Առաջիկա շաբաթվա ընտրականխատեսումներ, առաջարկություններ, հույսեր…

Հրանուշ Խառատյան

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Կարծում եմ, որ առաջիկա խորհրդարան կանցնեն, «Իմ քայլից» զատ, ԲՀԿ-ն, «Լուսավոր Հայաստանը», «Սասնա ծռերը», հնարավոր է՝ ՀՅԴ-ն և ՀՀԿ-ն, բայց «Իմ քայլին» լավ քաղաքական ընդդիմություն կլինեն «Քաղաքացու որոշումը», «Լուսավոր Հայաստանը», «ՀՅԴ»ն:

-«Իմ քայլը» կնվազեցնի ՀՀԿ-ի դեմ անիմաստ գրոհները և կանցնի կառուցողական երկխոսության, ինչի լավ օրինակ են տալիս գործող որոշ նախարարների պաշտոնակատարները, նաև ցուցակում ընդգրկված, բայց առայժմ իշխանության մաս չհանդիսացող որոշ թեկնածուներ: Եթե չանի, ապա մի փոքր կպակասի նրա երևանյան պոտենցիալ ընտրողը: Բայց Երևանից դուրս, հատկապես գյուղական բնակավայրերում, «Իմ քայլը» ընտրողների թիվը չի պակասի: Նրանք դեռևս ՀՀԿ-ի դեմ «մխիթարանքի» կարիք ունեն, քանի որ տեղական ինքնակառավարման մարմինները ոչ միայն դեռևս նույն ՀՀԿ-ականներն են, եթե նույնիսկ արդեն հրաժարվել են կուսակցությունից, այլև կառավարման նույն մեթոդներն են կիրառում: Պարզապես հիմա էլ փորձում են «լեզու գտնել» նոր իշխանության կողմից նշանակված մարզպետների հետ և շարունակում են տեղական ինքնակառավարումը շփոթել կամ սեփական անձի հետ, կամ պետական կառավարման հետ: Ափսոս, որոշ չափով փոխվում է «Իմ քայլը» ընտրողների մոտիվացիան, ավելանում են «գործող իշխանության հետ համերաշխության» ցուցադրողները և նակինում ՀՀԿ-ի կերակրատաշտակի թերմացքը կարևորողները:

Սրանք դեռ կավելանան և նույնիսկ արջի ծառայությամբ մի փոքր կպղտորեն «Իմ քայլի» քարոզարշավի ընթացքը: Չեմ կարծում, որ Նիկոլ Փաշինյանը ինքն իրեն նախընտրական շրջանում պիտի փոխի: Նրա այդ կերպարը սիրվել է, և շարունակում է դրականորեն ազդել ընտրողների վրա: Պարզապես հասկանալի պատճառներով նրա թիմը մի փոքր ստվերում է մնում, և որպես քաղաքական գործիչ բնակչության համար չի բացվում և չի ընկալվում: Նրանց զգալի մասը մնում է «պահեստում»: Սրան նպաստում է նաև այն հանգամանքը, որ ՀՀԿ-ն շատ գիտակցված «Իմ քայլը» նույնականացնում է բացառապես Նիկոլ Փաշինյանի հետ՝ «չիջնելով» թիմակիցների հետ երկխոսության մակարդակին: Սրանով ՀՀԿ-ն մի կողմից ծրագրավորված նվազեցնում է հեղափոխության ժողովրդայնությունը, մյուս կողմից անվստահություն է սերմանում «Իմ քայլի» թիմակիցների նկատմամբ: Վտա է, որ այս թակարդն աշխատում է, մինչդեռ «Իմ քայլում» շատ արժանավորներ կան, որոնց ճանաչելիս կշահի թե իմ «Իմ քայլը», թե նախընտարական գործընթացը: Ճիշտ է, ընտրողը մեծ հաշվով ընտրելու է Նիկոլ Փաշինյանին, բայց լավ կլիներ թիմակիցներին լայնորեն ճանաչեցնել հանրությանը: Միաժամանակ «Իմ քայլի» տակտիկայում վարքային բազմազանություն կմտներ: Չնայած իրերի այս վիճակը նախընտրական փուլում հասկանալի է, բայց նրանք առաջիկայում կարող է որոշ դեպքերում տարօրինակ ընկալվեն որպես ԱԺ մեծամասնության պատգամավորներ: Ինձ թվում է, որ ճիշտ կլինի ցուցակի առաջին հարյուրյակի համար դաշտն ընդարձակել, կուսակցական երկխոսությունը վստահել թիմակիցներին, Նիկոլ Փաշինյանին թողնելով հեռանկարային գլոբալ մարտավարական ծրագրերի ներկայացումը: Դրանով նաև հանրային վստահության մակարդակը կմեծանար: 

-ՔՈ-ն մի փոքր ավելի ճանաչելի կդառնա, նախընտրական քարոզչության սեփական փորձն ակնհայտորեն աճում է: Հնարավորություներն ու ռեսուրսները, ինչպես երևում է, նվազ են, բայց ասելիքի պակաս չունեն: ՔՈ-ի պոտենցիալ ընտրողները դեռ համարյա չգիտեն գրագետ մրցակցող այս թիմին, նրանց պոտենցիալ ընտրողների զգալի մասը դեռևս կմնա «Իմ քայլի» երկրպագու: Ակնհայտ է, որ ՔՈ-ի էլեկտորատն ավելանում է, թե որպես գաղափարակիր, թե որպես այլընտանք փնտրող: Առաջիկա շաբաթվա ընթացքում, եթե ՔՈ-ի անդամները շատ հոգնած չլինեն, կարող են նույնիսկ կրկնապատկել իրենց պոտենցիալ ընտրողների թիվը: Վստահ եմ, որ միջոցներ ուենալու դեպքում ՔՈ-ն նույնիսկ այսքան ուշացած քաղաքական մրցակցության մեջ մտնելով, կարող էր անցնել ԱԺ և կլիներ կառուցողական և գրագետ կուսակցական թիմ, ըստ անհրաժեշտության հաջողությամբ խաղալով թե ընդդիմադիր, թե համաձայնողական դեր, 

- «Լուսավոր Հայաստանը» կմնա նույն դիրքերում: Մանե Թանդիլյանը, իմ կարծիքով, շատ լավն է, բայց առայժմ նկատելի եղանակ չի ստեղծում, թերևս կուսակցության անձնավորվածության պատճառով: Լուսավոր Հայաստանը ճիշտ կանի նրա վրա ավելի մեծ շեշտադրում անի, 

-«Մենք» դաշինքը կարծեք թե սպառված է, նրա ծույլ քարոզչությունը նոր դռներ չի բացում, եղածի մի մասն էլ փակվում է,

- «Սասնա ծռերը» ընտրողների կայուն և ամուր թիվ ունի: Նրանց ընտրողների թվում փոփոխություն չի լինի, եթե նույնիսկ հենց այսօր դադարեցնեն քարոզչությունը, ոչ կնվազեն, ոչ կավելանան: Դա համառ, կարծր մարդկանցից բաղկացած ընտրող է, ում վրա քարոզչությունը և հակաքարոզչությունը չի ազդում, 

- Հայաստանի Հանրապետության համարյա բոլոր ընտրություններին մասնակցած ՀՅԴ-ի ընտրողները նվազում են: Չի երևում, որ ՀՅԴ-ն առաջիկա շաբաթվա համար տակտիկական նորություն ունի: Այնպիսի տպավորություն է, որ ՀՅԴ-ն նախընտրական ինքնուրույն փորձ չունի: Նրա նախընտրական տակտիկան կառուցված է եղել հաղթող կուսակցության հետ նախնական համաձայնության վրա: Հիմա, երբ ինքն իր հետ է մնացել, ՀՅԴ-ի դեմ աշխատում է նախկին համաձայնողականությունը, մոռացվել է նրա համայնավարական գաղափարախոսությունը և նույնիսկ այսօր ՀՅԴ-ն ընկալվում է որպես բացարձակ ազգայնական կուսակցություն ավելի աջական տիրույթում, քան ձախականում: Թվում է, որ եթե ՀՅԴ-ն ճիգ աներ իր համայնավարական գաղափարախոսությունն ակտիվացնելու՝ կարող էր նոր ընտրողներ գտնել, պայմանով, որ մարդիկ հավատային դրան: Ցավոք, ՀՅԴ-ն իր հանդեպ վստահության կորուստ ունի, և չի երևում, որ առաջիկա շաբաթվա ընթացքում որևէ բան կփոխվի, 

- ԲՀԿ-ն ավելի ու ավելի է վերաճում «բարեգործական հիմնադրամի»: Նրա էլեկտորատը շարունակում է մնալ «երախտապարտների թիմը» և իշխանության մասնավոր, անհատական աջակցություն փնտրող միջակ գործարարությունը: Հավանական է, որ վերջիններիս հույսերն ի դերև չեն լինի, նույնիսկ եթե այլևս դադարեցնի նախընտրական աշխատանքը, ԲՀԿ-ն համեստ տեղ կունենա ԱԺ-ում, և նույնիսկ չի բացառվում, որ այս «կուսակցությունը» իր առանձին անդամների ջանքերով իսկապես կքաղաքականանա և կկուսակցականանա, 

- ՕԵԿ-ը համարյա ամբողջովին կորցրել է քաղաքականի իմիջը, շարունակում է կորցնել ընտրողներին, նրա նախկի ընտրողների մի մասը համալրում է «գործող իշխանության հետ համերաշխության» ցուցադրողների թիմը, մի մասը հույսեր է կապում ԲՀԿ-ի բարեգործությունների հետ: Արթուր Բաղդասարյանի՝ «ղալաթ եմ արել, որ ՀՀԿ-ի հետ դաշինք եմ կազմել»ը չաշխատեց: Թվում է, որ սա ընտրություններին մասնակցելու ՕԵԿ-ի վերջին փորձն է, 

- «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ կուսակցություն»ը հանրայնորեն ճանաչելի է գլխավորապես իր առաջնորդ Լևոն Շիրինյանով: Այնպես չի, որ այս կուսակցության գաղափարները, մասնավորապես «չափավոր լիբերալիզմը», խորթ են Հայաստանի հանրությանը, բայց դրանք որպես ամբողջություն հայտնի չեն դառնում, և չի երևում, որ առաջիկա շաբաթվա ընթացքում իրերի վիճակը կփոխվի: Ակնհայտ է, որ կուսակցության քաղաքական ծրագիրը հասկանալի չէ ընտրողներին: Մյուս կողմից սա, թվում է, քաղաքական լավ հայտ է ապագայի համար, և եթե կուսակիցները չհոգնեն և չգայթակղվեն այլևայլ քաղաքական առաջարկներով, կամ այս ընտրություններին հաղթած կուսակցությունները այդ գաղափարները խորհրդարան տանելով չփոշիացնեն կուսակցության առանցքային գաղափարախոսությունը, «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ կուսակցություն»ը կարող է ոչ հեռու ապագայում Հայաստանի քաղաքական կյանքում լուրջ մրցակից դառնալ, 
- Առաջիկա շաբաթվա ընթացքում ՀՀԿ-ն կմնա նույն՝ «վայ-հարայ հասեք, ճնշում են, վախեցնում են», «մեզնից բացի բան հասկացող չկա», «Նիկոլի պաշտամունքը կուրացրել է Հայաստանի ընտրողներին» ոճի մեջ, բայց «սրանք մեզնից էլ վատն են»ը կփոխվի «սրանք վատն են»ի, իրենց «սխալների» մասին արդեն քիչ հանդիպող հիշատակությունները կփոխարինվեն իրենց «հաղթանակների» մասին նախ՝ հպանցիկ, ապա ավելի ու ավելի հաճախացող հաստատումներով: Անկախ հռետորաբանության՝ ՀՀԿ-ն զգայական կամ վստահության քվե-ով ընտրող չունի, իսկ առաջիկայում կկորցնի նաև երախտապարտ հնարավոր ընտրողների մի մասին: Փոխարենը կարող է մասնակիորեն շահել որոշ պրագմատիկների: Պրագմատիկները միշտ իմացել են, որ ՀՀԿ-ն քրեա-օլիգարխիկ կառույց է, և հենց դրա համար էլ իր ժամանակին նրան ընտրել և նպաստել են, բայց հիմա ավելի ու ավելի են հասկանում, որ ՀՀԿ-ի «դարն անցել է», եթե նույնիսկ քրեա-օլիգարխիան ցանկալի է, ապա դրա ճանապարհն այլևս ՀՀԿ-ն չէ, և պետք է ջանքեր գործադրել նորերին ՀՀԿ-ացնելու ուղղությամբ: Այս վտանգավոր ճանապարհը ցանկալի է նաև գործող ՀՀԿ-ին, դա նրանց անձնական փրկության հնարավորություններից մեկն է: Նորերին ՀՀԿ-ացնելու ձևերից մեկն էլ նրանց մեջ ներթափանցելը է և ՀՀԿ-ի թակարդներում նրանց պահելն է: Քաղաքական կոմպրոմատը անարգել գործող ական է: Ուստի նորերի մեջ ներթափանցածներից կլինեն ՀՀԿ-ին ըտրողներ՝ ԱԺ-ում «սրանք վատն են», իրենց քաղաքական հետապնդյալ, զոհ ներկայացնելու նեյնիմը պահելու համար: ՀՀԿ-ին ընտրելու են ոչ թե ՀՀԿ-ն ներկայացնող անձերի համար, ոչ թե ՀՀԿ-կուսակցության համար, այլ ՀՀԿ-ի անցյալը ներկա բերելու և ներկան որքան հնարավոր է ՀՀԿ-ացնելու՝ հանցավորեցնելու և անցյալի հետ համեմատության հնարավորություն առաջացնելու, անցյալի հետ կամուրջ գցելու համար: Հիրավի, սկսում եմ համոզվել, որ ՀՀԿ-ն խիստ դեստրուկտիվ ընդդիմություն կլինի: Ավելին, քաղաքական ընդդիմություն չի լինի, փոխարենը կտապալի խորհրդարանական քննարկումները՝ խորհրդարանը վեր ածելով ճոռոմախոս ժամավաճառության»:

Դիտվել է՝