Նեմցովի ընկերուհին գտնվում է հսկողության տակ, նա պատրաստվում է մեկնել Ուկրաինա
Սպանության պահին Բորիս Նեմցովին ուղեկցող ընկերուհու`23-ամյա Աննա Դուրիցկայայի փաստաբանը «Ինտերֆաքսին» տված հարցազրույցում հայտնել է, թե որտեղ է վերջինս գտնվում:
«Աննան գտնվում է Նեմցովի համախոհներից մեկի բնակարանում: Նրան պահում են հսկողության տակ եւ ոչ մի տեղ չեն թողնում»,- հայտնել է պաշտպան Վադիմ Պրոխորովը: Նրա խոսքերով՝ Աննա Դուրիցկայան տվել է բոլոր անհրաժեշտ ցուցմունքները եւ հիմա մտադիր է վերադառնալ Ուկրաինա»:
«Դեռ երեկ Աննան պաշտոնական հայտարարությամբ դիմել էր Մոսկվայում Ուկրաինայի դեսպանին, որպեսզի վերջինս օգնի նրան վերադառնալ Կիեւ»,- ավելացրել է փաստաբանը: Վերջինս նաեւ հայտնել է, որ առայժմ ոչ մի նորություն չունի սպանության գործի քննության վերաբերյալ:
Ավելի վաղ ՌԴ-ում Ուկրաինայի դեսպան Գենադի Բրեսկալենկոն հայտարարել է, որ չունի տեղեկություն այն մասին, թե որտեղ է Ուկրաինայի քաղաքացի Աննա Դուրիցկայան:
Դիվանագետն ասել էր, որ եղել է Ռուսաստանի քննչական կոմիտեում, որպեսզի հանդիպեր 23-ամյա ուկրաինուհի մոդելի հետ, սակայն դա նրան չի հաջողվել: Հայտնի է, որ աղջկան հարցաքննել են շաբաթ օրն առավոտյան, ինչից հետո նա լքել է քննչական կոմիտեի շենքը:
Հիշեցնենք, որ ռուսաստանցի քաղաքական գործիչ Բորիս Նեմցովին սպանել են Մոսկվայում կեսգիշերին նրա վրա արձակված 4 կրակոցով Կրեմլի դիմաց գտնվող Մոսկվորեցկի կամրջի վրա:
Սպանության փաստով հարուցվել է քրեական գործ «Սպանություն» եւ «Զենքի ապօրինի կիրառում» հոդվածներով: ՌԴ քննչական կոմիտեն ուսումնասիրում է մի քանի վարկած: Կոմիտեն տեղեկություններ ունի այն մասին, որ Նեմցովը սպառնալիքներ է ստացել Փարիզի Charlie Ebdo երգիծական խմբագրության լրագրողների սպանության վերաբերյալ իր դիրքորոշման համար: Ճշտվում է նաեւ Ուկրաինայի իրադարձությունների հետ կապված վարկածը: Քննիչները չեն բացառում նաեւ, որ սպանությունը կարող է կապված լինել Նեմցովի առեւտրային գործունեության կամ նրա հանդեպ ունեցած անձնական բացասական վերաբերմունքի հետ:
Աղբյուր` lenta.ru
Թարգմ.` Էդիտա Աթոյան