Նորություններ

Լ. Տեր-Պետրոսյանը չխոսեց ներքաղաքական վերջին զարգացումներից, նա քննադատեց ընդդիմադիր դաշտում գործող մյուս ուժերին

Ակնկալվում էր, որ այսօրվա հանրահավաքին ՀԱԿ առաջնորդը գնահատական էր տալու ներքաղաքական վերջին զարգացումներին, խոսելու էր ԲՀԿ-ի հետ հետագա համագործակցության, Գ. Ծառուկյանի հետ տեղի ունեցածի ու շարժման հետագա ճակատագրի մասին:

Սակայն Լ. Տեր-Պետրոսյանը հիասթափեցրեց հրապարակում հավաքվածներին՝ հայտարարելով, որ ոչ միայն ոչինչ չի խոսելու ներքաղաքական վերջին զարգացումներից, այլեւ ազդարարեց, որ արտոնված մյուս հանրահավաքները եւս տեղի չեն ունենալու:

ՀԱԿ առաջնորդն ասաց, որ զերծ կմնա վերջին իրադարձությունները մանրակրկիտ վերլուծելուց, որովհետեւ «իրադարձություններն այնքան թարմ են, որ երկար մտորումների եւ հիմնավոր վերլուծությունների կարիք ունեն»: Իսկ ինքը չի ցանկանում «հապշտապ դատողություններ անել»:

Լ. Տեր-Պետրոսյանն ասաց, որ իրադարձությունները շատ թարմ են, և ինքը ոտքի վրա որոշում կայացնելու սովորություն չունի, ուստի զերծ կմնա նոր գնահատականներ հնչեցնելուց: Վերջինս հայտարարեց. «Ընդդիմադիր դաշտում միայնակ մնացած ՀԱԿ-ին ժամանակ է պետք ռեսուրսները հաշվարկելու համար»: Եվ ասաց, որ առնվազն երկու ամիս Կոնգրեսը հրապարակային միջոցառումներ չի անցկացնի:

Եվ քանի որ առաջիկա երկու ամիսները հագեցած են լինելու 100-ամյակի միջոցառումներով, ՀԱԿ-ը զանգվածային միջոցառումներ չի անցկացնի, քանի որ խոչընդոտելու ցանկություն չունի:

Այնուհետ իր քննադատական սլաքն ուղղեց ընդդիմադիր դաշտում գտնվող մյուս ուժերին.

«Հրատապ ընդդիմափոխության խնդիր են առաջ քաշել, ուզում են ձեզ մեզնից գնել»,- ասաց Տեր-Պետրոսյանը հարթակում հավաքված բազմությանը:

«Այդ ուժերի աստեղային ժամն է, եւ Հայ Ազգային Կոնգրեսը ոչ միայն իրավունք չունի զրկել նրանց եզակի այդ հնարավորությունից, այլև պարտավոր է նպաստել դրան»:

Լ. Տեր-Պետրոսյանն անուններ չտվեց, բայց հասկանալի էր, որ նրա սլաքներն ուղղված էին հիմնականում ընդդիմադիր դաշտում գործող «Հիմնադիր խորհրդարանին» եւ Ն. Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագրին»:

Տեր-Պետրոսյանն ասաց, որ իրենք պատրաստ են արտոնված հանրահավաքների օրերը տրամադրել նրանց: Այսինքն սա նշանակում է, որ Կոնգրեսը, որ արտոնել էր մարտի 2-15-ը Ազատության հրապարակը՝ հանրահավաքներ իրականացնելու համար, հրաժարվեց դրանցից:

Back to top button
Close