրենք ինչ ուզեն, դա էլ կասեն: Եթե հանցագործը մեր մոտ չլինի, ռուսը մեզ ոչ մի բան էլ չի ասի,  ու ինձ թվում է՝ միտք էլ չունեն գնան վերցնեն բերեն Պերմյակովին: Մարզի դատախազի մոտ գնացինք մենք, ասում է՝ ես բանից տեղյակ չեմ, ինչպե՞ս թե տեղյակ չես, դեպքը Գյումրիում է եղել, մի բան էլ ելավ հետեւի դռնից փախավ: Նույնն էլ Կոստանյանը, անգործության մեջ են: Կոստանյանը այսքան բանից հետո պետք է հրաժարական տա, եթե ինքը թասիբով մարդ է, որպես մարդ եմ ասում, ոչ թե դատախազ, ինքը պետք է հրաժարական տա ու դուրս ելնի, քանի որ ինքը անտարբեր է այս ամեն ինչի նկատմամբ: Մինչեւ այսօր որ ոչ մի գործողություն չի կատարել, այլ վախեցավ ու Գյումրի չեկավ: Ինքը պարտավոր էր գնար վերցներ Պերմյակովին բերեր, ուրեմն իրեն էլ ուրիշ մարդ պետք է վերեւից ասի, ռուսը պետք է հրամաններ տա, եթե անզոր են, կամակատարներ են, էլ մենք ի՞նչ կարող ենք ասել»,- նշեց սպանված Հասմիկ Ավետիսյանի մյուս քույրը՝ տիկին Ջուլիետան:

Back to top button
Close