Ինքնահրկիզված 86-ամյա կնոջ մահը խարան է իրեն «սոցիալական» հռչակած պետության ճակատին. Միքայել Նահապետյան

l-AipsYah6tS

ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի նախկին օգնական Միքայել Նահապետյանը, ով սեփական  դիմումի  համաձայն էր հեռացել զբաղեցրած պաշտոնից,  ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Տեղեկատվական հեղեղի մեջ սահեց-անցավ «Ինքնահրկիզված 86-ամյա կինը մահացավ» գլխագիրը: Սահեց-անցավ, բայց կուլ չգնաց, որովհետև ողբերգական այս դեպքը խարան է իրեն «սոցիալական» հռչակած պետության ճակատին:

Ի՞նչ էր ուզում մայրիկը: Ուզում էր, որ ականջների միջից «բզեզներին հանեն», խշշոցը հանեն, որ կարողանա քնել: Այսքան պարզ ու ողբերգական:

Հիմա, երբ նա քնած է աշխարհի ամենահանգիստ քնով և մի շիշ բենզինը շպրտել է արթունների համակեցության ճակատին, հավանաբար մենք թեկուզ քիչ, բայց մտածելու ժամանակ ունենք:

Մենք, որ այսօր առողջ ենք ու հավակնոտ, որ մեծ ծրագրեր ունենք ու տեսիլներ, մենք, որ երեկ դեռ ատամներով կառչած էինք 50… 70… 100 հազար դրամ աշխատավարձով աշխատանքից ու Աստված էինք կանչում, որ դիսիդենտական մեր հայացքների համար դրանից էլ չզրկեն… մենք, որ այսօր արդեն գործիչներ ենք ու դեպուտատներ, մի կատու չխնամած կամ խնամած ղեկավարներ, ի՞նչ ուղերձ ունենք մեր ծնողների, ծերերի, հոգածության արժանիների համար:

Կա՞ ինչ-որ մեկը մեր մեջ, որ վաղը աչքերը կախ կքայլի, կա՞ ինչ-որ մեկը, ով կգիտակցի, որ մայրիկի մահը իր հապաղելու հետևանքն էր ու իր խղճին ծանրացավ:

Հարկեր հավաքելու մեխանիզմը աշխատում է կոկորդիլոսի ծնոտների պես: Պետությունը բավականին մեծ ճշգրտությամբ գիտի մի իքս տեղ ծլած փողը ինչ մեխանիզմով պիտի հասնի բյուջե: Մարդը մտնում է գործի մեջ ու բորդուղեկցորդուհու ճշտապահությամբ նրա հարկերին պետությունը կրնկակոխ ուղեկցում է մինչև բյուջե: Իսկ կա՞ մի հոգի ով գործի կգցի դեռ չինքնահրկիզված հազարավոր մարդկանց կառավարության ու այլ շենքերի անառիկ դռների առջևից, իրենց տներից, կամուրջներ տակերից դեպի սոցիալական ապահովություն ու խնամք նույնքան կրնկակոխ ուղեկցելու մեխանիզմը: 4000 դրամ գողացած կնոջ դեմ ոստիկանության, քննչական կոմիտեի, դատական դեպարտամենտի ու եսիմինչերի հարյուր հազարավոր դրամներ ստացող (ինչքան էլ աբսուրդ չհնչի) այդ կնոջ ծառայողներն են գործում: Իսկ կառավարությունում կա՞ նույնքան աշխատավարձ ստացող մի այդպիսի պաշտոնյա, որ նրան այդքան ջանասիրաբար հետապնդեր, հասկանար հո սոված չե՞ն քնում:

Ի վերջո մենք պիտի հստակեցնենք. մարդը, որ բարձրագույն արժեք է, կարո՞ղ է մեռնել էսպես ողբերգական:

Ասում են մայրիկը Ծառուկյանին էլ էր դիմել…

Լույս իջնի հոգուդ տատի՛կ ջան»:

Դիտվել է՝