Նորություններ

«Ընդդիմության ընդդիմությունը իշխանության բարեկամն է» ձևակերպման հեղինակն՝ ընդդիմության մասին. Մարտի 1-ի հանրահավաքը մեկ տեսանյութում

2008 թվականի Մարտի 1-ի տարելիցին նվիրված ՀԱԿ-ի ամենամյա հանրահավաքի սկզբում նախ ընթերցվեց 10 զոհերի անունները, այնուհետ հանրահավաքի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին նրանց հիշատակը:

Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդես եկավ օրը 2008թ. Մարտի 1-ի զոհերի հիշատակի և պետական ահաբեկչության ու բռնաճնշումների դեմ համազգային բողոքի օր հռչակելու գործնական առաջարկով, ինչպես նաև Ազգային Ժողովի ընդդիմադիր խմբակցություններին պատվիրեց օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ` այդ օրը ՀՀ պետական տոների և հիշատակի օրերի ցանկում ընդգրկելու համար:

Լևոն Տեր-Պետրոսյան
Լևոն Տեր-Պետրոսյան

«Քանզի մոռանալ նշանակում է ներել։ Իսկ մոռացված, հետևաբար ներված ոճրագործությունը, որպես կանոն, ծնում է նոր ոճրագործություն։ Եթե հայ ժողովուրդը 100 տարի շարունակ չհիշեր իր ազգային մեծագույն ողբերգությունը, ապա այդ իրադարձությունը վաղուց ջնջված կլիներ պատմությունից, և Հիտլերը ճիշտ դուրս կգար, երբ հրեաների ցեղասպանությունը ծրագրելիս իր թիմակիցներին ասում էր, թե ո՞վ է այսօր հիշում հայերի բնաջնջումը»,- ասաց Տեր-Պետրոսյանը:

Հանրահավաքին ներկա էր և ելույթ ունեցավ նաև մարտիմեկյան սպանդի զոհ Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը, ով ներկայացրեց, որ սպանության գործով ոչ մի բացահայտում չի արվել: Հիշեցնենք, գլխավոր դատախազի փոփոխությունից հետո նոր դատախազ Գևորգ Կոստանյանը հանդիպել էր զոհերի ծնողների հետ:

Սարգիս Քլոյան
Սարգիս Քլոյան

 «Նա մեզ տղամարդավարի խոսք տվեց՝ սայլը տեղից կշարժվի»,- ասաց Սարգիս Քլոյանը:

Արդյունքներ չտեսնելուց հետո Քլոյանը ևս մեկ անգամ համոզվել է՝ Մարտի մեկի սպանությունները կբացահայտվեն միայն իշխանափոխությունից հետո: ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը Կոստանյանի այս քայլը որակեց որպես «բլեֆ»՝ բեմականացում հատուկ միջազգային հանրության համար:

Չնայած ակնկալիքներին, որ Տեր-Պետրոսյանը կխոսի նաև ներքաղաքական զարգացումներից, մասնավորապես ԲՀԿ-ից, ՀԱԿ առաջնորդը տեղեկացրեց, որ զերծ կմնա վերջին իրադարձությունները մանրակրկիտ վերլուծելուց, որովհետև դրանք  թարմ են և երկար մտորումների կարիք ունեն, իսկ ինքը «հապշտապ դատողություններ անել չի ցանկանում: Փոխարենը առաջին նախագահն արձանագրեց, թե ընդդիմադիր դաշտում ՀԱԿ-ը միայնակ է մնացել, և կուսակցությանը ժամանակ է պետք ռեսուրսները հաշվարկելու համար, ուստի առնվազն երկու ամիս Կոնգրեսը հրապարակային միջոցառումներ չի անցկացնի նաև 100-ամյակի միջոցառումներին չխոչընդոտելու համար:

Ելույթի հաջորդ հատվածն «ընդդիմության ընդդիմությունը իշխանության բարեկամն է» ձևակերպման հեղինակ Լևոն Տեր-Պետրոսյանը նվիրեց ընդդիմադիր մյուս ուժերի, մասնավորապես Նիկոլ Փաշինյանի ու Քաղաքացիական պայմանագրի և Ժիրայր Սեֆիլյանի ու Հիմնադիր խորհրդարանի քննադատությանը:

«Ազնվաբար տեղեկացնում եմ, եթե, իհարկե, դեռ տեղյակ չեք, որ Հայ Ազգային Կոնգրեսին առայժմ չի հաջողվել հասնել իր գլխավոր նպատակներին՝ իշխանափոխությանը և ավազակապետության կազմաքանդմանը։ Շատերը դա բացատրում են այն հանգամանքով, որ մենք «խարդախությամբ» սեփականաշնորհել ենք ընդդիմության դաշտը՝ դրանով խանգարելով մեզանից շատ ավելի ունակ քաղաքական ուժերին ու կարկառուն գործիչներին՝ կարճ ժամանակում իրականացնել այն, ինչ մենք չենք կարողացել անել ավելի քան յոթ տարվա ընթացքում։ Այդ պատճառով նրանք, գուցեև իրավացիորեն, իշխանափոխության փոխարեն առաջ են քաշել հրատապ ընդդիմափոխության խնդիրը։ Այսինքն նրանք ուզում են ձեզ մեզնից գնել»,- ասաց Լևոն Տեր-Պետրոսյանը:

Ընդդիմափոխությունը շատ ավելի հեշտ լուծելի խնդիր է, քան իշխանափոխությունն, ասում է Լևոն Տեր-Պետրոսյանը, ըստ նրա՝ դրա համար անհրաժեշտ է միայն գիշեր-ցերեկ հայհոյել, վարկաբեկել, զրպարտել հիմնական ընդդիմությանը: Տեր-Պետրոսյանն ասում է՝ քաղաքական դաշտի թվացյալ ամայացման այս պահն այդ ուժերի աստեղային ժամն է, և ՀԱԿ-ը պատրաստ է նրանց տրամադրել մարտի 2-ից մինչև մարտի 16-ն արտոնված իր բոլոր տասնհինգ հանրահավաքները։

«Վստահ եմ, որ իշխանությունները ոչ միայն խոչընդոտներ չեն հարուցի, այլև ամեն ինչ կանեն այդ հանրահավաքների բազմամարդությունն ապահովելու համար»,- նման ակնարկից հետո Տեր-Պետրոսյանը որոշում է գաղտնազերծել նոր միասնական ընդդիմության կոդավորած ստրատեգիական պլանը:

«Դավալուից ցախավելը հեծած, «մեկ պլյուս մեկ» քայլերգը շուրթերին և Պուտինի հրաժարականի պահանջը կրծքի տակ հասնում են Ազատության հրապարակ, ինքնահռչակվում որպես նոր բևեռ, ստորագրում քաղաքացիական պայմանագիրը, և շարժվելով դեպի Բաղրամյան 26՝ կյանքի կոչում «100-ամյակն առանց ռեժիմի» կարգախոսը»։

Ելույթն այսպես ավարտելուց հետ Տեր-Պետրոսյանը մեկնարկեց Մարտի 1-ի զոհերի հիշատակի ավանդական խաղաղ քայլերթը։

aram manukyan ert1 ert4 ert5 ert6 ert7 jox jox 2 ltp zurabyan

Back to top button
Close