«Հերոսավարի» յուրացումներն ու բանակի բյուրեղացման ճանապարհը

image

Վերջին շրջանում բանակից կատարված հափշտակություններն ու կոռուպցիոն բացահայտումները շարունակում են հասարակական թեժ քննարկումների թեմա լինել: Այդ շարքում առանձնացողն ու առավել խիստ դատապարտելին Երկրապահ կամավորական միության վարչության նախագահ Մանվել Գրիգորյանին պատկանող շինություններում արված բացահայտումներն էին:

Ինչպե՞ս է ստացվել, որ մեկ անձը նման քանակության ռազմամթերք է կուտակել, յուրացրել զինվորի հասանելիքը, այն դեպքում, երբ բանակը ժամանակ առ ժամանակ մատակարարումների հետ կապված խնդիրներ է ունեցել: Այդպես էր նաև քառօրյա պատերազմի ժամանակ:

Հերոսի կոչումը թողություն չի տալիս նման արարքների համար: Ու հիմա միանգամայն հասկանալի են քառօրյա պատերազմում զոհվածների, վիրավորվածների, ընդհանրապես մասնակիցների ու նրանց հարազատների հուզմունքն ու ցասումը:

Ասել, թե բանակին առնչվող կոռուպցիոն երևույթները նորություն էին, իհարկե սխալ է: Որոշ հրամանատարներ յուրացնում էին ռազմական տեխնիկայի համար նախատեսված վառելիքը, հագուստ և հիգիենիկ պարագաներ չէին տրամադրվում զինվորներին, և ծնողներն իրենք էին 2 տարի շարունակ հոգում որդիների կարիքները: Տարիներ շարունակ դրանց մասին բարձրաձայնվել է, բայց այդպես էլ դրանց ընթացք չի տրվել, չի տրվել, որովհետև դրա հանձնարարականը նախկին իշխանությունների կողմից չի տրվել: Մեղավորներին գտնելու ու պատասխանատվության ենթարկելու հարցում առավել պահանջատեր ու շահագրգիռ էր հասարակությունը, իսկ նրանք, ովքեր ի պաշտոնե կոչված էին վերհանել թերությունները, պատժել մեղավորներին, իրենց գործողություններում հայտարարություններից այն կողմ չանցան:

2017թ.-ի մարտին ԱԺ-ում նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, թե կասկածներ կան, որ ապրիլյան դեպքերի ժամանակ վառելիքի անորակ լինելու պատճառով ռազմական տեխնիկան խափանվում էր: Դրանից հետո ՀՀ գլխավոր դատախազությունը ոչ թե պատժվողների անուններ հրապարակեց, այլ տարածեց մի հայտարարություն, որի համաձայն ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում վառելիքի հետ կապված խնդիրների պատճառով մարտական հատուկ մեքենաների խափանման, մարտական առաջադրանքների կատարման ձախողման դեպքեր չեն արձանագրվել:

Այսինքն՝ իրավական հետևանքներ չունեցանք: Առավելագույնը, ինչի ականատեսը եղանք, մի քանի բարձրաստիճանների պաշտոնանկությունն էր, կարծես քրեական օրենսգրքով նման պատիժ է սահմանված: Իսկ իրավապահներն իրական պատիժների մասին հիշեցին միայն իշխանափոխությունից հետո: Ու այսօր նախկին պաշտոնյաների հայտարարությունները, թե իրենք կատարվածից անտեղյակ էին, մեղքի բաժինն իրենց վրայից հանելու անհաջող փորձեր են: Անհաջող, որովհետև ըստ օրենսդրության՝ չիմացությունը չի ազատում պատասխանատվությունից, և երկրորդ՝ դժվար է հավատալ, որ այս ծավալի յուրացումների ու հափշտակումների մասին ՊՆ ղեկավար կազմն անտեղյակ է եղել:

Իսկ ԱԱԾ-ն պարբերաբար կոռուպցիոն նոր բացահայտումներ է մատուցում հասարակությանը: Վերջինը օրերս է արվել: Պարզվել էր, որ 2017 թվականի դեկտեմբեր ամսից մինչև 2018 թվականի հունիսը N զորամասի մի քանի ստորաբաժանումների հրամանատարներ դուրս են գրել և յուրացրել մեծ քանակությամբ վառելանյութ: Ուշադրություն դարձրեք ժամկետին. այսինքն՝ առանց յուրացումների ապրել չկարողացող պաշտոնյաներն այդպես էլ դասեր չեն քաղել ապրիլյան պատերազմից:

Մինչդեռ դրա անհրաժեշտության մասին բոլորն էին նշում: Ըստ փորձագետների՝ կոռուպցիան պետք է գոնե նվազագույնի հասցնել առաջին հերթին բանակում, որովհետև այն երկրի անվտանգության երաշխավորն է, ու կոռուպցիոն ամեն մի երևույթ ուղղակի հարված է բանակի մարտունակությանն ու անվտանգությանը: Իսկ կոռուպցիան նվազագույնի հասցնելու, բացառելու մեկ ճանապարհ կա՝ օրենքի ամբողջ խստությամբ պատասխանատվության ենթարկել բոլոր մեղավորներին՝ անկախ նրանց գրաված պաշտոնական դիրքից ու զինվորական կոչումներից: Սա է ուժեղ, մարտունակ ու հաղթող բանակ ունենալու գլխավոր երաշխիքն ու գրավականը:

 Անահիտ Ավագյան

Դիտվել է՝