Կասե՞ս, թե ով է գրել Հովհաննես Թումանյանի «Շունն ու Կատուն»

1375956128,3202

Ամառային տաք երեկոներից մեկը որոշեցինք անցկացնել երեւանյան փողոցներով շրջելով: Երկար քայլելուց հետո  փոքրիկ Արթուրիկը, իրեն հարմար նստարան գտնելով Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ետնամասում, տեղավորվեց: Հետեւեցինք նրա օրինակին: Լուռ դիտում էինք անցորդներին, երբ հանկարծ հեռախոսով բարձր խոսելով մեզ մոտեցավ մի տղամարդ: Այնպիսի տպավորություն էր, որ նա խոսում է իր ընկերներից մեկի հետ եւ որոշ հարցերի պատասխաններ է փորձում գտնել, սակայն ավելի մոտենալով մեզ` հարց հղեց փոքրիկ Արթուրիկի քրոջը՝ Հրանուշին. «Բալիկ ջան, խնդրում եմ` կասես, թե ով է գրել Հովհաննես Թումանյանի «Շունն ու Կատուն»:

Շփոթվելով Հրանուշը պատասխանեց.  «Բայց «Շունն ու Կատուն» հենց Հովհաննես Թումանյանն է գրել»: Այնուհետեւ անծանոթ պապիկն ասաց` ընկերս ինձ հարցնում է 5 հայ գրողների անուններ, կօգնե՞ս: Հարցին պատասխանելուց հետո, նկատեցինք, թե ինչ ոգեւորությամբ էր Հրանուշը սպասում հաջորդ խորհրդավոր հարցին: Այնուհետեւ դառնալով Արթուրիկին` հարցրեց. «Բալիկ ջան, որ դու քնում ես, քո անունն ի՞նչ է լինում»: Եւ նման հարցերի ու պատասխանների շարանում մենք լուռ կանգնած հետեւում էինք այն մտերմությանը, որը ձևավորվեց մի քանի րոպեների ընթացքում խորհրդավոր անծանոթի ու երեխաների միջև, եթե ցանկանում էինք միջամտել, Միշա պապիկը, ինչպես հետո ներկայացավ, մեզ դուրս էր հրավիրում  «դասարանից»:

Գրողներին, կոմպոզիտորներին, նկարիչներին անդրադառնալուց հետո հարցեր տեղացին երաժշտական գործիքների մասին:

Իմանալով, որ Հրանուշը հաճախում է դաշնամուրային դասերի, հրավիրեց Օպերայի ետնաբեմ եւ փորձեց վերջինիս ընդունակությունները: Մեր անծանոթ բարեկամը Միշա Դանիելյանն է, ով մասնագիտությամբ երաժիտ է, ընտանիքում 7 երեխա են եղել, 2-ն ընտրել են երաժշտությունը: Ծնունդով Ղափանից Միշա Դանիելյանը արդեն 15 տարի է, ինչ աշխատում է Երեւանում` որպես գլխավոր էներգետիկ եւ հսկիչ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Բազմիցս խաղացել է տարբեր ներկայացումներում, վերջին դերը խաղացել է «Ծաղկաձոր -Չիկագո տրանզիտ»-ում: «Չնայած կատարել եմ էպիզոդիկ դերեր, սակայն առանց արվեստի՝ թատրոնի, չեմ պատկերացնում իմ կյանքը, հարուստ եմ, որ մոտ եմ արվեստին»,- պատմում է նա:

Իր երեխաների մեջ նույնպես փոքրուց սերմանել է սերը արվեստի հանդեպ: Այն հարցին, թե ի՞նչ է կարծում`ինչ վերաբերմունք ունի ներկայիս երիտասարդությունը թատրոնի, արվեստի  նկատմամբ, ի պատասխան պարոն Միշան արտասանեց իր իսկ գրած բանաստեղծությունը, որն ունկնդրելուց հասկացանք , որ երիտասարդները պասիվ են, ոգեւորությունը` քիչ նշմարելի:

Երկար զրույցից հետո բացատրեց իր նման վերաբերմունքը անցորդների նկատմամբ: «Ուզում եմ, որ հղկվի երիտասարդների միտքը, զարգանա նրանց տրամաբանությունը, կարողանան ցանկացած իրավիճակում արագ կողմնորոշվել: Սիրում եմ զրուցել երեխաների հետ: Նրանք են մեր այսօրվա հիմքը, ուստի անհրաժեշտ է, որ ամուր հիմք ձեւավորվի»:

Առակների, պատմությունների միջոցով ստանալով վերջին խորհուրդները`հրաժեշտ տվեցինք արդեն իսկ շատ սիրելի պարոն Միշային եւ ուղեւորվեցինք տուն: Հրանուշի եւ Արթուրիկի ոգեւորությունը իրենց նոր ընկերոջ հետ հանդիպումից հետո անչափ մեծ էր, ողջ ճանապարհին   Հրանուշը քննարկում էր հայ գրողների ստեղծած հերոսների դրական եւ բացասական կողմերը, կազմում այն գրքերի եւ հեղինակների հերթականությունը, որոնք ընթերցելու է, անընդհատ կրկնում էր կոմպոզիտորների անուններ` փորձելով հիշել վերջիններիս ստեղծագործությունները:

Այս փոքրիկ դրվագից հետո ինչ-որ մի բան հաստատ փոխվեց երկուսի մեջ էլ, Միշա պապիկը գցեց արվեստի ծաղկի  առաջին սերմը երեխաների դեռ այնքան մաքուր հոգում…

Հասմիկ Խաչատրյան

Դիտվել է՝

Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերը և ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>