Իներցիա՞, թե՞ գիտակցված PR

nikol

Նախկինում, երբ իշխանությունները որևէ բնագավառում՝ լինի դա էներգոռեսուրսների գնի բարձրացում կամ հարկային բեռի ավելացում կամ ապրանքների գնի բարձրացում, որդեգրում էին հետևյալ քաղաքականությունը. հանրության մեջ տեղեկատվություն էին տարածում, որ գինը ոչ թե իրենց ուզած կամ իրենց կողմից որոշված չափով պետք է բարձրանա, այլ դրանից մի քանի անգամ ավելի: Բայց այդ տեղեկատվության տարածողները շատ լավ գիտեին, թե ինչ պետք է լինի հաջորդ քայլը, որը կհանդարտեցնի կամ կլռեցնի բոլորին, և մի բան էլ այդ բողոքողները ուրախությամբ կընդունեն իրենց կողմից որոշված այդ գնի բարձրացման քաղաքականությունը: Աղմուկ-աղաղակներից հետո որոշ ժամանակ անց վերջնական օրենքի ուժ էր ստանում և հայտարարվում էր նոր թանկացման կամ գնի բարձրացման չափը, որը, բնականաբար, համեմատած նախկինում հայտարարված բարձր գնի հետ, այդքան էլ բարձր չէր: Հասարակության լայն շերտերի մոտ ինչ-որ չափով գոհունակությամբ էր ընդունվում այդ լուրը՝ մտածելով, որ չարյաց փոքրագույնը ավելի ընդունելի է, քան բուն չարիքը:

Սա նախկին իշխանությունների արատավոր քաղաքականություններից մեկն էր հասարակության հանդեպ, մոլորեցնելու և ի վերջո գինը բարձրացնելով դժգոհություն չհարուցելու և մի բան էլ լավության շղարշի տակ ներկայացնելու արվեստ:

Թվում էր, թե 2018թ. ապրիլ-մայիս ամիսներին երկրում տեղ գտած փոփոխությունները վերջնականապես պետք է մեր կառավարիչների մոտ ջախջախեին նմանատիպ մոտեցումները և մանիպուլյացիաները հասարակության նկատմամբ, բայց, ցավոք, այդպես չէ:

Երբ ՊԵԿ-ը դեկտեմբեր ամսվա վերջին հայտարարեց, որ բոլոր այն փոքր և միջին ձեռնարկատերերը, ովքեր աշխատում են հին ՀԴՄ-ներով, պետք է իրենց  սարքերից հրաժարվեն և համաձայն օրենքի նոր սերնդի ՀԴՄ-ներ ձեռք բերեն, դեռևս հույս կար, որ նոր կառավարությունն ավելի խելամիտ կգտնվի և անակնկալի եկած 1000-ավոր ձեռներեցների չի դնի դժվար դրության մեջ և մեղմացուցիչ մոտեցում կցուցաբերի, բայց վարչապետի լայֆերից մեկում հնչեցրած «ՀԴՄ-ական դիկտատուրա» արտահայտությունը վերջակետ դրեց բոլոր դրական սպասումներին:

Եվ այստեղ ամենահետաքրքիրն այն էր, որ նոր սերնդի ՀԴՄ-ների ձեռք բերման արժեքը կազմում էր 160.000 դրամ, որը նախկին իշխանությունների օրոք վերջին 2-3 տարիների ընթացքում ամենաբարձր ձեռք բերման գինն էր:

Օրենքը կիրառության մեջ դրվում էր 2019թ. հունվարի 1-ից, և ձեռներեցների մեծամասնությունը ճարահատյալ ՀԴՄ ձեռք բերման դիմում գրեց ՊԵԿ-ին, որպեսզի խուսափեն վարչական տույժ-տուգանքներից, սակայն ամբողջ հունվար ամսվա ընթացքում այդպես էլ չստացան իրենց սարքերը, չնայած ի սկզբանե արդեն պարզ էր, որ այս վերափոխված կամ հեղափոխված կառավարությունը կարծես այս պարագայում էլ գործել է նախորդների արատավոր օրինակով, և այդ փաստը ապացուցվեց փետրվար ամսվա հայտարարությամբ, որ ՀԴՄ սարքերի գինը սուբսիդավորվելու է, և կազմակերպությունները այն կարող են ձեռք բերել 60.000 դրամով: Արդյունքում բոլոր ձեռներեցները ձեռք բերեցին և սկսեցին աշխատել նոր սերնդի ՀԴՄ սարքերով, և դրան զուգահեռ նրանց մոտ դժգոհության փոխարեն գերիշխեց գոհունակության զգացումը:

Երկրորդ ցայտուն օրինակը գազի գնի շուրջ ձևավորված աղմուկն էր, երբ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին տեղեկատվություն տարածվեց, որ գազի գինը կարող է բարձրանալ, բայց ի վերջո այն մնաց անփոփոխ, սրանով զրոյացվեց այն թեզը, որ վարչապետը պատգամավոր եղած ժամանակ հրամցրել էր Ազգային ժողովում բազմաթիվ ելույթների ժամանակ, ինչպես նաև 2018թ. ցույցերին, որ իրականում գազի գինը արհեստական բարձրացված է, որպեսզի կառավարության որոշ շրջանակներ գերշահույթ ստանան, և իրականում հնարավոր է այն շատ զգալի կերպով նվազեցնել և բարելավել մարդկանց սոցիալական ծանր վիճակը: Սրանով փորձ արվեց այս հարցի շուրջ հետագա խոսակցությունների դեմն առնել կամ նախկինում տված խոստումներից մանևրել: Թե դա ինչքանով ստացվեց, ցույց կտա ժամանակը:

Նախորդ կառավարության իշխանության տարիներին այս PR-ը կարելի էր հասկանալ վերջիններիս թուլության և անհարգալից-մանիպուլյատիվ վերաբերմունքով հասարակության նկատմամբ, բայց ներկայիս իշխանությունների պարագայում առնվազն անհասկանալի և տարակուսելի է նմանատիպ անհեռանկարային գործելաոճը, որը իշխանության անդամներից շատերը գուցե մեկնաբանեն որպես իներցիա, բայց այս երևույթը ոչ այլ ինչ է, քան ապացույց այն բանի, որ սերժսարգսյանական համակարգը՝ ի դեմս նոր իշխանավորների փոփոխված դեմքերի, շարունակում է աշխատել և իր կամքը թելադրել՝ նորելուկներին դարձնելով սենյակային չինովնիկներ, ովքեր օրեցօր կտրվում են հասարակությունից և իրականությունից:

Արման Գրիգորյան

Տնտեսագետ

Դիտվել է՝