«Հայաստան. վերջին կղզին, որտեղ ռուսներին սիրում են». Ալեքսանդր Մելման

ed143ad529dcca5c8dee6162ebf5d8fd

«Մոսկովսկի կոմսոմոլեց» պարբերականը հոդված է հրապարակել «Հայաստան. վերջին կղզին, որտեղ ռուսներին սիրում են» վերնագրով:

Այն լրագրող Ալեքսանդր Մելմանի՝ ՀՀ կատարած այցի տպավորությունների ներկայացումն է: Հոդվածը ներկայացնում ենք թարգմանաբար:

«Ես Երևանի «Մոսկվա» կ/թ-ում միայնակ դիտեցի ռուսական «Շրջանում» ֆիլմը: «Մոսկվա» կ/թ-ն Շառլ Ազնավուրի հրապարակում է: Հրապարակն ամբողջությամբ ծաղիկների մեջ է: 100 մ հեռավորության վրա Հանրապետության հրապարակն է, այնտեղ, որտեղ հանրահավաք էր անում այժմ իշխանության ղեկին գտնվող ընկեր Փաշինյանը, որտեղ գեղեցիկ ցայտում են բազմագույն շատրվանները:

Ես կինոթատրոնում մենակ էի նստել ոչ թե նրա համար, որ հայերը բոյկոտում են ռուսական կինոն, այլ պարզապես այդ օրը «Բեքհեմի օրը» չէր, աշխատանքային օր էր: Ես անգամ չգիտեմ, թե հայերն ինչպես են վերաբերվում ռուսական կինոյին, սակայն շատ լավ գիտեմ, թե ինչպես են վերաբերվում ռուսներին:

Ես Երևան մեկնեցի միջավայրի հետևից, ավելի ճիշտ՝ Խորհրդային Միության հետևից, իմ՝ ներսումս ապրող հակախորհրդային Խորհրդային Միության հետևից: Դրա հանդեպ ես կարոտ ունեմ: Այն ԽՄ-ն, որտեղ Երևանի «Արարատը» 1973թ. դուբլ ձևակերպեց, հաղթեց ԽՍՀՄ առաջնությունում, նվաճեց ԽՍՀՄ գավաթը: Այն «Արարատը», որի կազմում էին Ալյոշա Աբրահամյանը, Արկադի Անդրեասյանը, Էդուարդ Մարկարովը և, իհարկե, Իշտոյանը: Ես փնտրում էի նաև այն Խորհրդային Միությունը, որտեղ Մեծն Ֆրունզիկ Մկրտչյանն էր: Այդ ԽՍՀՄ-ը ես փնտրում էի թե՛ Բրայթոնում, թե՛ Բրուքլինում, թե՛ Տորոնտոյում, թե՛ Գերմանիայում:

Իսկ ի՞նչ գտա ես Հայաստանում: Հենց դա էլ գտա: Ոչ մի տեղ ես իմ, առհասարակ ռուս ազգի ներկայացուցչի հանդեպ այնքան բարություն չեմ զգացել, որքան Հայաստանում: Երբ հայերն իմանում էին, որ ես Ռուսաստանից եմ, ռուս եմ, նրանց աչքերը փայլում էին: Նրանք այնպիսի՜ ուրախությամբ էին անցնում ռուսերենով հաղորդակցվելուն… Եվ դա ոչ թե արհեստական, զբոսաշրջային-ծառայողական էր, այլ սրտաբուխ:

Այո՛, ես ուղղակի լողում էի բարեհաճության մթնոլորտում: Ահա այդպես. այլ երկրներում, երբ իմանում են, որ դու ռուս ես, կարող են անգամ դեմքիդ հարվածել: Այդպիսին է ներկայիս քաղաքական իրադրությունը: Իսկ այստեղ… Հայաստանը թերևս ամենավերջին կղզին է, որտեղ սիրում են ռուսներին, պատվում են ու շնորհակալություն հայտնում: Հայերը պարզապես ռուսների առջև բացում են իրենց հոգին՝ հետին միտք չունենալով:

Մի քանի տարի առաջ Մատվեյ Գանապոլսկու (խմբ.- ուկրաինացի լրագրող, հրապարակախոս, «Էխո Մոսկվի» ռադիոկայանի վարող) և Այդեր Մուջաբաևի (խմբ.- ուկրաինացի լրագրող, բլոգեր, Մոսկվայի Ղրիմյան թաթարների միության անդամ) հրավերով պատերազմի տարիներին 2 հանգստյան օրերին եղա Կիևում: Այնտեղ էլ ես լողացի բարեհաճության մեջ: Չլսեցի և ոչ մի բառ ուկրաիներեն, միայն ռուսերեն: Տեսա բարի մարդկանց և գրեցի այդ մասին ու վերջում էլ ավելացրի՝ բոլորս դեպի Կիև: Հետո միայն ինձ պատմեցին, թե ինչ էր նշանակում «բոլորս դեպի Կիևը», ինքս չգիտեի: Ինձ վրա հարձակվեցին աշխարհի բոլոր ուկրաինացիները: Եվ նրանք իրավացի էին: Հիմա եմ ես հասկանում, որ բորբոքվել ու շտապել էի, չէի հասկացել հումորը: Հիմա եմ հասկանում, որ 2014թ. տեղի ունեցածից հետո, չնայած բարեհաճությանը, մենք նրանց ամենևին էլ պետք չենք: Պահը չէի ընկալել, խոստովանում եմ:

Բայց այստեղ… Բոլորս դեպի Երևան. նորից միամտաբար բղավում եմ ես: Քանի դեռ ուշ չէ, եկե՛ք, ձեզ գրկաբաց կդիմավորեն, ոչ թե կխեղդեն գրկախառնությունների մեջ: Ձեզ, ինչպես ինձ, կսիրեն և ավելին: Իսկ գուցե ես կրկին բորբոքվե՞լ եմ, արդեն չգիտեմ: Բայց միայն մի բան գիտեմ… Ավելի ճիշտ՝ ուզում եմ հուսալ, որ ռուսն ու հայը հավերժ եղբայրներ են:

Ես ձեզ սիրում եմ, հայե՛ր, ներո՛ղ եղեք բարեհոգությանս համար»:

 

Թարգմ.՝ Անահիտ Ավագյանի

Դիտվել է՝