Իշխող վերնախավի քարոզարշավը… ձախողված քաղաքական գործչից կերտել «հաղթող առաջնորդի» կերպար

image

Ապրիլյան քառօրյա պատերազմի երկրորդ տարելիցին ընդառաջ իշխանական քարոզչամեքենան լծվել է հարցն ապրիլյան ներքաղաքական վերադասավորումների ֆոնին քաղաքական նպատակներով շահարկելու գործին: Բոլոր ոլորտները տապալած անձի քարոզչության հիմնական միջոց որոշել են դարձնել արցախյան խնդիրը, ապրիլյան պատերազմը և իրենց պարզունակ քայլերով վերջին ճիգերն են գործադրում վաղուց ձախողված քաղաքական գործչից «հաղթող առաջնորդի» կերպար կերտելու համար:

Այս շրջանում հատկապես առնվազն անբարո է պատերազմական կամ դիվանագիտական հաղթանակների մասին խոսելն ու այդ ամենը Սերժ Սարգսյանի անձին վերագրելը, քանի որ պատերազմական փաստը՝ 100-ից ավելի զոհերով, հարյուրավոր վիրավորներով, հայկական կողմի ունեցած տարածքային կորստով և 80-ականների զենքի կռվով, վաղուց շատ հստակ վկայել է, որ նա այդ հարցում ևս տապալված գործիչ է:

Բայց այստեղ հարցը խնդրի բարոյական կողմն է և հերթական ապացույցն այն բանի, թե որքան մանրախնդիր են և աթոռապաշտ իշխող վերնախավի ներկայացուցիչները:

Նրանք մի կողմից ունակ են շատ հանգիստ մոռացության և անտարբերության մատնելու ապրիլյան զոհերի հարազատների վիշտն ու ճիշտ այդ օրը ընտրություններ նշանակելով՝ ռեժիմի վերարտադրության հարց լուծել, մյուս կողմից էլ ունակ են ապրիլյան վերադասավորումներով պայմանավորված՝ սիրաշահելու նույն ապրիլյան պատերազմի մասնակից վիրավոր տղաներին, որպեսզի ցույց տան, ապացուցեն, թե ինչպիսի բարյացակամությամբ է օժտված Սարգսյանի վարչախումբը:

Ու բոլորովին էլ պատահական չէ, որ վարչապետացուի քարոզչության տրամաբանության մեջ տեղ են գտել գեներալների կողմից արվող ականջահաճո մերկապարանոց հայտարարությունները, թե պատերազմի վերսկսման պարագայում Ադրբեջանում քաղաքական որոշում կայացնողը ևս թիրախավորված է լինելու ցանկացած տարածքում՝ ամբողջ խորությամբ:

Ուղիղ երկու տարի առաջ հակառակորդի ուղղությամբ կրակելու հրաման տալու համարձակություն չունեցող, երկչոտ ղեկավարության ներկայիս «աներկյուղ» այս վարքագիծը շատ հստակ ապացուցում է, թե որքան նեղ վիճակում են համակարգի երևելիները, որ անվտանգության վերաբերյալ ճամարտակություններից բացի այլ բան չունեն ներկայացնելու իրենց առաջնորդի վարչապետ դառնալն արդարացնելու համար՝ առանց հաշվի առնելու, որ անվտանգության ոլորտը նա ի սկզբանե է ձախողել, քանի որ երբ հակառակորդ երկրում 2008-2015 թվականներին ռազմական ծախսերն էին ավելացնում և սպառազինվում, ճիշտ նույն տարիներին Սերժ Սարգսյանի իշխանությունը ոստիկանական համակարգն էր ամրապնդում:

Ու երբ ուժային կառույցների վերազինմամբ սեփական ժողովրդից իր և իր ղեկավարած համակարգի անվտանգությունն էր ապահովում, Ալիևի իշխանությունն, առիթն օգտագործելով, ձեռք բերած սպառազինությունը փորձարկեց:

Այսքանից հետո որքանո՞վ է բարոյական սեփական շահն ու իշխանության մնալու մոլուցքը ներկայացնել որպես երկրի անվտանգության շահ և կամ փորձեր անել սեփական երկրի ժողովրդին համոզելու, որ շարունակելու են վատ ապրել, քանի որ Արցախի չլուծված հարց կա ծառացած Հայաստանի գլխին:

Պարզ է, որ երբեք էլ չեն խոստովանի, որ քաղաքացին անբարեկեցիկ կյանքով է ապրում, քանի որ բյուջեի միջոցները մսխվում են, քանի որ տնտեսական դաշտն իրենցով են արել ու խեղդում են անհնազանդներին:

Փոխարենը գտել են ճանապարհը, այդ ամենը փաթեթավորել ու հարմար տեղավորել արցախյան խնդրի համատեքստում, որպեսզի արդարացնեն գերագույն գլխավոր հրամանատարի՝ պաշտոնի չհավակնելու մասին խոստման դրժումը:

Հերմինե Մկրտչյան

Դիտվել է՝