Լեհական պատմությունները Գյումրիում

новый коллаж

Ըստ պատմական վկայությունների՝ լեհերը Հայաստանում բնակություն են հաստատել դեռևս 1850-ականներից: Նրանց միգրացիան դեպի Անդրկովկաս կապվում է պատմական մի քանի փաստերի ՝ ցարական Ռուսաստանի բանակի կազմում ծառայելու, ինչպես նաև Սիբիր և Ղազախստան արտաքսվելու հետ http://www.rodacynasyberii.pl/ rodacy _numery/2006/41/109/: Լեհ զինվորականներից շատերը հենց այդ ժամանակահատվածում են տեղափոխվել Հայաստան՝ այստեղ ընտանիք կազմելով: Լեհական համայնքը Գյումրիում այնքան էլ մեծ չէ, բայց նրա անդամները շատ արագ են մերվել, ընդունել և սիրել հայկականն ու «գյումրիականը»:

Սիրել Գյումրին, նշանակում է՝ դառնալ գյումրեցի

 Աննա Տոմաշևիչ

Աննա Տոմաշևիչ

Լեհ Յուզեֆա Տոմաշևիչի և վրացի Գեորգի Յախնիշվիլի դուստր Աննա Տոմաշևիչին բախտ վիճակվեց ամուսնանալ գյումրեցի Համլետ Հարությունյանի հետ: Գյումրի նա հարս եկավ Վիլնյուսից, որտեղ ծնվել էր, կրթություն ստացել և սիրահարվել իր ապագա ամուսնուն: Ցավոք, ամուսինը զոհվեց արցախյան հերոսամարտում: Աննա Տոմաշևիչը, որը լեհերենից բացի չէր տիրապետում ոչ ռուսերենին, ոչ էլ հայերենին, գյումրեցիների մեծ ընտանիքում անձկություն և կաշկանդվածություն չի զգացել: Աննայի դուստրը՝ Լեյլին, մեզ պատմեց, թե ովքեր են եղել նրա մայրիկի հայոց լեզվի «ուսուցիչները»: «Ես չորս հորաքույր ունեմ, և ամեն մեկը մի բառ սովորեցրել է մայրիկիս: Իսկ երբ նա ինչ-որ բառ կամ արտահայտություն սխալ էր արտասանում, ապա բոլորը միասին ծիծաղում էին: Հիմա մայրս, ճիշտ է, չի գրում ու կարդում հայերեն, բայց շատ լավ խոսում է, ավելին՝ Գյումրու բարբառով»,- նշում է Լեյլին: Նա նաև հիշում է, որ եղբայրը, շուրջ 4 տարի բնակվելով Լիտվայում, չի կարողացել խոսել մայրենիով: «Գյումրիում ասում էին՝ ընտանիքի տղա՞ն էլ աներանց լեզվող խոսի: Հետո ամեն ինչ կարգավորվեց, եղբայրս էլ սովորեց մեր լեզուն»:

Այս ընտանիքում հայկականին զուգահեռ պահպանվել են նաև լեհական ավանդույթները: Սուրբ Ծննդյան տոնը նշում են ինչպես դեկտեմբերի 25-ին, այնպես էլ հունվարի 6-ին:

Լեյլի Սարգսյան

Լեյլի Սարգսյան

«Տատիկս սովորեցնում էր մեզ քնելուց առաջ խաչակնքվել: Ես էլ մինչև հիմա իրենց նման՝ 5 մատներս հավաքած եմ խաչակնքվում: Ինչ մնում է ազգային ճաշատեսակներին, ապա մայրս միշտ պատրաստում էր «կլեցկի» (Kluski) կոչվող ուտեստը, լեհական բլիթներ և ապուրներ: Ես էլ հիմա դրանք պատրաստում եմ իմ երեխաների համար: Սրան զուգահեռ մեր՝ հայկական ավանդույթները, որոնք շատ ավելի խիստ են և պահպանողական, շատ եմ սիրում»,- ասում է Լեյլին:

Աննա Տոմաշևիչը տևական ժամանակ աշխատել է Գյումրու զինկոմիսարիատում՝ որպես հաշվառման տեսուչ: Լենինական-Գյումրին նրա երկրորդ՝ փոքր հայրենիքն է:

1988թ. երկրաշարժի ծանր օրերին Աննա Տոմաշևիչը չլքեց իրեն որպես դուստր ընդունած Գյումրին: «Երկրաշարժի ժամանակ, երբ մեր շենքը փլվեց, մենք մնացինք այստեղ՝ բնակություն հաստատելով տատիկիս տանը: Շատերն այդ օրերին գնում էին պանսիոնատներ, հանգստյան տներ, բայց մայրիկս մնաց Գյումրիում մինչև վերջ: Մեր հարազատները զանգում, ասում էին՝ «ո՞վ է տեսել, որ մարդը տուն չունենա, մնա անօթևան ու չգնա այնտեղ, ուր ամեն ինչ կա: Մեզ մոտ ամեն ինչ կա, ու դուք չե՞ք գալիս»: Մայրիկս պատասխանում էր. «Ես այստեղ շրջապատ, ընկերներ, աշխատանք ունեմ: Այստեղ հանգիստ ու լավ է»: «Ու այսպես, նա չբացակայեց Գյումրուց, մենք էլ իր հետ մնացինք»,- ասում է տիկին Աննայի դուստրը:

Հիմա տիկին Աննան փոքր-ինչ վատառողջ է: Հաճախ է հիշում իր ծննդավայր Վիլնյուսը: Ցանկություն ունի լինել նաև հայրիկի հայրենիքում՝ Լեհաստանում: Մեր զրույցի ավարտին մեզ միացավ Լեյլիի սկեսուրը՝ տիկին Լեյլի Սարգսյանը: Նա շեշտեց, որ Լեհաստանի դեսպանության, լեհական համայնքի, այդ թվում՝ «Պոլոնիա Գյումրի»-ի ներկայացուցիչները, հոգածության տակ են պահում համայնքի անդամներին, տեղյակ են բոլորի խնդիրներից, կարողությունների չափով օժանդակում են: Նման վերաբերմունքը մշտարթուն է պահում հայրենիքի մասին հիշողությունները և օգնում պահպանել ազգային ինքնությունը:

Թասիբով հայն ու լեհը տուն սարքեցին Գյումրիում

Յադվիգա Բարտոշևիչ-Մինասյան

Յադվիգա Բարտոշևիչ-Մինասյան

Յադվիգա Բարտոշևիչ-Մինասյանը Բելառուսից Գյումրի է եկել 1965 թվականին: Ամուսնու հետ ծանոթացել է Գրոդնոյում՝ բանակում նրա ծառայության ընթացքում: «Ջահել էի, խելքս կերավ»,- նուրբ հումորով կատակում է տիկին Յադվիգան: «Երբեք չէի պատկերացնի, որ կապրեմ Հայաստանում: Սկզբում շատ բարդ էր, որովհետև ամուսինս թարգմանչի դեր էր տանում իմ և իր ընտանիքի անդամների միջև: Սովորեցի հայերեն: Բայց ոնց, գիտե՞ք: Երբ փոստատարը թերթերն էր բերում, ես սկսում էի մեկ առ մեկ ուսումնասիրել հայկական տառերը: Սովորում էի, ինչպես կարող էի: Հիմա կարդում եմ հայերեն, հեռուստատեսային հաղորդումներ նայում: Օգնեցին թերթերը»,- հպարտորեն նշում է տիկին Յադվիգան:

Ընդունելով, իսկ հետագայում նաև ընդօրինակելով Գյումրու վարքն ու բարքը՝ երիտասարդ ամուսիններին հաջողվում է օջախ ստեղծել, տուն կառուցել Գյումրիում: «Էս տունը առել ենք մեր աշխատանքով, թասիբի ընգանք, տուն ու տեղ ստեղծեցինք»,- Գյումրվա բարբառով պատմում է տիկին Յադվիգան:

Լինելով Գրոդնոյի առևտրի տեխնիկումի շրջանավարտ՝ նա 1976 թվականին աշխատանքի է անցում Լենինականի քաղկոմի ճաշարանում՝ որպես վարիչ: «Ասացին՝ մեզ ավարտած մարդիկ են պետք: Ինձ հաճույքով ընդունեցին և գոհ մնացին իմ աշխատանքից: Մեզ այստեղ սիրեցին և հարգեցին: Ես էլ Գյումրին շատ սիրեցի»,- անկեղծանում է Յադվիգա Բարտոշևիչ-Մինասյանը:

Յադվիգան չի տեսել լեհ հորը, ով զոհվել է Երկրորդ համաշխարհային պատերազմում: Մայրը՝ Ստեֆանիան, ինչպես ասում են, միայնակ է «բարձրացրել» ընտանիքը: Մինչ 1988թ. երկրաշարժը մի քանի անգամ եղել է Գյումրիում՝ հյուրընկալվել դստեր ընտանիքում:

Միասին կրած դժբախտությունները, տառապանքները առավել մերձեցնում են մարդկանց: Ինչպես բոլոր գյումրեցիները, տիկին Յադվիգան ևս չի կարող առանց հուզմունքի հիշել 88-ի ահասարսուռ օրերը: Իրենց ընտանիքը ևս կրել է մարդկային կորստի ցավը: Երկրաշարժի վերքը սպիացողներից չէ: Գյումրիում ոչ մի զրույց ու խոսակցություն չի կարող ծավալվել առանց վշտի այդ օրերի ծանր հիշողության: Մեզ էլ դա չհաջողվեց:

Ուր էլ ապրես, որ տարիքում էլ լինես, հայրենիքը միշտ կանչելու է քեզ: Յադվիգա Բարտոշևիչը տևական ժամանակ չի եղել իր հայրենիքում: Շատ է կարոտում մաքուր ու գեղեցիկ Գրոդնոն: «Որ գնացքով մոտենում էինք քաղաքին, ոնց որ մի լույս բացվեր»,- հիշում է նա:

Մեկ սիրտ, երկու հայրենիք. այս գաղափարն է միացնում, մերձեցնում, ջերմացնում ու ապրելու ուժ տալիս հայրենիքից հեռու, բայց երկրորդ հայրենիքը Հայաստանում գտած լեհերին:

Լիլիթ Աղեկյան

Դիտվել է՝