«Շնորհակալություն կուսակցությանը եւ անձամբ…»

4bmxe5945a3a7cqozi_800C450

Ես արդեն երկար տարիներ աշխատում եմ գյուղական դպրոցում եւ տեսել եմ շատ երեխաների՝ խելացի եւ ոչ այնքան, դաստիարակված եւ ոչ այնքան, ապահովված եւ ոչ այնքան: Այդ ցանկը կարելի է անվերջ շարունակել: Սակայն ես ցանկանում եմ պատմել իմ աշակերտուհիներից մեկի՝ ինձ հանգիստ չտվող ճակատագրի մասին:

Պատմության սկիզբը տրիվիալ է, սովորական, այն մեզ բոլորիս քաջածանոթ է: Ինչպես մեր ժամանակներում ընտանիքների շատ հայրեր, նրա հայրը, թողնելով տունը, ընտանիքին, հարազատներին եւ այն ամենը, ինչ թանկ է եւ ընտելական, մեկնել է Ռուսաստան՝ վաստակելու:

Մեկնել է, ինչպես ուրիշ հազարավորները, եւ ինչպես սովորաբար է լինում, մոռացել է ընտանիքի, երեխաների մասին, նոր ընտանիք է կազմել, եւ ինչպես պարզվել է, ոչ միակը:

Իմանալով այդ մասին՝ աղջկա մայրը նույնպես որոշել է «ապրել», ինչպես ասում են համագյուղացիները, վերջնականապես մոռանալով «կանացի պատվի, խղճի եւ բարոյականության մասին»:

Ինչեւէ, ես նրանց համար դատավոր չեմ: Բամբասանքները, որպես կանոն, անմիջապես հասան ամուսնուն, եւ բազում տարիներ հետո նա անմիջապես ժամանակ գտավ գալ գյուղ, խայտառակել կնոջը, վտարել տնից՝ թողնելով ձեռնունայն: Բացի այդ, նա որոշեց «ազնվաբարո արարք» կատարել՝ իր հետ վերցնել երեխաներին. ինչպե՞ս կարելի է նրանց թողնել «բարոյազուրկ» մոր հետ:

Այս ամենն այնքան էլ ողբերգական չէ… ողբերգական է նրանց դստեր ճակատագիրը: Որոշ ժամանակ անց երեխան դարձավ անպետք, խանգարող հանգամանք, եւ նրան հետ ուղարկեցին: Աղջիկը կտրականապես հրաժարվում է շփվել մոր հետ, չի խոսում նրա հետ, չի պատասխանում նրա հեռախոսազանգերին. հայրն էլ նրան դավաճանեց, եւ նա ապրում է մերթ տատի, մերթ ազգականների մոտ:

Սա ընդամենը մեկ օրինակ է, իսկ ամբողջ Հայաստանում ինչքա՞ն կա. ինչքա՞ն փլուզված ընտանիքներ, ինչքա՞ն կոտրված ճակատագրեր: Մի՞թե մեզ բավարար չէր ցեղասպանությունը:

Պատկերացրե՛ք երեխայի, ով երես է թեքել հարազատ մորից, ով վաղ հասակից տեսել է մտերիմ մարդու դավաճանությունը՝ գյուղում քայլելով համագյուղացիների թունոտ եւ չարախինդ հայացքների ներքո. չէ՞ որ «դուստրը միշտ մորն է նման»:

Ինչքա՞ն ուժեղ պետք է լինել, որպեսզի չկոտրվես եւ շարունակես սովորել դպրոցում, ի դեպ, լավ սովորել: Ամեն անգամ, մտնելով դասասենյակ եւ տեսնելով նրա՝ տարիքին ոչ բնորոշ լուրջ դեմքը, ցանկություն է առաջանում մոտենալ նրան, նայել անհատնում տխրությամբ լի նրա աչքերի մեջ եւ ասել. «Ներիր մեզ, փոքրիկս»:

Մեր հասարակությունը բաժանվել է գրեթե «թշնամական» երկու ճամբարների. ընտանեկան բռնությունից պաշտպանելու մասին օրենք ընդունե՞լ, թե՞ ոչ: Սակայն ոչ մեկի մտքով անգամ չի անցնում օրենք ընդունել հենց ընտանիքի եւ ընտանեկան արժեքների մասին:

Ուստի ցանկություն է առաջանում տալ ինձ տանջող հարցը. «Պարոն նախագահ, ո՞ւր է իմ բոլոր հայրենակիցներին Հայրենիք վերադարձնելու ձեր նախընտրական խոստումը, երբ ընտրողների առջեւ ձեր ելքը գրեթե համեմատվեց Մովսեսի առաջնորդությամբ հրեաների ելքի հետ: Ո՞վ է պատասխան տալու երեխայի աչքերի անսահման տրտմության համար»:

Ես գրում եմ այս տողերը, իսկ գլխումս անդադար պտտվում է ժամանակին հոգեհան արած հայտնի կլիշեն. «Շնորհակալություն կուսակցությանը եւ անձամբ…»:

Կարինե Մկրտչյան

Դիտվել է՝