Մեկ Հայաստան՝ երկու չընտրված նախագահ

timthumb

Հայաստանն այսօրվանից մինչեւ ապրիլի 9-ը երկու նախագահ կունենա: Պարզվում է՝ սա ոչ միայն զարմացրել է հանրության մի մասին, այլեւ նույնիսկ սկսել է մտածել տալ, թե ինչպես են երկու նախագահ 40 օր ղեկավարելու Հայաստանում:

Արմեն Սարգսյանի ընտրությունն անկախ Հայաստանի պատմության մեջ առաջինն էր, որ անցավ առանց քաղաքացիների ներգրավման ու մասնակցության:

Այս ամենով հանդերձ դժվար է գնահատել՝ ՀՀ-ում եղած նախագահի պաշտոնը զբաղեցնող երկու անձանցից ով է ավելի լեգիտիմ, ով՝ ավելի ինքնակոչ. Արմեն Սարգսյա՞նը, ով նշանակվեց Ս. Սարգսյանի կողմից կամ էլ ընտրվեց նյութական ու վարչական ռեսուրսների ու քրեական տարրերի համատեղ օգտագործմամբ ընտրված խորհրդարանի կողմից, թե՞ Ս. Սարգսյանը, ով դարձավ նախագահ Ռ. Քոչարյանի նշանակմամբ, Մարտի մեկի «գործարկմամբ», բանակը քաղաքացիների դեմ հանելու եւ 10 զոհի արյան գնով:

Դժվար է գնահատել, թե Հայաստանի համար որն էր պակաս ժողովրդավար եւ որը առավել անազնիվ ճանապարհը. համատիրության նախագահի ընտրության սցենա՞րը, որով ընտրվեց վերջին նախագահը, թե՞ «ընտրություններ» կոչվող գործընթացի բեմականացումը, որի ելքն ի սկզբանե կանխորոշված էր:

Իսկ ամենակարեւոր ինտրիգը թերեւս առջեւում է՝ վարչապետի ընտրությունը, որի ելքը եւս կարծես կանխորոշված է: Կանխորոշված էր վաղուց՝ դեռ 2014թ.-ից, երբ Ս. Սարգսյանը հայտարարում էր՝ այլեւս երբեք չհավակնել երկրի կառավարման ղեկին Հայաստանում:

Եվ առնվազն տարօրինակ է հիմա այն, որ դարձյալ զարմանում կամ զայրանում ենք, թե Հայաստանում ժողովուրդը չէ իշխանություն ձեւավորողը: Չէ՞ որ դա այդպես էր վաղուց: Բայց առավել տարօրինակն այն հետեւությունն է, որ անում ենք այդ ամենից հետո: Իսկ հետեւությունը դարձյալ նույնն է՝ զարմանալ, զայրանալ եւ շարունակել ապրել այն Հայաստանում, որի օրակարգը տարիներ շարունակ թելադրում է չընտրված իշխանությունը:

Սկզբում խաղալ «ընտրություններ» կոչվող միջոցառումներում, հետո խաղալ «սահմանադրական բարեփոխումներ», հիմա արդեն «խորհրդարանական կառավարման համակարգ»-ում:

Մի՞թե մենք ավելի ազնիվ ենք, քան նրանք, ովքեր մեզ օրակարգ են թելադրում: Հակառակ դեպքում պետք է որ կարողանայինք գտնել ճանապարհը՝ փոխելու մեզ օրակարգ թելադրողներին կամ առնվազն փոխելու թելադրվող օրակարգերը եւ այլեւս չզարմանալու, այնպես, ինչպես անցել են այդ ուղին զարգացման եւ քաղաքակրթության ճանապարհին դժվարությունները հաղթահարած ժողովուրդները:

Ի՞նչն էր պակասում մեզ, միգուցե պայքարող տեսա՞կը, բայց չէ՞ որ համակարգն ավելի խոցելի է: Փոփոխությունները զոհե՞ր են ուզում, բայց չէ՞ որ մենք նույնիսկ այդ զոհերն ենք տվել…

Բայց քանի մենք տկար ենք՝ հասնելու նրան, որ կոչվում է «փոփոխություն» կամ «ժողովրդավարություն», բավարարվում ենք միայն զարմանալով եւ սոցցանցերում անտեղի «փնթփնթալով»: Ցավոք, դրանից ոչինչ չի փոխվում՝ ոչ երկրի վիճակը, ոչ համակարգը, ոչ թելադրվող օրակարգերը, ոչ էլ նույնիսկ մենք…

Քրիստինա Մկրտչյան

Դիտվել է՝