Էս 50 դրամ թեյավճարն էլ թող «գծի տերն» ու Տարոնը կիսվեն

1374530452,7324

Այսօր առավոտյան կանգառից բարձրացա 38 համարի երթուղային տաքսի, ինձ հետևեց մի երիտասարդ, ով սակայն նախքան երթուղային բարձրանալը հարցրեց.

«100 եմ տալու` բարձրանամ, թե՞…»:

Վարորդը լուռ նայեց երիտասարդին ու թոթվեց ուսերը: Երիտասարդը բարձրացավ ու սկսեց ուղևորներին կոչ անել վճարել 100 դրամ, քանի որ Տարոն Մարգարյանն իրավասու չէր ավագանու փոխարեն որոշում կայացնել ու ուղետոմսերի նոր գին սահմանել: Սկսվեց թեժ քննարկում: Վարորդը լուռ լսում էր: Հերթական անգամ լսվեց.

«Կանգառում կկանգնե´ք»:

Մոտեցավ մի աղջիկ ու 100 դրամանոց մետաղադրամը բառիս բուն իմաստով շպրտեց մինչ այդ լուռ նստած վարորդի վրա և դուռը շրխկացնելով` իջավ երթուղայինից:

Վարորդի նյարդերը տեղի տվեցին.

«Կոպեկ շպրտող ես տար «գծի տիրոջ» երեսին շպրտի, ես ի՞նչ անեմ, հեսա օրվա վերջում տանելու եմ գումար փակվեմ, գազը թանկ լցնում եմ քիչ է, մի հատ էլ վզիս դրած վիրուշկեն են թանկացրել: Բողոքող եք իմ մոտ մի բողոքեք, վերևներին բողոքե´ք»:

«Դուք էլ գործադուլ հայտարարեք, դուք էլ մեզ նման տուժող կողմ եք: Որ մի քանի օր համատարած կերպով աշխատանքի դուրս չգաք, նրանք էլ ստիպված կլինեն հաշվի նստել մեզ հետ»,- առաջարկեցի ես:

«Ես քաշեցի մեքենան կանգնեցի, ասեցի չեմ քշում, գծի մյուս տղեքը դուրս եկան գործի, ինձ էլ շեֆն ասաց` չես քշում, դու գիտես, հիմա ի՞նչ անեմ, դուրս գամ երեխեքս սոված մնան, իմ ընտանիքին ո՞վ կպահի: Մի օր ղեկին ինֆարկտը կխփի` կմեռնեմ- կպրծնեմ, առավոտից իրիկուն մենակ մուննաթ եմ լսում»:

Հասավ նաև իմ իջնելու հերթը: Մեկնեցի 200 դրամն ու ավելացրի.

«Մանրը պետք չէ, դա էլ «գծի տիրոջը» թեյավճար կփոխանցե´ք»:

«Հա էլի, ու թող իրա մեծ ախպեր Տարոնիկի հետ էլ կիսվի»,- լսվեց ուղևորներից մեկի ձայնը:

Տաթև Ֆռանգյան

Դիտվել է՝

Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերը և ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>