Պետք եղած ժամանակ Սարգսյանին կհայհոյեն, իսկ բուրգին սպառնացող վտանգի դեպքում այլ օրակարգ առաջ կտանեն՝ եվրաչինովնիկների լուռ համաձայնությամբ

serj

Սերժ Սարգսյանն ապրիլի 9-ից սկսած որևէ պետական պաշտոն չի զբաղեցնում: Պաշտոն չունենալու միտքը, սակայն, հանգիստ չտվեց իր բացակա կեցվածքով մարզահամերգայինի դահլիճում գտնվող ՀՀԿ առաջնորդին: Մի քանի ժամ չանցած՝ գործազուրկ Սարգսյանը Կարեն Կարապետյանի բերանով հայտարարեց, որ ինքն է լինելու իշխող հանրապետականի վարչապետի թեկնածուն:

Սա, կարելի է ասել, անսպասելի նորություն չէր, քանի որ ամիսներ շարունակ ՀՀԿ-ական կարկառուն դեմքերը հենց այդ ուղղությամբ էլ ընդգծված աշխատանք էին տանում:

Ուստի նրան հիմա բացառապես մեկ հարց է հետաքրքրում՝ ամեն գնով վարչապետի պաշտոնին տիրանալը և շարունակելը խաղալ թիվ մեկ հարց լուծողի դերը:

Այդ կերպ նա փորձում է ցույց տալ նաև, որ արդարանալու, նախկինում տված խոստումները (որ չի հավակնելու ոչ վարչապետի, ոչ էլ նախագահի պաշտոնին) մեկնաբանելու կարիք էլ չի տեսնում՝ հստակ հասկացնել տալով, որ հանրապետական թիմի ներսում ինքն է միակ որոշողը, իրավիճակի տերը:

Նախագահի պաշտոնից հեռանալուց առաջ Սերժ Սարգսյանը ելույթ էլ չունեցավ, որով ինչ-որ կերպ կամփոփեր իր տասնամյա նախագահության շրջանը:

Դա թերևս մի քանի հանգամանքով էր պայմանավորված.

Նախ այն, որ բոլոր ոլորտները ձախողած անձնավորությունը հազիվ թե որևէ ասելիք ունենար ժողովրդին՝ շեշտելու կամ մատնանշելու որևէ դրական բան, որը գրանցվել է իր կառավարման 10 տարիների ընթացքում:

Բացի այդ, երկրում «անիշխանության» այս օրերին վերջինս, կարելի է ասել, զգուշավորություն ցուցաբերեց՝ նախընտրելով լռել, քան որևէ բան ասել: Փորձը ցույց է տալիս, որ իր ելույթներն ու հայտարարությունները շատ դեպքերում հակառակ էֆեկտն են ունենում, ուստի մեծ էր հավանականությունը, որ Սարգսյանի արտաբերած ամեն մի խոսքն իր դեմ կաշխատեր և ինքնըստինքյան կնպաստեր Ազատության հրապարակի բազմամարդ դառնալուն:

Փոխարենը դա արեցին և անում են հայտնի կենտրոնից կառավարվող լրատվամիջոցները, որոնք այս օրերին իրենց ունեցած գրեթե ամբողջ ներուժն ու ռեսուրսն են ներդրել Սարգսյան ձախողված գործչի քարոզչության նպատակին:

Այդ նույն լրատվամիջոցները հայտնի պատճառներով բացահայտ կերպով անտեսում են ընդդեմ ՀՀԿ-ի և Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ երկրում սկիզբ առած բողոքի ակցիաներն ու հանրահավաքները:

Իշխանություններին հարող լրատվականներին պարզ է, որ հատուկ հանձնարարական, ցուցում է իջեցվել՝ մերժել Սերժ Սարգսյանի վարչապետությունը մերժող ցանկացած քաղաքական ակցիայի լուսաբանումը: Սա խոսում է բուրգի ամենավերևում գտնվողների շրջանում առկա անհանգստությունների մասին, ուստի վարչախմբի ներկայացուցիչների համար սա իշխանություն կորցնելու վտանգից ապահովագրվելու հերթական քայլն է:

Հակառակ դեպքում նախկին ջանասիրությամբ, մանրակրկտորեն կլուսաբանվեին ընդդիմադիր տարբեր բևեռների գործողությունները քայլ առ քայլ, դրվագ առ դրվագ:

Այդպես է թելադրում ռեժիմի խաղի կանոնները. հարկ եղած դեպքում, ինչու ոչ, Սարգսյանին կհայհոյեն էլ՝ ազատ խոսքի, «ժողովրդավարական արժեքների» առկայության թեզն առաջ տանելու համար, որպեսզի եվրոպացի գործընկերների հետ շարունակեն կեղծ ժողովրդավարության քողի տակ ֆինանսական հոսքեր ապահովել, բայց ռեժիմի գոյությանը սպառնացող ցանկացած վտանգի դեպքում բոլորովին այլ օրակարգ առաջ կտանեն՝ եվրաչինովնիկների լուռ համաձայնությամբ:

Սա հայտնի պարզունակ ձեռագիր է, նման մեթոդներով են նաև ապահովում ռեժիմի «անվտանգությունը», որպեսզի ցանկացած անզգույշ քայլ հանկարծակի հակազդեցության սկզբունքով ուղիղ չհարվածի բուրգի ամենավերևում գտնվողներին:

 

Հերմինե Մկրտչյան

Դիտվել է՝