Ռուսաստանի ԶԼՄ-ները զուսպ են դարձել, մյուսներն՝ ինչպես միշտ

nyyyy

Հայաստանն այս օրերին հայտնվել է ամբողջ աշխարհի քաղաքական ու քաղաքագիտական շրջանակների, պետական ու հասարակական կազմակերպությունների, բիզնեսի, տուրիզմի եւ այլ ոլորտների ներկայացուցիչների ուշադրության կենտրոնում, եւ դա առավելապես միջազգային ԶԼՄ-ների հետեւողական, օպերատիվ աշխատանքի շնորհիվ: Միջազգային լրատվամիջոցներն իրենց ամենօրյա թողարկումներում տեղ են հատկացնում Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին՝ հիմնականում «թավշյա հեղափոխության» վերաբերյալ դրական շեշտադրումներով:

Հետաքրքիր փոփոխական դինամիկա է նկատվում ռուսաստանյան ԶԼՄ-ների հրապարակումներում: Ընդ որում, նույն լրատվամիջոցը մեկ շաբաթվա ընթացքում մի քանի անգամ կարող է իրեն թույլ տալ մեկնաբանությունների եւ գնահատականների կտրուկ փոփոխություն:

Ակնհայտ է, որ դրանցից շատերը ղեկավարվում են մեկ կենտրոնից:

Անգամ «Вести недели»-ին՝ իր տխրահռչակ Դմիտրի Կիսելյովի հետ, բավականին անկողմնակալ տեսանյութ է ներկայացրել՝ թեթեւակի «կծու» որակումներով:

Նույնը վերաբերվում է նաեւ НТВ հեռուստաալիքին:

Мир 24 հեռուստաալիքը ներկայացրել է Նիկոլ Փաշինյանի այցը Լոռու եւ Տավուշի մարզեր՝ նշելով, որ նրա ծննդավայրում Փաշինյանին ընդունել են ինչպես հերոսի:

Գործակալությունները՝ ՏԱՍՍ-ը, «Ինտերֆաքսը», «ՌԻԱ Նովոստին», նաեւ կրեմլամետ դիրքորոշում ունեցող կայքերը, որոնք համաժողովրդական շարժման առաջին օրերին հրապարակում էին միայն պաշտոնական հաղորդագրությունները, վերջին օրերին զարմանալիորեն «շռայլ» ու «հանդուրժող» են շարժման առաջնորդների եւ մյուս մասնակիցների նկատմամբ:

Al Jazeera արաբական հեռուստաալիքը ներկայացրել է Նիկոլ Փաշինյանի գլխավորած ավտոերթն ու հանրահավաքը Լոռու մարզում՝ համակողմանիորեն ներկայացնելով շարժմանն աջակցող քաղաքացիների պահանջներն ու դժգոհության պատճառները:

Euronews-ը նոր տեսանյութ է հրապարակել՝ այն վերնագրելով Փաշինյանի խոսքերով՝ «Մենք հաղթեցինք մարտը, սակայն պատերազմը շարունակվում է»: Նշվում է, որ Հայաստանում բողոքի ակցիաների մասնակիցները չեն հեռանա փողոցներից այնքան ժամանակ, քանի դեռ ընդդիմության թեկնածու Նիկոլ Փաշինյանը վարչապետ չի ընտրվել:  

Գրեթե ամեն օր հայաստանյան իրադարձություններին անդրադարձ են կատարում այնպիսի հեղինակավոր ԶԼՄ-ներ, ինչպիսիք են BBC-ն, Deutsche Welle-ն, Guardian-ը, AFP news-ը եւ այլն:

 Ի դեպ, այս ընթացքում իրենց դրական կողմերով  դրսեւորեցին հատկապես ռուսաստանցի բլոգերներն ու անկախ լրագրողները, ովքեր Հայաստանը ներկայացրեցին տարբեր տեսանկյուններից. ոչ միայն անդրադարձան «թավշյա հեղափոխության» ընթացքին, ոչ միայն քայլեցին ցուցարարների եւ վազեցին ոստիկանների առջեւից, այլեւ Հայաստանի, հայերի, նրանց կենցաղի, պատմության ու մշակույթի մասին «բարի», «տաքուկ» տեսանյութեր ներկայացրեցին իրենց էջերում եւ սոցցանցերում:

 

Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝