Իզուր չէ, որ Սերժ Սարգսյանը և ոմանք առավոտ կանուխ շնորհավորեցին Պուտինին

36035

ՌԴ նախագահական ընտրությունների ավարտից հետո Սերժ Սարգսյանը, ինչպես սպասվում էր, առավոտ կանուխ շնորհավորեց Վլադիմիր Պուտինին, և ինչպես կանխատեսվում էր, կեսօրից հետո հայտարարեց վարչապետի պաշտոնի իր հավակնությունների մասին:

Առաջին շնորհավորողներից էր նաև Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը, ով իր նամակում Պուտինին անվանել էր տաղանդավոր առաջնորդ:

Այդ բնորոշման հետ թերևս համամիտ են նաև Հայաստանի և Ադրբեջանի վարչախմբերի ղեկավարները, ովքեր միգուցե անքուն գիշեր են անցկացրել՝ սպասելով իրենց հոգեհոր հաղթանակին:

Առնվազն տարօրինակ է սակայն, որ Սարգսյանն իր շնորհավորական նամակում բարձր է գնահատել Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված Ռուսաստանի կարևոր և հետևողական միջնորդական ջանքերը, իսկ Ադրբեջանի նախագահն իր նամակում ընդհանրապես չի հիշատակել հակամարտությունը, փոխարենը վստահություն է հայտնել, որ Ադրբեջանի և Ռուսաստանի ռազմավարական գործընկերությունն էլ ավելի կամրապնդվի՝ ի շահ երկու ժողովուրդների և երկրների:

Սրանք պարզ ուղերձներ են, ըստ որի Սերժ Սարգսյանը, գերագնահատելով Պուտինի դերը, ակնկալում է նրա միջնորդությունը հակամարտության կարգավորման գործում, իսկ Ալիևը կարևորում է ռազմավարական գործընկերությունը և փոխադարձ շահերը:

Միևնույն ժամանակ, Վլադիմիր Պուտինի մյուս օտարազգի գործընկերները չեն շտապում շնորհավորանքներ հղել, իհարկե եթե նրանք Չինաստանի, Կուբայի, Բոլիվիայի և Վենեսուելայի նախագահները չեն:

Եվ դա բնական է: ՌԴ նախագահական ընտրություններն անցկացվել են իրական մրցակցության բացակայության պայմաններում: Այդ մասին ասվում է Խորհրդարանական վեհաժողովի և ԵԱՀԿ ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների հարցերով բյուրոյի համատեղ հայտարարությունում:

Բացահայտ լցոնումների դեպքեր են արձանագրվել ՌԴ տարբեր բնակավայրերի ընտրատեղամասերում: Այդ մասին ահազանգել է նաև ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը: Նա ընդգծել է, որ տեղի ունեցածը ժողովրդին պատկանող ազդեցությունը գողանալու փորձ է:

https://www.youtube.com/watch?time_continue=1&v=5UFIQamKbjg

ՌԴ տարածաշրջաններում իրենց բնույթով տարբեր բազմաթիվ խախտումներ են արձանագրվել՝ հիմնականում լցոնումներ, դիտորդներին ուղղված սպառնալիքներ. առավել ակտիվ են եղել կովկասյան տարածաշրջաններում՝ Չեչնիայում, Դաղստանում, Կարաչաևո-Չերքեզիայում:

https://www.currenttime.tv/a/29106555.html

Ամերիկացի դեմոկրատ կոնգրեսական Ադամ Շիֆը գրել է. «Հեշտ է ստանալ ձայների ավելի քան 73%-ը՝ արգելելով իր մրցակիցներին մասնակցել ընտրություններին: Այն բանից հետո, երբ նա փառաբանեց Չինաստանում Սի Ցզինպինի ցմահ առաջնորդությունը, կշնորհավորի՞ արդյոք մեր նախագահը Պուտինին՝ ժողովրդավարական ընդդիմության հաջող չեզոքացման համար»:

Այս համատեքստում, իհարկե, մեր Էդուարդ Շարմազանովի «շարմը» զանազանվում է, նրա շարժը, դեմքն ու դիրքը ևս փոխվում են, երբ զգում է իր «առաքելության կարևորությունը» Համայն Ռուսիո առաջնորդին ներբողներ շռայլելու գործում:

10963460

Նա ՀԱՊԿ-ի խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության ղեկավարի «բարձր» կոչումին էր արժանացել, և ռուսաստանյան լրատվամիջոցներին տված հարցազրույցում կրկնել է Հայաստանում լավ սերտած դասերից մեկը. մեջբերենք. «ՌԴ նախագահի ընտրությունների քվեարկության գործընթացն անցել է երկրի օրենսդրությանը համապատասխան, ոչ մի խախտում չի արձանագրվել»:

Ընդդիմադիր գործիչ Լեոնիդ Գոզմանը, մեկնաբանելով ՌԴ նախագահական ընտրությունների արդյունքները, նշել է. «Նա արդեն կարող է անել այն, ինչ ցանկանում է: Չի բացառվում, որ Պուտինը փոխի Սահմանադրությունը, որպեսզի պահպանի ցմահ իշխանությունը»:

Շարմազանովին լավ ծանոթ տարբերակ է, և միգուցե կարելի է մեկ-երկու բառ քչփչալ Մատվիենկոյի կամ մեկ ուրիշ պալատականի ականջին:

Ինչևէ, փաստ է, որ Վլադիմիր Պուտինն ավելի քան 76%-ոց ցուցանիշ պատմագրեց:

Ինչպես նշել է ուկրաինացի քաղաքագետ, լրագրող Վիկտոր Ուկոլովը. «Մուամար Քադաֆին հեղափոխությունից 1 տարի առաջ ուներ աջակցության ավելի քան 90%-ոց ցուցանիշ, իսկ 1 տարի անց նրա դիակը քարշ էին տալիս Տրիպոլիի փողոցներով»:

 http://gordonua.com/blogs/ukolov/podderzhka-kaddafi-tozhe-byla-svyshe-90-a-cherez-god-ego-trup-tyagali-po-ulicam-tripoli-237248.html

Կարծում եմ՝ Քադաֆիի ճակատագրական վերջին կադրերը կինոժապավենի նման անցնում են ցանկացած ժամանակակից բռնապետի աչքերի առջևով: Սակայն խևին խրատն ի՞նչ անի:

Ինչպես ասել է ԱՄՆ-ի 32-րդ նախագահ Ֆրանկլին Դելանո Ռուզվելտը, եթե ձեր մաշկը ռնգեղջյուրի մաշկից փոքր-ինչ ավելի նուրբ է, մի փորձեք մտնել քաղաքականություն:

 Էդուարդ Մխիթարյան 

Դիտվել է՝