Երբ Մարտի մեկին գարունը համառորեն չի գալիս…

28336838_1895662983842270_2766977671039237631_o

2008 թվականի փետրվարյան հանրահավաքները լուսաբանելով՝ ակամայից լրագրողից դարձա քաղաքացի, ով սկզբում ցածրաձայն էր մտմտում՝ «Պայքար, պայքար մինչեւ վերջ», հետո ավելի ու ավելի համարձակ վանկարկում՝ «Հիմա» ու «Հեռացեք»…

Կերպարանափոխումը լրագրողից ըմբոստ ցուցարարի տեղի ունեցավ այնքան աննկատ, այնքան սահուն, որ ենթագիտակցաբար սկսեցի ոգեւորվել հրապարակում օրեցօր ավելացող մարդկանց քանակից, տարվել այն վարակիչ էներգետիկայով, որը տիրում էր Ազատության հրապարակում, սկսեցի ակամայից անհանգստանալ հրապարակում ցուրտ եղանակին վրանի մեջ գիշերող քաղաքացու առողջությամբ: «Գետինը սառն է, ներքնակը հաստացրե՛ք», «Նորմալ սնվեք, այս գիշեր հո չե՞ք մրսել»… այս հարցերով սկսեցի «անհանգստացնել» գիշեր ու զօր հայկական «Մայդանը» չլքող քաղաքացուն:

Ինքս չէի գիշերում հրապարակում, եւ չգիտես ինչու՝ ինձ մեղավոր էի զգում, որ գոնե մեկ լուսաբաց չեմ դիմավորել Ազատության հրապարակում, քանի որ ամեն օր ստիպված էի վերադառնալ Գյումրի եւ տեսանյութ պատրաստել այն մասին, թե ինչ է տեղի ունենում Ազատության հրապարակում:

Փոխարենը երբեմն սահմանափակվում էի գիշերային զբոսանքներով, երգում ոգեւորված քաղաքացիների հետ, պարում հայրենասիրական ռիթմերի տակ, հրճվում՝ հաղթանակի սպասող եւ հարթակում կանգնածների հետ այնքան մեծ հույսեր կապող քաղաքացու հրճվանքով…

Փետրվարի 28-ի ճակատագրական գիշերը պլանավորել էի մնալ, ու էլի չստացվեց…իսկ առավոտ վաղ՝ ժամը 6-ին հնչած հեռախոսազանգը գուժելու էր՝ «ժողովրդին ցրեցին, ջարդեցին, Ազատության հրապարակում դաժանորեն ծեծեցին քնած ցուցարարին…»:

Լացակումած ուղեւորվեցի Երեւան, որտեղ ավելի սարսափեցնող էր լինելու օրն ինձ եւ հազարավոր մարդկանց համար…

Copy of _IGP0614Նախ լրագրողների հետ հանդիպեց արդեն տնային կալանքի տակ գտնվող Լեւոն Տեր- Պետրոսյանը: Ինձ համար արդարանալու ճիգեր թվացին խոսքերն այն մասին, որ ինքը մինչեւ վերջին պահը չի լքել արդեն դատարկված Ազատության հրապարակը, որ միայն ոստիկանների ուղեկցությամբ են իրեն բերել տուն եւ որ արգելված է դուրս գալ բնակարանից: Իրականում այո, նրա բնակարանը հսկում էին բազմաթիվ իրավապահներ, եւ լրագրողների մուտքն ու ելքն էլ խիստ վերահսկում էին այդ օրը… Լեւոն Տեր-Պետրոսյանն առաջինը հայտնեց, որ մարդիկ հավաքվել են ֆրանսիական դեսպանատան հարակից տարածքում, որ իրավիճակն այնտեղ լարված է, եւ օդ են կրակում:

Սա Մարտի մեկի սկիզբն էր… անորոշությունը, չպարտվելու, թվացյալ հաղթանակը ձեռքից բաց չթողնելու ձգտումն էր, որ Ազատության հրապարակն ուժով ցրելուց ժամեր անց հազարավոր քաղաքացիների մեկտեղել էր Մյասնիկյանի արձանին հարող տարածքում:

_IGP0814

_IGP0821

Այստեղ է, որ ես առաջին անգամ զգացի, թե ինչ սարսափելի է, երբ մի կողմում իր իրավունքների համար կռիվ մղող հայ քաղաքացին է կանգնած, իսկ նրանից մի քանի քայլ այն կողմ համազգեստավոր ՀՀ քաղաքացին, ով գուցե մտովի մյուս ճամբարում է, բայց իրականում ամուր բռնել է վահանը, սաղավարտի տակից ծիկրակում է, թե ինչ է կատարվում շուրջբոլորը եւ պատրաստ սպասում է հրամանի:

Բարիկադների մեջտեղում լրագրողներն էին, այն հատուկենտ ընդդիմադիր գործիչները, ովքեր անընդհատ հորդորում էին շատ չմոտենալ միմյանց, պահպանել ջրբաժանը, որպեսզի բախումներ չլինեն:

_IGP0857 _IGP0885 _IGP0831 _IGP0840

Ամբողջ օրը հավաքված քաղաքացիները պահանջեցին «առաջնորդի» ներկայությունը: Գերլարված կրքերը հանգստացնելու ապարդյուն փորձեր անում էին ՀԱԿ այլ ներկայացուցիչներ՝ հորդորում չբախվել իրավապահների հետ, բարիկադներ կառուցել՝ հրապարակն ավելի պաշտպանված դարձնելու համար, հորդորում էին պահպանել հանգստություն, խոստանում, որ Տեր-Պետրոսյանն անպայման գալու է հրապարակ, որ պատասխանի մարդկանց հուզող հարցերին: Նա սակայն այդպես էլ չեկավ «Մայդան» պատճառաբանությամբ, թե առաջին նախագահի անվտանգությունը երաշխավորված չէ, ուստի հայտնի չէ, թե ինչ կլինի, եթե Տեր-Պետրոսյանը հասնի հրապարակ:

Իսկ այդ հրապարակում երաշխավորված չէր որեւէ մեկի անվտանգությունը, ոչ ոք պաշտպանված չէր այդ օրը, որեւէ մեկը չէր կարող ասել՝ արդեն իսկ օդ կրակվող նախազգուշական փամփուշտներն արդյոք ավելի ուշ իրեն բաժին չէին հասնելու…

Երեկոյան հնչող կրակոցներն արդեն գուժում էին, որ գիշերն արյունոտ է լինելու… Մի կողմում հարթակից հնչող ելույթներն էին, մի քանի մետր այն կողմ ուժերի ակտիվ եւ կանխամտածված վերադասավորում: Իշխանական գերատեսչություններին պատկանող կառույցներում ուժայինների հոծ բանակ էր կենտրոնացված, զինվորական ավտոբուսներ էին Բաղրամյան 26-ում եւ այդ հասցեին հարող տարածքում: Աղոթքներն անզոր էին այդ գիշեր կանխելու որեւէ բան… եղավ անխուսափելին…

Իշխանությունը ուժով պահեց իշխանությունը, եւ 2008-ի գարունն «արյամբ ազդարարվեց»…

Թող ներեն ինձ զոհերի հարազատները, բայց դա այն «գինն էր», որը վճարեց Ազատության հրապարակում կռիվ տվող քաղաքացին՝ հանուն իշխանափոխության եւ պարտվեց… Ունենալ զոհեր եւ հանդուրժել այդ զոհերի արյամբ իշխանություն եկածներին պարզապես աններելի, անհավանական բան էր… Տասը զոհերից յուրաքանչյուրի կյանքը պետք է դատավճիռ դառնար իշխանության յուրաքանչյուր ներկայացուցչի համար: Բայց Մարտի մեկի էջը ոչ միայն սահուն կերպով փակվեց, ոչ միայն չբացահայտվեցին այդ սպանությունները, այլ նաեւ կարծես բոլորը համակերպվեցին այդ մտքի հետ, որ մեղավորները ոչ միայն չեն հայտնվել ճաղերից այն կողմ, այլև շարունակում են բարձր պաշտոններ զբաղեցնել… Մեր բոլորիս թողտվության մթնոլորտում տասը էջ սահուն եւ հենց այնպես մի կողմ դրվեց..

Հարգել զոհերի հիշատակը իմ պատկերացմամբ չի նշանակում ծաղկեպսակ դնել, ասենք, Մյասնիկյանի արձանին հարող տարածքում… Զոհերի հիշատակն արդեն անարգվել է նույն այդ անտարբերության եւ թողտվության մթնոլորտում, երբ պահանջատեր լինելու փոխարեն երկխոսել են արյամբ իշխանությունը զավթած խմբավորման հետ, երբ խմել են այդ իշխանության հարատեւման կենացը, առաջ վազելով՝ սեղմել արյունից չմաքրված ձեռքերը… Կրկնակի անարգանք է այսօր տարբեր ամբիոններից շահարկել կատարվածը…

Այսօր գարնան առաջին օրն է գուցե բոլորի, բայց ոչ տասը զոհերի հարազատների համար… նրանց հոգիներում դեռ փետրվարի 28-ն է՝ չավարտվող, ձգվող, տանջող, ցուրտ, կցկտուր եւ անպատասխան հարցերի երկար շարանով…

Գարուն մի դեպքում կազդարարվի, երբ գոնե այդ հարցերին հստակ պատասխաններ կտրվեն…

2008-ից հետո մարտի մեկն ինձ համար էլ գարունը չի խորհրդանշում… ես մտովի վերապրում եմ, հիշում, հուզվում, նեղսրտում, որ մարտի մեկին ռեժիմի դեմ հայ ժողովրդի կրած պարտությունն ազդարարեց…

Արմենուհի Վարդանյան

Լուսանկարները՝ Լեւոն Բարսեղյանի

Դիտվել է՝

Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերը և ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>