
Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ինքը չի հեռանում քաղաքականությունից և շարունակելու է պաշտոնավարել խորհրդարանական կառավարման Հայաստանում որպես վարչապետ:
Այն հանգամանքը, որ իշխանությունից չհեռանալու որոշման մասին «կոալիցիոն դաշնակիցների միասնական պահանջը» հենց Ս. Սարգսյանն է հանրայնացնողը, խոսում է «վարչապետ» Սարգսյանի աներկյուղ քայլերի մասին՝ դեպի վարչապետական աթոռ:
Ս. Սարգսյանի աճող ինքնագնահատականը՝ աշխարհաքաղաքական տարբեր բևեռների հետ արդյունավետ գործարքներից հետո, թույլ է տալիս ցինիկության աստիճանի ինքնավստահ լինել՝ հաշվի չնստելով ժողովրդի իրական պահանջների հետ: Սարգսյանն արդյունավետ կերպով լուծում է նաև իր իշխանության համար իրական վտանգ ներկայացնող ընդդիմադիր գործիչների հարցը՝ նրանց փակելով ճաղերի ետևում:
Սարգսյանի համագործակցությունը, սակայն, ոչ մի կերպ չի ստացվում Հայաստանի հասարակության հետ:
Նրա մեծագույն ձախողումը թերևս այստեղ է: Իր պաշտոնավարման անցած տարիների ընթացքում նա նույնիսկ չփորձեց հասնել առերևույթ մանր թվացող խնդիրների գոնե կոնստրուկտիվ լուծմանը, որոնք կարող էին բերել հասարակության մոտ սոցիալական լարվածության թուլացման, այլ ընտրեց ժողովրդին բացահայտ ծաղրելու ճանապարհը: Սերժ Սարգսյանը որոշեց նենգությամբ պահել իշխանությունը՝ նախապես լուծելով քաղաքացուց քվե «չակնկալելու» հարցը:
Սարգսյանը հասարակությունից լուրջ վտանգի մտահոգություններ չունի, քանի որ իր իշխանության ընթացքում Հայաստանից հեռացել է պայքարող քաղաքացին: Մյուս կողմից՝ նա պարզապես թերագնահատում է կյանքի տարիները հրապարակներում մաշող քաղաքացուն՝ մտածելով, որ նա ի զորու չէ ազատագրելու բռնազավթված իշխանությունը: Բայց Հայաստանի քաղաքացու կյանքից ևս 7 տարի խլելու համարձակությունը թերևս ամենամեծ մարտահրավերն է:
Միևնույն ժամանակ նույնիսկ մեծագույն բռնապետերը չեն կարողացել իրենց ապահովագրել ժողովրդական հուժկու ցասումից:
Դժվար է ասել՝ 2011թ.-ին Լիբիայի 42 տարվա առաջնորդ Մուամմար Քադաֆին կանխորոշո՞ւմ էր արդյոք իր ողբերգական վախճանը:
Կամ էլ Ղրղզստանում Բակիևների իշխանության տապալումից առաջ Կուրմանբեկ Բակիևը երբևէ մտածե՞լ էր, որ 2010թ.-ի ապրիլյան մի «գեղեցիկ» օր ստիպված է լինելու հարազատ եղբոր հետ ապաստան խնդրել Բելառուսից:
Պատմական այս իրողությունները մշտապես հետապնդում են բոլոր ժամանակների «զավթիչներին», երբ հասարակության մոտ կա կուտակված էներգիա, այն պայթելու «վատ» «սովորություն» ունի:
Սարգսյանն անշուշտ խորհել է նաև այս մասին: Թերևս սա է պատճառը, որ արել է ամեն ինչ՝ իր անիշխանության օրերը հասցնելու նվազագույնի:
Ընդամենը 7 օր քաղաքացին կապրի «անսերժ Հայաստանում»: Ապրիլի 9-ին կավարտվի Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը, և գործող կառավարությունը հրաժարական կտա: Ապրիլի 17-ին խորհրդարանը կընտրի նոր վարչապետ:
Բայց մինչ այդ ՀՀ քաղաքացին 7 օր՝ մի ամբողջ շաբաթ, ժամանակ ունի՝ հասնելու շրջադարձային փոփոխությունների:
Քրիստինա Մկրտչյան