Կենսաթոշակային հեղափոխություն. Մեսրոպ Առաքելյան

mesrop araqelyan

Տնտեսագետ, ՀՀ վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը հատուկ B4B.am-ի ընթերցողների համար հոդված է գրել՝ նվազագույն կենսաթոշակը 25.500 հազար դրամ սահմանելու նախաձեռնության մասին։ Հոդվածը վերնագրել է. «Կենսաթոշակային հեղափոխություն. քայլ առաջին»:

«Կենսաթոշակների բարձրացումը հասարակությանը հուզող կարևորագույն խնդիրներից մեկն է: Հասարակության ամենախոցելի խմբերից մեկի բարեկեցությունը կառավարության գործունեության առաջին օրից համարվում է առաջնահերթություն, և գործունեության բարդ ու խնդիրներով լեցուն առաջին ամիսներին արդեն կառավարությունն անում է առաջին քայլը ոլորտում առկա խնդիրների արդյունավետ լուծման համար:

Ի՞նչ ունենք այսօր

01.06.2018թ. դրությամբ Հայաստանում առկա է 549.257 թոշակառու (այդ թվում՝ թոշակի տարիքի մինչև 10 տարվա ստաժ ունեցող ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնողի նպաստ ստացողներ):

Թոշակի չափը որոշվում է բազային կենսաթոշակի և աշխատանքային ստաժի յուրաքանչյուր տարվա համար հաշվարկվող հավելագրումով: Բազային կենսաթոշակը և ծերության նպաստը 16.000 դրամ է, միջին կենսաթոշակը մոտ 42.000 դրամ է:

Նվազագույն և առավելագույն կենսաթոշակի տարբերությունն ավելի քան 12 անգամ է: Արդյունքում, մենք ունենք բավական մեծ բևեռացում միջին/նվազագույն և առավելագույն/նվազագույն կենսաթոշակների հարաբերակցության մասով:

Կենսաթոշակների (այդ թվում՝ թոշակի տարիքի նպաստների) վճարմանն այս տարի ուղղվելու է մոտ 260 մլրդ դրամ և նույնիսկ 1,000 դրամ բարձրացման համար անհրաժեշտ է լրացուցիչ 6,6 մլրդ դրամ:         

Ի՞նչ է առաջարկում կառավարությունը և ինչո՞ւ

Հաշվի առնելով, որ կենսաթոշակների բարձրացումը լինելու է կառավարության շարունակական առաջնահերթությունը, և յուրաքանչյուր տարի արվելու է առավելագույնը կենսաթոշակների բարձրացման համար, կառավարությունը որդեգրում է հարցի լուծման ոչ թե համաչափության սկզբունքը, այլ աղքատների թիրախավորումը: Այսինքն, այս փուլում նախատեսվում է բարձրացնել ավելի ցածր կենսաթոշակ ստացողների թոշակը, ի վերջո նպատակ ունենալով բոլորի համար ապահովել արժանապատիվ կենսաթոշակ:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից առաջարկվում է կատարել փոփոխություն «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում՝ ներդնելով նոր գործիք՝ նվազագույն կենսաթոշակի չափ: Նախագիծն ընդունվելու դեպքում օրենքի համաձայն կառավարությունը կսահմանի նվազագույն կենսաթոշակի չափ, որից պակաս չեն կարող լինել օրենքով հաշվարկված կենսաթոշակները։ Այսինքն, վերը նշված հաշվարկի արդյունքում, եթե կենսաթոշակի չափը լինելու է պակաս նվազագույն կենսաթոշակի չափից, քաղաքացին ստանալու է նվազագույն կենսաթոշակ:

2019թ. բյուջետային գործընթացի շրջանակներում կատարված հաշվարկներում 2019 թվականի հունվարի 1-ից նվազագույն կենսաթոշակի չափը նախատեսվել է 25.500 դրամ, որի հիմքում դրված է ծայրահեղ աղքատության շեմը՝ 23.313 դրամ (2016թ. տվյալներ)՝ գումարած տարեկան 3 տոկոս գնաճ:

Ո՞ւմ է վերաբերում փոփոխությունը և ի՞նչ չափով

Փոփոխության արդյունքում կբարձրանա մոտ 85.000 քաղաքացու կենսաթոշակը, մասնավորապես՝

111111

Փոփոխության արդյունքում լրացուցիչ ծախսերը կկազմեն 6.8 մլրդ դրամ:

Ներկայացնենք նաև փոփոխության ազդեցությունն ըստ խմբերի, այսինքն փոփոխությունն ինչ չափով կանդրադառնա այս 85.000 քաղաքացիների վրա։

222222

Արդյունքում, ինչպես աղյուսակից երևում է, նախաձեռնությունը թիրախավորված է և արդյունավետ, շահառուների մոտ կեսի համար կենսաթոշակը կբարձրանա մոտ 55%-ով, իսկ միջինացված հաշվարկով բարձրացումը կկազմի մոտ 40%: Ընդ որում, եթե որպես էական բարձրացում համարենք նվազագույնը 20%-ը, ապա նման ազդեցություն կունենան 25.500 դրամից ցածր կենսաթոշակ ստացողների 80%-ից ավելին:

Ակնհայտ է, որ կառավարության մոտեցումն արդարացված է, և նախկին կառավարությունների ստանդարտ քայլերի շարունակումը բյուջետային միջոցների հերթական անարդյունավետ բաշխումն էր լինելու՝ հասարակության համար չտալով որևէ էական արդյունք: Կենսաթոշակային ոլորտում բարեփոխումները, մասնավորապես արդյունավետ թիրախավորումը և հասցեականությունը շարունակում է մնալ կառավարության առաջնահերթությունը:

Մեսրոպ Առաքելյանվարչապետի խորհրդական

Դիտվել է՝