Ինչպես են ժամանակ առ ժամանակ «խեղդում» յուրայիններին, որպեսզի երբեք չմոռանան անպատժելիության գինը

11627_b

Հայաստանի իրավապահ մարմինները քրեական գործ են հարուցել ու որոշել են պատժել Հրազդանի այն ոստիկաններին, ովքեր օրերս դաժան ծեծի էին ենթարկել իրենց օգնությանը դիմած ծեծված քաղաքացուն, որպեսզի այդ կերպ պարզեին, թե ով է եղել վերջինիս ծեծի ենթարկողը:

Այն, որ բարձրացված աղմուկից հետո հրազդանցի ոստիկաններին պատժելու որոշում էր ընդունվելու, կասկածից վեր էր: Դա պետք է որ պարզ լիներ նաև իշխանության գործիքը դարձած ու սեփական երկրի քաղաքացուց հանրապետական վերնախավի պաշտպանությունն ու անվտանգությունն ապահովող իրավապահ համակարգի հրազդանցի ներկայացուցիչների համար: Մի՞թե վերջիններս չգիտեին՝ այս երկրում ինչն է անպատիժ մնում, ինչը ոչ, կամ ո՛ր դեպքերի վրա են սովորաբար աչք փակում, հարկ եղած դեպքում խրախուսում ու պարգևատրում, իսկ որ դեպքերում՝ յուրայիններին դարձնում քավության նոխազներ, համակարգը վարկաբեկողներ ու դավաճաններ:

Սերժ Սարգսյանի իշխանության դեմ զենքով դուրս ելած «Սասնա ծռեր» խմբի անդամների՞ն էին դատարանի շենքի նկուղում ծեծել, որ անպատիժ մնային, թե՞ Հանրապետության հրապարակում իշխանության բռնությունների դեմ բողոքող տարեց քաղաքացուն էին ապտակել, որ աննկատ անցներ-գնար:

Նման օրինակները շատ են, պատճառներն էլ՝ հայտնի: Սերժ Սարգսյանի իշխանությունը հենված է բացառապես ուժային կառույցների եւ առաջին հերթին՝ ոստիկանության վրա, ուստի և նրանց հիմնական խնդիրն ու առաքելությունը տարիներ ի վեր եղել ու մնում է իշխող քաղաքական վերնախավին ծառայելը, ռեժիմի անվտանգ գոյությունն ապահովելը:

Ծեծված քաղաքացուն ծեծող ոստիկանները պետք է որ իմանային, որ անպատժելիությունը գործում է Սարգսյանի իշխանությանը սպառնացող դեպքերի ժամանակ, երբ իրենց կհրամայեն զենք ու տեխնիկա հանել ժողովրդի դեմ, անպատիժ մնալու երաշխավորությամբ էլ կհրահանգեն ծեծել ու ջարդել, երբ հարցը Սարգսյանի իշխանությունը պահելուն է վերաբերում:

Իսկ դա անպատասխան չի մնում: Ռեժիմն էլ իր հերթին գիտի՝ ինչպես գնահատել ու շահագրգռել իր հիմնական մահակը հանդիսացող կառույցի ներկայացուցիչներին, որպեսզի աչքից հեռու՝ փողոցում, սեփական ժողովրդի դեմ դուրս գալու ժամանակ քաղաքացու ճնշման ներքո հանկարծակի «չշեղվեն» իրենց հիմնական գործառույթից:

Այնպես որ, քանի դեռ հարցը վերաբերում է Բաղրամյան 26-ի բնակչի ու նրա իշխանության անվտանգության ապահովմանը, ապա ուժային կառույցի ամեն մի ներկայացուցչի կսնեն, կփայփայեն, գլխի վրա տեղ կտան ու ամեն բան կանեն, որ վերջինս իր ծառայությունները մատուցելիս չվարանի, «չնեղվի» ժողովրդի վրա ձեռք բարձրացնելիս, իսկ բոլոր մյուս դեպքերում անմիջապես մոռացության կտրվի ռեժիմին մատուցած ցանկացածի հավատարմությունն ու անձնուրաց ծառայությունը, ու նույն հաջողությամբ հրապարակային «դատավճռի» կարժանացնեն համակարգի ամեն մի «անհնազանդ» ներկայացուցչի, ով կհամարձակվի, ասենք, ձեռք բարձրացնել քաղաքացու վրա:

Այս ամենն իշխող հանրապետական – ուժային կառույցներ ամուր կապերի ու սերտ աշխատանքի արդյունքն է, անվտանգություն և առաջընթաց հորջորջողների ձեռագիրը: Այս մեթոդներով են նրանք տարիներ շարունակ առաջնորդվել ու գործում: Մի կողմից զավթված իշխանությունը պահելու համար ժողովրդի մի մասին մյուսի դեմ դուրս բերելով՝ թշնամություն են սերմանում երկրի ներսում, մյուս կողմից էլ՝ ժամանակ առ ժամանակ «խեղդում» յուրայիններին, որպեսզի երբեք չմոռանան անպատժելիության գինը:

Հերմինե Մկրտչյան

Դիտվել է՝